Վայոց ձորի Հերհեր գյուղի բնակիչ Արտյոմ Վարդազարյանը մեկ տարուց մի փոքր ավելի է, ինչ վերադարձել է ՌԴ-ից` լսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ գյուղատնտեսությանը եւ անասնապահությանը պետք է զարգացման հնարավորություններ տալ:
Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ խոզեր է գնել, տնտեսություն ստեղծել, 14 տոկոսով վարկ է վերցրել այդ ամենի համար` 1 միլիոն 200 հազար դրամ: Հիմա խոզերը մեծացել են, մայրացել, պետք է ծնեն` հինգ մայր խոզերը 40-50 ձագ են տալու: Բայց կերի խնդիր է առաջացել, գոմը պետք է վերանորոգվի:
«Մի կողմից կառավարությունը հայտարարում է գյուղատնտեսությանն օժանդակելու, խրախուսելու մասին, մյուս կողմից էլ կառավարության ուղղորդած բանկերը հրաժարվում են ցածր տոկոսներով վարկեր տալ»,- այսօր դժգոհեց Արտյոմ Վարդազարյանը: Այս ընթացքում ինքն այլոց հետ մասնակցել է ՓՄՁ ձեռնարկությունների զարգացման հիմնադրամի կողմից տրամադրվող ցածր տոկոսադրույքներով վարկերի ծրագրին:
Այս ծրագիրը ներդրվել էր վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: Վարկային ծրագրի համար նախատեսված եռօրյա դասընթացներին մասնակցել են, հավաստագիր են ստացել, համապատասխան ծրագիրը ներկայացրել են, հավանության է արժանացել: Ծրագրի հաստատված գրաֆիկով վարկի առաջին մասը պետք է տրամադրվի նոյեմբեր ամսին: Գյուղացին դժգոհ է, իրեն հիմա է պետք:
Կարդացեք նաև
Բանկում առաջարկում են գոջիները վաճառել եւ կեր գնել կամ էլ 15 տոկոսով առեւտրային վարկ վերցնել: Բայց դա արդեն զարգացման հնարավորություն չի թողնելու, այլ գոյատեւման է տանելու: «Ստերով, խաբեբայություններով ենք տառապում: Գյուղացին չի կարող բարգավաճի, որովհետեւ բանկերն ուրիշ թեմաներ են բացում: Պարոն Փաշինյան, ես խնդրում եմ ձեզ`ուշադրություն դարձնել գյուղացիների վրա: Մեծ տրիբունայից ասում էիք` գյուղացին էս պիտի անի, էն պիտի անի, պետք է ստեղծի: Բայց գյուղացին ձեռքը գրպանը ման է գալիս, գումար չկա»,- ասում է բանախոսը` մտահոգվելով, որ թավշյա հեղափոխությունից հետո իր ուրախությունը դառնում է դառնություն, որովհետեւ նորից ստիպված է լինելու վերադառնալ ՌԴ: Ի դեպ, բազմանդամ ընտանիքի մի մասը դեռ Սանկտ-Պետերբուրգում է:
Վարչապետի խոսքերն է կրկնում`գյուղացին պետք է ապրի, քաղաքացուն էլ պահի ու հայտարարում, որ «չկա էդ հնարավորությունը»:
Իր հորեղբոր տղան Վաչիկ Վարդազարյանն է, նույն խնդիրն ունի. կաթի արտադրություն է ուզում հիմնել, ֆերմաներ արդեն ունի: Երաշխավորներ կան, այն էլ`«պուզատի», գրավն էլ` երկու հարկանի «ասաբնյակ», «Գազպրոմ Արմենիայում» էլ աշխատում է, բայց բիզնես զարգացնել չի կարողանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ