Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Գյոզալյան․ «Անցումային արդարադատությունը չպետք է փոխարինի մեր դատական համակարգին»․ «Ժամանակ»

Ապրիլ 13,2019 12:46

«Օր առաջ պետք է սկսենք անցումային արդարադատության գործընթացը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Նրա խոսքերով՝ մոտ օրերս կլինեն նաև լսումներ, որոնց մասին նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահն է հայտարարել։ Լսումներից հետո արդեն կձևավորվի աշխատանքային խումբ և կսկսվի գործընթացը։ «Այսինքն՝ կհաստատվի հայեցակարգը, որի հիման վրա ԱԺ-ն կաշխատի անցումային արդարադատության վրա։ Դրա արդյունքում կիրականացվեն որոշակի փոփոխություններ համապատասխան օրենքներում»,- ասել էր իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ դրա արդյունքում մոտ ապագայում կունենանք հասարակության վստահությունը վայելող դատական իշխանություն։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանի խոսքերով, սակայն, նման հայտարարություններ անելը դեռ վաղ է, քանի որ չկա անցումային արդարադատության հայեցակարգը, պարզ չէ, թե ներկա իշխանությունները որ երկրի փորձն են ուսումնասիրել, որ երկրի փորձն է ներդրվելու։ «Անցումային արդարադատությունը տարբեր երկրներում տարբեր դրսևորումներ է ունեցել։ Պետք է իմանալ, թե որ երկրի փորձն է որդեգրվել։ Ամեն դեպքում անցումային արդարադատության ներդրման մասով իմ մտահոգությունները պայմանավորված են իշխանական պատգամավորների հնչեցրած մտքերով, որոնցից շատ բան հասկանալի չէ։ Մի բան ակնհայտ է, այն չպետք է փոխարինի մեր դատական համակարգին, կամ չլինի դատական իշխանության վերադասը, կամ ստորադասը»,- նկատեց փաստաբանը։

Բացի դրանից, Գյոզալյանի խոսքերով, հայտնի չէ, թե ինչ ժամանակահատված է այն ընդգրկելու։ Եթե պարզվի, որ այն չի վերաբերելու, ասենք, 2008 թվականի մարտյան իրադարձություններին հաջորդած ժամանակահատվածին, այլ միայն վերջին տարիներին, ապա ակնհայտ կդառնա, որ անցումային արդարադատությունն ընդամենը քաղաքական գործիք է։ «Ես կարծում եմ, որ պետք է վերանայվեն բոլոր գործերը Մարտի 1-ի մասով, Բյուզանդի դեպքերով գործերը։ Այսօր մենք ունենք բազմաթիվ օրինական ուժի մեջ մտած դատական գործեր, այդ թվում և վարչապետի հետ կապված, և եթե մենք ուզում ենք իրավական պետություն դառնալ, ապա չենք կարող անտեսել այդ գործերը, ասել՝ թող այդ վճիռները մնան օրինական ուժի մեջ, բայց քաղաքական գնահատական հնչեցնել, որ այդ ժամանակ հակաօրինական գործողություններ են եղել։

Անցումային արդարադատություն ասելով՝ ես տեսնում եմ այն գործիքը, որով ոչ միայն քաղաքական հարցեր կարելի է լուծել, այլև գտնել այնպիսի ձևեր, որոնցով կվերանայվեն այդ դատական ակտերը։ Անցումային արդարադատությանը ներդրվելու դեպքում բավական լայն ժամանակահատված պետք է ընդգրկվի։ Հակառակ պարագայում դա կլինի քաղաքական նպատակներով օգտագործվող գործիչ»,- ընդգծեց Գյոզալյանը՝ հավելելով. «Պետք է հասկանանք ժամանակաշրջանը։ Դա Մարտի 1-ի դեպքերին նախորդող ու հաջորդող դեպքերին է վերաբերելո՞ւ, թե՞ առհասարակ 90-ականներից սկսած։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930