Լրահոս
Օրվա լրահոսը

Զարթոնքի գյուղապետը կխոսի երկուշաբթի. «Չարաշահում լինի՝ ես պատասխան կտամ»

Ապրիլ 13,2019 15:29

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանն իր հրաժարականի մասին տեղեկություններ չի հայտնում: Այսօր ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ առանձնազրույցից հետո նա լրագրողներին հայտնեց, որ երկուշաբթի իր ասելիքը կասի՝ հայտարարության տեսքով: Հիշեցնենք, որ այսօր գյուղապետի կողմնակիցների եւ նրա հրաժարականը պահանջողների միջեւ վեճ է եղել, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ: Գյուղացիները պահանջում են Պարույր Սարգսյանի հրաժարականը:

Ավելի վաղ Զարթոնք այցելած Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում համայնքապետարանում չարաշահումներ են հայտնաբերվել. տեղեկանքը երկուշաբթի կլինի դատախազությունում: Այս առնչությամբ գյուղապետ Սարգսյանը նշեց. «Ես չեմ ասել՝ «վստահ եմ, որ չարաշահում չկա»: Ասում եմ՝ «լինի՝ ես պատասխան կտամ»: Լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ գյուղացիները հիմա են պատասխան պահանջում, գյուղապետը պնդեց, որ կլռի մինչեւ երկուշաբթի:

ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քարամյանն էլ հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ միայն հետեւյալը հայտնեց. «Արձանագրել ենք առերեւույթ հանցագործության մասին վկայող հանգամանքներ: Ամենայն հավանականությամբ՝ դրանք երկուշաբթի կստանան համապատասխան ընթացք: Ավելի արդյունավետ քննության նկատառումից ելնելով՝ այլ մանրամասներ հիմա չեմ կարող ասել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930