Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի այսօրվա բրենդն աստիճանաբար դառնում է անորոշությունը․ «Փաստ»

Ապրիլ 13,2019 12:10
«Փաստի» հյուրն է «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:-Նոր իշխանությունը, կարծես, դժվարանում է ազատվել տարբեր գործընթացներում նախկինների ստվերների հետ կռիվ տալու սովորությունից: Տպավորություն կա նաև, որ բոլորը մեղավոր են՝ իշխանություններից բացի: Ինչի՞ արդյունք է սա:

-Շրջանառության դրված ամենավտանգավոր գաղափարներից մեկը հին ու նոր Հայաստանի գաղափարն է։ Մենք, ցավոք, սրա վտանգավորությունը մինչև վերջ չենք պատկերացնում։ Եթե խնդիր է դրվում թշնամանալ հնին, ապա տրամաբանորեն ամեն ինչ կարելի է բարդել նրա վրա։

Բայց հինը մեր բոլորի ընդհանուր պատմությունն է, մեր բոլորի շատ մեծ հաջողությունները և ձախողումները։ Եվ ցանկացած նոր, ավելի նոր, ամենանոր և այլն, նախորդների պատմությունն է կրում։ Մենք ինչո՞ւ ենք ձգտում լինել մի պետություն, որը չունի պատմություն։ Քանի դեռ իշխանությունը չի արձանագրել կոնկրետ հաջողություններ, չունի կոնկրետ արդյունքներ, քանի դեռ քաղաքացին չի տեսել իր բարեկեցության լավացումը, իշխանություններն անընդհատ կռվելու են նախկին իշխանությունների ստվերի դեմ։

Դա հեշտ է, բայց դա նաև թակարդ է։ Իշխանություններն իրենք մի պահից սկսում են հավատալ, որ դա այդպես է, որ իրենք որևէ մեղք չունեն, որ ամեն ինչ նախկինների մեղքով է, որ իրենք անում են ամեն հնարավորը և այլն։ Սա, իհարկե, չի կարող տանել առաջընթացի։ Պետությունների առաջընթացը լրիվ այլ նախապայմաններ է պահանջում, որոնցից առաջինը ներքին համերաշխությունն է։ Ձեր նկարագրած իրավիճակը ունի երկու լուծում. կա՛մ իշխանությունը կարձանագրի իրական հաջողություններ ու նախկիններին սևացնելու գաղափարը արդեն չի լինի անհրաժեշտություն, կա՛մ հասարակությունը մի օր կարձանագրի, որ չկա առաջընթաց ու կդնի նոր իշխանության պահանջը։

– Հայաստանն այսօր արտաքին լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Ձեզ բավարարո՞ւմ են այն քայլերը, որոնք իշխանություններն անում են այդ ուղղությամբ:

-Ցավում եմ, բայց Հայաստանի այսօրվա բրենդն աստիճանաբար դառնում է անորոշությունը։ Սա սողացող, սահուն պրոցես է, որը գալիս է փոխարինելու ընդամենը մի քանի ամիս առաջ առկա դրական սպասումներին։ Անորոշությունը մտել է մեր հասարակության կենցաղ. ամեն տեղ մարդիկ խոսում են դրա մասին։ Հասարակության բոլոր խավերի մեջ մտել է անորոշության տագնապը։

Ես ցավում եմ, որ դա այդպես է, որովհետև դա չափազանց վատ միտում է։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Կարծում եմ՝ իշխանությունները շատ տրվեցին ելույթներին, երթերին, դատերին, մակերեսային պատկերացումներին։ Անորոշությունները ծնվում են իշխանության անհստակությունից։ Իշխանությունը պետք է լինի գործնական, և այդ դեպքում հանրային այլ տրամադրություններ կգերիշխեն։

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930