Ժողովուրդն ասում է` «Ուղտի պարը կամրջին է բռնում»: Այս օրերին ուղտը նորից պարեց, այս անգամ՝ գյուղատնտեսական բուռն սեզոնի նախօրեին, երբ, չորս-հինգ շաբաթ հետո, կհասունանա հայկական ոսկին՝ ծիրանը, եւ այգեգործները տագնապի կմատնվեն 15-20 օրում իրենց բերքը արտահանելու, իրացնելու համար: Դրան կհաջորդեն մյուս մրգերն ու լոլիկ-վարունգը, որոնք, փառք Աստծո, ջրառատ այս տարում խոստանում են առատ լինել: Ընդառաջ խոստումնալից սեզոնին՝ գլխատել արտահանման շուկայում տիրապետող դիրք գրավող (շուրջ 40 տոկոս) հսկային՝ Spayka ընկերությանը, թերեւս շատ հատկանշական ու բնորոշ է հեղափոխականների համար, խիստ համահունչՙ հեղափոխական լոզունգներին, սակայն, ավա՜ղ, վնասաբեր գյուղատնտեսության, հետեւաբար երկրի համար:
Անշուշտ կգտնվեն այժմ կալանված տնօրենին, ակտիվները սառեցված եւ գործունեությունը անշարժության մատնված այդ ընկերության փոխարինողներ, նրա՝ «պարտքի դիմաց» բռնագանձված 280 ֆուրերը (սառնարան-բեռնատարներ), «ռոկֆոր» պանրի նորաբաց գործարանը, 120 հեկտար ջերմոցները օգտագործելու պատրաստ մարդիկ (օրերս արդեն ասպարեզ իջավ այդպիսի մի ընկերություն՝ Best Fruit Logistical Center անունով), սակայն գերկարճ ժամկետներում ո՞վ կարող է փոխարինել տարիներով մասնագիտացած, կապեր ստեղծած, մանավանդ՝ ձեռքին պայմանագրեր ու վարկեր ունեցող ընկերությանը:
Մեծ բիզնեսում նման բան չի պատահում: Մանավանդ, երբ այն ուղղված է դեպի դուրս, դեպի արտահանում, դեպի օտար շուկաներ, դեպի տարատեսակ գործընկերային հարաբերություններ: Մինչդեռ կարելի էր շատ հանգիստ կարգավորել ամեն ինչ, մանավանդ որ Spayka-ի հիմնադիր-տնօրենը շոշափելի պատրաստակամությամբ արդեն վճարել է որպես հատուցում պահանջված 2,5 մլրդ դրամը: Բայց հիմա պատրաստ չէ ընդառաջելու ՊԵԿ 700 միլիարդանոց ռեկետին, որը ավելանալու է, ինչպես խոստանում էր ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը երեկ:
Եվ այս բոլորից՝ ամենակարեւորը. վերոհիշյալ գործողություններով ՀՀ կառավարությունը ի՞նչ ուղերձ է հղում ներդնողներին…
Կարդացեք նաև
Ի գիտություն մեր հեղափոխականներին ասենք, որ դրսի ներդնողներին բնավ չի հետաքրքրում Հայաստանում հնչող լոզունգները, ոչ էլ «տնտեսական հեղափոխության» հոխորտանքները: Կայունություն, բիզնես միջավայր, հարաբերությունների զարգացման հեռանկար եւ շահ. սրա՛նք են հետաքրքրում նրանց: Կարո՞ղ ենք ապահովել դրանք, լավ, եթե ոչ՝ ոչ ոք չի նայի դեպի մեր կողմ, անշուշտ եթե Lydian Armenia-ի թնջուկից հետո արտերկրում մնացել է մեր կողմ նայելու որեւէ ցանկություն:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում