Սերժ Սարգսյանի արձանագրած «արդյունքը» բոլորս ենք տեսել։ Սկզբում նա «ասոցացվում էր» Եվրամիության հետ, ու Ռուսաստանը, որին դա դուր չէր գալիս, միլիարդավոր դոլարների սպառազինություն վաճառեց Ադրբեջանին, հետո նա «փոշմանեց» ու մտավ ԵԱՏՄ, բայց արդեն ուշ էր, եւ արդյունքը եղավ ապրիլյան պատերազմը (որին, ի դեպ նպաստել էր նաեւ ԵԽԽՎ ընդունած պրոադրբեջանական բանաձեւը՝ նրանց էլ Սերժ Սարգսյանի «փոշմանելը» դուր չէր եկել)։
Իսկ ի՞նչ են անում Հայաստանի այսօրվա իշխանությունները։ Պարզապես փորձում են բարձրացնել մեր ինքնիշխանության մակարդակը։ Ընդ որում՝ հասկանալով, որ արտաքին բեւեռներից որեւէ մեկին դա դուր չի գալու, որովհետեւ այդ բեւեռներից յուրաքանչյուրը փորձում է ոչ թե պարզապես նվազեցնել մյուս բեւեռի ազդեցությունը Հայաստանի վրա, այլ դրա փոխարեն մեծացնել ի՛ր ազդեցությունը՝ առանց մեկ միլիմետր բարձրացնելու Հայաստանի ինքնիշխանության մակարդակը։
Տեսեք՝ Հայաստանի իշխանություններին դուր չեն գալիս ռուսական լրատվամիջոցների արձագանքները Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, որովհետեւ ռուսական կողմն ակնհայտորեն փորձում է դա օգտագործել որպես առիթ՝ Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդելու նպատակով։ Բայց իշխանությունները բավականին կոշտ են արձագանքում նաեւ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների դեսպանների հայտարարությանը՝ կոչ անելով առավել հարգանք ցուցաբերել մեր հասարակության հանդեպ եւ անհարկի չուղղորդել հանրային քննարկումները։ Պարզ ասած, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի դեպքում մեր դիրքորոշումը նույնն է՝ «մեր գործերին շատ մի խառնվեք»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում