Արմավիրի մարզի Զարթոնք գյուղ է ժամանել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ իրավիճակին ծանոթանալու: Հիշեցնենք, որ այսօր գյուղապետի կողմնակիցների եւ նրա հրաժարականը պահանջողների միջեւ վեճ է եղել, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ: Գյուղացիները պահանջում են համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: «Միջանձնային հարցերով իրավիճակը չպետք է լարվի: Գյուղն իր բնականոն կյանքով պետք է ապրի, ոչ թե նման միջադեպերի ականատես լինի»,-հայտարարեց Դավիթ Սանասարյանը:
Գյուղապետի հրաժարականը պահանջող գյուղացիների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց. «Դուք դիմել էիք ՊՎԾ, մենք էլ արձագանքել էինք եւ ուսումնասիրություններ սկսել գյուղում: Հայտնաբերել ենք չարաշահումներ: Տեղեկանքն ուղարկել ենք դատախազություն: Երկուշաբթի այն կլինի դատախազությունում»: Գյուղացիները բղավեցին, որ համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը պետք է հրաժարական կա, ինչին ի պատասխան Դավիթ Սանասարյանը հորդորեց. «Ձեր գյուղն է, պետք է պահանջներ առաջադրեք, բայց ոստիկանությունից մի պահանջեք գյուղապետի հրաժարական: Ոստիկանությունն իրեն վերապահված գործողություններն իրականացնում է, խնդիրն ուշադրության կենտրոնում է»:
«Ամեն ինչի ընդունակ են, բոլորի տները զենք կա, ում կուզեն՝ կտրորեն-կացնեն»,-վրդովված բղավեց տղամարդկանցից մեկը: Դավիթ Սանասարյանը շեշտեց, որ արյունահեղությամբ խնդիր չեն լուծում. «Ով սխալ է, պետք է պատասխան տա՝ իրավական հարթության վրա: Սադրանքների մի տրվեք, մենք խորությամբ տեղյակ ենք խնդրից»: Հիշեցնենք, որ Պարույր Սարգսյանը գյուղացիների մեղադրանքները շինծու է համարում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ