Ermenihaber.am – Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև:
Ֆրանսիայի ներկայացուցիչը իր ելույթում նշել էր, որ իր համար շոկային են եղել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի՝ Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի հասցեին հնչեցրած մեղադրական խոսքերը:
Շենթոփն ասել էր, թե Ֆրանսիայի նախագահի որոշումն անտեսում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումները և սահմանափակում է Ֆրանսիայի քաղաքացիների խոսքի ազատությունը:
Ավելի ուշ ելույթ ունեցած, Չավուշօղլու Ֆրանսիային մեղադրել էր այլ երկրներին նսեմացնելու, իշխելու և քննադատելու մեջ։
Կարդացեք նաև
Չավուշօղլուն, հիշատակելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը հիշատակի օր սահմանելու որոշումը, նշել է, որ դա հակասում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումներին:
Թուրքիայի արտգործնախարարը նաև պնդել է, որ «ցեղասպանության և առհասարակ պատմության հարցում Ֆրանսիան վերջին երկիրն է, որ կարող է դասեր տալ Թուրքիային, քանի Ռուանդայում և Ալժիրում կատարվածները բոլորը շատ լավ հիշում են»:
Չավուշօղլուի այս հայտարարություններից հետո Ֆրանսիայի ներկայացուցիչը, ի նշան բողոքի, լքել է դահլիճը: