Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը բացահայտվել է

Ապրիլ 13,2019 14:41

Ապրիլի 7-ին ոստիկանության Թումանյանի բաժնում սպանության դեպք գրանցվեց: Կատարվածը սահմռկեցուցիչ էր. 44-ամյա տղամարդուն ոչ միայն դանակով սպանել էին, այլև հետքերը թաքցնելու համար բենզինով այրել: Այս ամենը պարզվեց հետո: Իսկ մինչ այդ, ապրիլի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի տղամարդուց հաղորդում ստացվեց, որ նախորդ օրը, ժամը 16.30-ին, եղբայրը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել: Անհետ կորածի վերաբերյալ կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության բոլոր ստորաբաժնումներին:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր ու Լոռու մարզային վարչությունների, Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողները ձեռնարկեցին համատեղ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հայտնի էին կորած տղամարդու արտաքին տվյալները, «Մերսեդեսի» գույնն ու համարանիշը:

Համապատասխան ցուցումներ տրվեցին տարածքային բաժինների քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին և համայնքային ոստիկաններին:
Համալիր որոնողական աշխատանքների շնորհիվ ապրիլի 7-ին, Աքորի բնակավայրի սկզբնամասում իրավապահները հայտնաբերեցին Սարդարյանի «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան: Պարզվեց, որ այն վարում է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Կիրակոսյանը: Մեքենայում կային արյան հետքեր: Սպանություն կատարելու կասկածանքնով Կիրակոսյանը «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ էլ խոստովանեց կատարածը:

Ըստ նախնական տվյալների` ապրիլի 4-ին Կամո Կիրակոսյանը Երևանում նստել էր Արսեն Սարդարյանի «Մերսեդես» տաքսին և պատվիրել, որ տանի Վանաձոր: Ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի սկզբնամասում գումարային հարցերի շուրջ վիճել էին իրար հետ, այդ ընթացքում Կիրակոսյանը Սարդարյանի ձեռքից խլելով դանակը՝ մի քանի անգամ հարվածել էր նրա գլխին և սպանել:
Իսկ թե ինչ էր արել մարմինը` քննչական փորձարարության ժամանակ անձամբ ցուց տվեց:

Սպանությունից հետո նա դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխել էր Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի տարածքում գտնվող «Դսևանք» կոչվող տեղանք: Գիշերով, գետի մոտ, աղբյուրից ոչ հեռու, բենզինով այրել էր, կիսայրված դիակը նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, սավանի մեջ փաթաթված, տեղափոխել Աքորի բնակավայրի «Տափի Դուզ» կոչվող տեղանք, ծածկել հողով ու չորացած տերևներով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կամո Կիրակոսյանը ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը օբյեկտիվ և բազմակողմանի քննելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930