Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր իշխանությունները քայլ առ քայլ կրկնում են իրենց հոգեւոր հայրերի` ՀՀՇ-ի սխալները․ «Ազգ»

Ապրիլ 13,2019 10:40

Հայաստանյան իրականության մեջ վերջին անգամ տնտեսական կոլապս եղել էր անցած դարի 90-ականներին, երբ իշխանության եկած ՀՀՇ-ն, հանձին իր ղեկավարության, մի քանի տարիների ընթացքում ոչնչացրեց Խորհրդային Հայաստանից ժառանգություն ստացած տնտեսական ու արդյունաբերական ամբողջ համալիրը: Նկատենք, որ ոչնչացման այդ գործընթացի հիմնական պատճառը կառավարման խորհրդային ինստիտուտների ոչնչացումն էր, երբ հայտարարվում էր, որ նախորդ ամեն ինչը վատ է, եւ որ մենք ամեն ինչ կսկսենք նոր էջից, կամ ինչպես այսօրվա իշխանություններն են սիրում ասել՝ նոր կետից:

Անցած դարի 90-ականներին Հայաստանում սկսված տնտեսական, էներգետիկ, պարենային եւ այլ տիպի ճգնաժամերի պատճառը կառավարման ունակությունների ու գիտելիքների պակասն էր: Այս իրավիճակը է՛լ ավելի էր խորանում, երբ կառավարիչների անփորձությանը գումարվում էր կառավարման ինստիտուտների զանգվածային ոչնչացումը:

Այսպես կոչված մթի ու ցրտի տարիները, ալյուրի ու, որպես հետեւանք, հացի բացակայությունը, դրանց ներմուծման ու արտադրության կազմակերպման անընդունակությունը հետեւանք էր իշխանության եկած ՀՀՇ-ականների կառավարման անընդունակության: Այդ իրավիճակը էլ ավելի էր խորանում, քանի որ աշխատանքից զանգվածաբար հեռացվում էին ունակ կադրերը եւ փակվում էին կառավարման ճգնաժամից դուրս գալու լուծումներ գտնելու ընդունակ ինստիտուտները:

Եթե համեմատենք այն ամենը, ինչ Հայաստանում տեղի ունեցավ անցած դարի 90-ականներին, ապա պարզ է դառնում, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց նոր իշխանությունները քայլ առ քայլ կրկնում են իրենց հոգեւոր հայրերի` ՀՀՇ-ի սխալները: Կառավարման այսպես կոչված օպտիմալացման արդյունքում փաստորեն դադարեց գործել հինգ նախարարություն, որոնցից երկուսը՝ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական ռեսուրների նախարարությունները միասին ապահովում էին ՀՀ-ի ՀՆԱ (համախառն ներքին արդյունքի)-ի մոտ 50%-ը:

Հարվածը հենց այս նախարարություններին, դրանց օպտիմալացումը հուշում է, որ այստեղ կառավարման արդյունավետության բարձրացման հարցը չէ, այլ նախկին, այսպես կոչված կոռումպացված համակարգի «կազմաքանդման» օրակարգը: Իսկ որ դրա հետեւանքով տուժում են ՀՀ-ի տնտեսության ողնաշարը համարվող տնտեսության կարեւորագույն ուղղությունները, էական չէ, քանի որ, ինչպես նշեցի, կարեւորը հեղափոխական լոզունգներն են ու պոպուլիզմը:

Նույն երեւույթը տեղի է ունենում, երբ հեղափոխական իշխանությունները սկսում են կազմաքանդել խոշոր բիզնեսը: Գոնե մասնագիտական շրջանակների համար պարզ է, որ պետությունը պետք է խոշոր արտադրողների ու արտահանողների համար մշակի հարաբերությունների հատուկ օրակարգ, քանի որ այդ ընկերությունների աշխատանքի արդյունավետությունը եւ կոմերցիոն հաջողությունը ուղղակիորեն ազդում են պետության տնտեսական աճի վրա:

Իսկ երբ վերացվում է Գյուղնախարարությունը, իսկ դրանից հետո սկսվում է ՀՀ ագրարային տնտեսության հիմնական սպասարկողի՝ «Սպայկա» ընկերության կազմաքանդումը, հասկանալի է դառնում, որ մենք արագ տեմպերով մոտենում ենք պարենային նոր աղետի, որն իր ծավալներով կարող է ավելի կործանարար լինել, քան 90-ականների ՀՀՇ-ի մուտքը ՀՀ քաղաքական, ապա պետական դաշտ:

 

Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930