Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառակերությունը որպես ուղիղ ճանապարհ (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Ապրիլ 13,2019 21:25

Մենք շարունակ կառուցում ենք այն երկիրը, որը չի կառուցվում բնավ:

Սակայն՝ կառուցում ենք:

Մեզանում առանձնահատուկ ներկայություն ունի հրաշքը, որ խիստ կենցաղային դրսևորումներ ունի որոշ ժամանակից ի վեր: Օրինակ՝ ոմն տղամարդ, հայտնի չի թե ինչ ճանապարհներով, հասել էր խորհրդարան: Բայց սա դեռ ոչինչ: Չգիտեմ, թե սույն քաղաքացին ո՛ր հեքիաթից էր ճողոպրել, բայց նա կնոջ կերպարանք ստացավ ամբիոնին մոտենալուն պես: Հետը բերել էր սափրվելու պարագաներ, կանանց միամսյակը հիշեցնող բացիկ, բանակի համազգեստն ու պատառոտված մի սավան, որ թափահարում էր իբրև կուսության ցուցիչ և փորձում էր գոնե մոտավորապես հաստատել ժամկետանց իր կուսությունը, այն էլ՝ խորհրդարանի բարձր ամբիոնից:

Աչքերը մորից էին, քիթն ու մնացածը՝ բժիշկ Հիպոկրատ Գուրգենյանից:

– Մենք տեսանք,-բղավում էին որոշ ականատեսներ՝ Կույրերի միավորումից,- հենց այդ տղամարդը ամբիոն բարձրացավ, երկնքում անսեռ հրեշտակ հայտնվեց:

– Ի՞նչ եք հիմար-հիմար դուրս տալիս,- վրդովվում էին բաստուրմայի վրա չաման քսողները,- ոչ մի հրեշտակ էլ չկար, բոլորը մերոնք էին, թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա:

Ես չեմ կարող վստահորեն պնդել, բայց որոշ հավաստի աղբյուրներ վկայում են, որ ճիշտ այն պահին, երբ վերոնշյալ տղամարդը կին էր դառնում խորհրդարանի բարձր ամբիոնի մոտ, ոմն Տեր Հայր խելագարվել ու փախել էր եկեղեցուց, ընդ որում՝ Տերը մնացել էր եկեղեցու պատերի տակ, իսկ Հայրը չոլերն էր ընկել՝ լոռեցի Սաքոյին հետևելով: Հենց այստեղ կարող ենք անցում կատարել, քանզի լավագույն հրաշքները դեռ առջևում են: Մեր երկրում կան մարդիկ, ովքեր Պետրոս առաքյալի պես են ազատվում բանտերից: Ո՛չ դատ կա, ո՛չ դատաստան: Ընդ որում, ինչքան ծանր է հանցանքը, այնքան արագ է կայանում հանցագործին բանտից ազատելու որոշումը: Սակայն չենք զարմանում այլևս, քանզի սա մի երկիր է, որտեղ ազատազրկումն ուղիղ գծով տանում է դեպի ազատություն:

– Մենք երազում էինք նման երկիր ունենալու մասին: Աշխարհում ամենաանպետք ու ամենաանիմաստ մեր անձնագիրը որևէ այլ բան չի հարուցում՝ հպարտության հիվանդությունից բացի: Սա թավշյա շապիկով, ոչ բռնի անձնագիր է: Երանի՜, երանի՜ մեզ..

Այս պաթետիկ խոսքերը շուտով կգրվեն ՄԱԿ-ի սևագրություններում, բայց այդ հաչոցների հեղինակները ցանկացան անհայտ մնալ: Հետո փողոցում ծեծկռտուք սկսվեց, որովհետև բոլոր անհայտները հիմա ամենահայտնիներն են մեզանում, և նրանք կայացնում են այնպիսի որոշումներ, որոնցից մարդն, ամենաքիչը, փշաքաղվում է: Քաշքշուքը հրահրել էին մտավորական, գիտությամբ  զբաղվող և մշակույթ արարող ամենաանպետք մարդիկ, որոնց հետո՛ կգնդակահարեն: Սա կլինի այն բանից հետո, երբ երկու տղամարդ կին կիջնեն Պառնասի աստիճաններով, կմերկանան՝ փառաց դափնիներ ընդունելու համար, ու կզկրտան որոշումներ, որոնք ոչ ոք չի կայացրել: Ամեն բառի տակ կոդ կա, սիրելի ժողովուրդ, խնդրում եմ ուշադիր եղեք:

Ես գիտեմ, որ դուք ամենայն անհամբերությամբ եք կարդում բարձրարժեք այս գիրը՝ սրտատրոփ սպասելով հաջորդ հրաշքին: Անմիջապես ասեմ, որ հաջորդը չտեսնված անակնկալ կարող է լինել, քանզի գրանցված է ռեկորդների գրքում (Գինես):

Քանի որ կաշառքն արմատախիլ անելը անիմաստ զբաղմունք է, աբորիգենների հանրապետության նախագահը հետևյալ հրամանն արձակեց.

– Սիրելի ազգ, ցեղ, ժողովո՛ւրդ: Այսօր լավ ոտքի վրա եմ վեր կացել: Ուստի ուզում եմ մի լավ հրաման արձակել: Քանի որ կաշառք առաջարկելը շատ օգտակար զբաղմունք է, իսկ կաշառք ընդունելը՝ շատ հաճելի, հրամայում եմ: Այսուհետև ՀՀ (աբորիգենների) յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն զանգահարել իր սրտի ուզած պաշտոնյային և կարող է սրտի ուզած կաշառքն առաջարկել՝ ամենայն ազատությամբ և առանց ամաչելու: Բարին ընդ ձեզ, սիրելի ազգ, ցեղ, ժողովո՛ւրդ:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930