Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարտիրոսյանի հնարավոր առողջական խնդիրների մասին ՊԵԿ-ը պաշտոնական տեղեկություն չունի

Ապրիլ 13,2019 22:21

«Վարչապետը պետք է որոշի՝ դա հիմք հանդիսանո՞ւմ է աշխատակցի հանդեպ մոտեցումը վերանայելու համար, եւ ինչ ձեւաչափով պետք է վերանայի այն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ըստ իր աղբյուրի տեղեկության՝ «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցը, որն «իր դիմումի համաձայն» աշխատանքից ազատվել էր, ողնաշարի խնդիրներ է ունեցել. «Ավտոմեքենաների մաքսազերծման՝ Նորագավիթում գտնվող կետում իր աշխատանքից հեռացվեց Հայկ Մարտիրոսյանը, ով թափթփված կեցվածքով էր դիմավորել երկրի վարչապետին: Անկեղծ ասած, առաջին տպավորությունս այդ դրվագից այն էր, որ իրոք այս ծառայողը չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին եւ կարող է եւ հեռացվել (այլ բան է, թե ում կողմից եւ ինչ ընթացակարգով): Դրոշի հետ կապված դրվագը եկավ ընդամենը ամրապնդելու այդ՝ արդեն ձեւավորված կարծիքս:

Սակայն այսօր իմացա մի բան, որը, եթե ճիշտ է (իսկ աղբյուրս չեմ կարծում պատճառ ունի ինձ սխալ տեղեկություն տալու), արմատապես փոխում է իրավիճակը եւ կարող է հիմք դառնալ այդ հեռացման որոշման վերանայման համար, եթե անգամ այն եղել է «սեփական դիմումի համաձայն»:

Ինձ հայտնեցին, որ Ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետի (որտեղ նա սովորում էր) մի նեղ շրջանակ, տեղյակ է եղել, որ Հայկ Մարտիրոսյանը առնվազն այդ տարիներին ողնաշարի խնդիր է ունեցել, որի արդյունքում մեկ ուսը մյուսից ցածր է եղել եւ նա ստիպված է եղել դասերի հաճախել ռետինե հատուկ ամրակներով՝ ուսին եւ ողնաշարին հագած, որոնք ինչ-որ կերպ թույլ են տվել նրան շատ-թե քիչ աշխատունակ կեցվածք պահպանել:

Չգիտեմ որքանով եմ ճիշտ վարվում, որ հրապարակում եմ Հայկ Մարտիրոսյանի առողջությանը վերաբերող մի տեղեկատվություն, որն ինքը չի ուզել հրապարակի անգամ աշխատանքը կորցնելու վտանգի ներքո՝ արդարանալու համար: Հեռակա ներողությունում եմ խնդրում Հայկից դրա համար: Համենայնդեպս, իմ աղբյուրը չի կարողացել կապ հաստատել իր հետ, քանի որ նա անջատել է հեռախոսը եւ չի պատասխանում լրագրողների, իրավապաշտպանների եւ որեւէ մեկի հարցերին: Սակայն, սա մի բան է, որի չհրապարակելն էլ կնշանակեր ոտնահարված արդարություն եւ չիրացված արդարադատություն: Այսպիսով, սա կարեւոր է իմանալ նախեւառաջ Նիկոլ Փաշինյանին՝ որպես իր որոշումը վերանայելու հիմք:

Ի դեպ, այն որ Հայկը չի բարձրաձայնում այս հանգամանքը միայն դրական է խոսում իր մարդկային արժանիքների մասին»:

Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանին նկատողություն էր արել կեցվածքի եւ դրոշի անխնամ վիճակի մասին եւ նրան աշխատանքից հեռացնելու հրահանգ տվել: Իրավապաշտպանները հայտարարել էին, որ վարչապետը նման լիազորություն չունի: Աշխատակիցն էր իր հերթին մեկնաբանել էր, թե ինչու էր դրոշը հայտնվել գետնին:

Aravot.am-ի հետ զրույցում Պետեկամուտների կոմիտեի մամուլի խոսնակ  Լուսինե Մկրտչյանը նշեց, որ Հայկ Մարտիրոսյանի հնարավոր առողջական խնդիրների մասին պաշտոնական տեղեկություններ չկան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930