Հայաստանի եւ Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի ապրիլի 5-ի համատեղ նիստի ընթացքում հայկական կողմն առաջարկել է «Գազպրոմ» ընկերության հետ հնգամյա համաձայնագիր կնքել՝ գազի սակագնի մասին ամեն տարի թարմացվող պայմանագրի փոխարեն։
«Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում հայկական կողմն առաջարկել է ռուսական կողմին կնքել համաձայնագիր՝ Հայաստան մատակարարվող գազի գնի ձեւավորման կարգի վերաբերյալ, որը հնարավորություն կտա մեզ ունենալ որոշակիություն եւ նաեւ վարել կանխատեսելի սակագնային քաղաքականություն»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը:
Մեր հարցին՝ արդյո՞ք սա իրենից ենթադրում է, որ առաջիկա 5 տարիներին գնային փոփոխություն չի լինի, Մելքոնյանը պատասխանեց. «Այս պահին թերեւս զերծ կմնամ ավելի հստակեցնել, բայց մեր քայլերը եւ աշխատանքները ուղղված են դրան, որպեսզի մենք ունենանք կայուն եւ վստահելի մեխանիզմներ՝ գազի գնի վերաբերյալ»:
Մեր հարցին՝ նիստի ժամանակ եղե՞լ են քննարկումներ առաջիկա տարիներին գազի գնի հնարավոր փոփոխությունների մասով, Մելքոնյանը պատասխանեց. «Նիստի ժամանակ ոչ, բայց առհասարակ քննարկումները, հանդիպումները, բանակցությունները կրում են շարունակական բնույթ եւ մեր նշած հնգամյա ժամկետով համաձայնագիրը նաեւ կլուծի այդ հարցը՝ տարվա կտրվածքով»:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս է արձագանքել «Գազպրոմ»-ը Հայաստանի առաջարկին, Մելքոնյանը պատասխանեց. «Հաշվի առնելով միջկառավարական հանձնաժողովի նիստերի ձեւաչափը, նիստի արդյունքներով ստորագրվող արձանագրությունում ամրագրվում են հանձնարարականներ 2 կողմերին եւ կողմերը նիստի ավարտից հետո հետամուտ են լինում դրա կատարմանը»:
Մեր հարցին, թե ի՞նչ է տալու այս համաձայնագիրը Հայաստանին, Մելքոնյանը պատասխանեց. «Բնականաբար էներգակիրների գների կայունությունը կարեւոր նշանակություն ունի ընդհանուր տնտեսության զարգացման համատեքստում եւ բնականաբար նաեւ ներդրողների համար, ներդրումային ծրագրերի համար գազի գնի կանխատեսելիությունը ամուր հիմք կստեղծի իրենց բիզնես գործունեության ծավալման եւ զարգացման նպատակով»:
Դիտարկմանը, որ սրան զուգահեռ նաեւ հաճախ սոցցանցերում տեղեկություններ են տարածում, թե շուտով գազի գինը կթանկանա, Մելքոնյանն արձագանքեց. «Այս պահին, որեւէ նման հիմք չկա ասելու եւ նորից եմ կրկնում՝ մեր բոլոր քայլերն ուղղված են, որպեսզի նվազի Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը»:
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում