Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը, կարծես հիշեցնում է հպարտ միայնակի»

Ապրիլ 13,2019 14:00

«Առավոտի» զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:

– Խորհրդարանն ընդունեց ապրիլի 23-ը «քաղաքացու օր» հռչակելու մասին նախագիծը: Ճի՞շտ որոշում էր, օրվա ճի՞շտ ընտրություն էր, Ձեր կարծիքով:

– Անկեղծ ասեմ, ինձ թվում է, ժողովրդավարական, ազատական պետություններում ամեն օր էլ պետք է լինի «քաղաքացու օրը»: Այսինքն, ամեն օր քաղաքացին պետք է իրեն պաշտպանված զգա: Ուստի, ես կարծում եմ, այս իշխանությունների կողմից մի փոքր շտապողականություն կա`սեփական հաղթանակը մեկ անգամ եւս ամրագրելու: Գուցե, բարի, բայց մի փոքր միամիտ որոշում կար: Կարծում եմ, կարելի էր սպասել ինչ-որ մի ժամանակ, հետո նոր հռչակել այդ օրը: Եվ ամենակարեւորը շեշտեմ`ավելի լավ է ոչ թե օր հռչակել, այլ գործելակերպ ապահովել, որի ընթացքում քաղաքացին իրեն պաշտպանված կզգա եւ ստիպված չի լինի իր բողոքի դրսեւորումները արտահայտել ցույցերի միջոցով, ճանապարհ փակելու միջոցով: Կարող եք ինձ հակադարձել եւ ասել, որ մենք հեղափոխություն կատարեցինք ճանապարհ փակելով: Ես կարծում եմ, հեղափոխական իրավիճակում կան տարբեր մարտավարական սկզբունքներ: Բայց արդեն, երբ հեղափոխությունը հաղթել է եւ պետություն է ստեղծվել, պետք չէ սեփական քաղաքացուն դնել անարժանապատիվ վիճակում, պետք չէ թույլ տալ, որ ինքը կորացած ուսերով եւ թշվառ լինի, մտածի, որ միայն փողոցում աղաղակելով հնարավոր է լուծել իր հարցերը: Ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ քաղաքացուն կլսեն տարբեր ատյաններից`սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից, մինչեւ գործադիր եւ օրենսդիր իշխանություններ: Այդ դեպքում ժողովուրդը կհավատա, որ ինքն է իսկապես իշխանության տերը: Այդ դեպքում, մենք իսկապես կունենանք տոն: Տոն ունենալն ինքնին վատ չէ, բայց տոնի բովանդակության մասին մտածելն ավելի կարեւոր է:

– Հայաստանում իշխող ուժը, որն իշխանության եկավ մեկ տարի առաջ` հեղափոխությամբ, առաջնային խնդիրներից մեկը համարում էր մարդու իրավունքների պաշտպանվածությունը: Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հայտարարություններ եղան իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, նաեւ`գործողություններ, որոնք հակադարձ համեմատական էին հայտարարված սկզբունքին: Հեղափոխական, հետհեղափոխական իրավիճակների համար նման գործելաոճն արդարացվա՞ծ է:

– Եթե ուսումնասիրենք դասական հեղափոխությունների փորձը, ապա հեղափոխություններից հետո`սկսած Ֆրանսիայից, ավարտած մերձակա, միշտ դիկտատուրաներ, բռնատիրություններ են հաստատվում: Հեղափոխությունն ունի այսպիսի վտանգավոր հատկանիշ: Բայց, ես կարծում եմ, մեր հռչակած հեղափոխությունը`ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխություն է, ինչպես ասում է այս հեղափոխության առաջնորդը` Նիկոլ Փաշինյանը, ուստի, պետք է զերծ մնալ այդ գայթակղությունից`պատժիչ եւ բռնի մեթոդներով առաջ գնալ: Բնականաբար, այսօր հասարակության մեջ կան ռեւանշի ձգտող ուժեր`նախորդ իշխանության ուժերը, կան ուժեր, որոնք ցանկանում են վերադարձնել իրենց կորցրած մենաշնորհային դիրքերը`լինի դա տնտեսության մեջ, թե հանրային քաղաքականության մեջ: Բայց, իրականում, արդյունավետ է գործում այն պետությունը, որտեղ կա հասարակական եւ քաղաքական համերաշխություն:

– Հետհեղափոխական մեկ տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս եւ տարբեր խնդիրներ պայմանավորեց հակահեղափոխությամբ եւ հակահեղափոխականների գործողություններով: Ձեր կարծիքով, Հայաստանում կա՞ հակահեղափոխություն կոչվածը, նախկին իշխող ՀՀԿ-ն փորձո՞ւմ է ռեւանշի գալ եւ ունի՞, արդյոք, դրա հնարավորությունը:

– Ես կարծում եմ, որ Հայաստանում ոչ թե հակահեղափոխություն կա, այլ ռեւանշի կամ իշխանության վերադարձի ձգտող ուժերի մի համախումբ: Եվ, գիտեք, դա շատ բնական է: Որովհետեւ, դարձյալ քաղաքագիտության կանոններին համապատասխան, քաղաքական կուսակցությունները նրա համար են, որպեսզի պայքարեն քաղաքական բարձրագույն իշխանության համար: Քաղաքական սերնդափոխությունը տեղի է ունենում, որն, ի դեպ, մեր պետության մեջ խախտվել էր, որովհետեւ տեւական ժամանակ նույն ուժը անընդհատ վերարտադրվում էր եւ անընդհատ իշխանության մեջ էր: Այսօր ՀՀԿ-ականները հայտնվել են փոքրամասնության մեջ, կորցրել են իրենց դիրքերը եւ ոչ միայն ՀՀԿ-ականները. եւ երկրորդ, եւ երրորդ նախագահներին հարող քաղաքական ուժերը պայքար են փորձում ծավալել: Այդ առումով, նրանց կարելի է համարել ռեւանշիստական ուժեր: Իսկ ունե՞ն նրանք վերադարձի հավանականություն, թե`ո՞չ, եթե վերլուծում ենք, միշտ էլ հավանականությունների ինչ-որ հնարավորություն առկա է եւ հենց նոր իշխանության եւ այն ընդդիմության խնդիրը, որը հեղափոխական արժեքների դավանորդն է, պետք է դա լինի`թույլ չտալ, որպեսզի նախկին գաղափարները եւ նախկին մեթոդները կյանքի կոչվեն: Այսինքն, մեր խնդիրը պետք է լինի ոչ թե անձերը, որովհետեւ, կարծես մերժեցինք Սերժին, բայց խնդիրների մեծ մասը, ստացվեց, չենք կարողանում մերժել: Ուստի, մենք պետք է մերժենք նախորդների համակարգը`անձնիշխանական եւ սեփական խնդիրների պաշտպանության վրա հիմնված համակարգը եւ ստեղծենք իսկապես ազատական, ժողովրդավարական այնպիսի քաղաքական ու տնտեսական դաշտ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ու քաղաքական ուժ կարող է` ստանալով հանրային վստահություն, վերադառնալ իշխանության:

– Նոր իշխանությունն իր ծրագրերում դրե՞լ է այդ խնդիրը:

– Ծրագրերով` ինստիտուցիոնալ, խորքային`ոչ: Կարգախոսներն ազնիվ են, ճիշտ են, բայց այդ կարգախոսների ինստիտուցիոնալ, գաղափարական հիմնավորումը ես չեմ տեսնում: Ընդհանրապես, այս իշխանության «աքիլեսյան գարշապարը» երեւի հենց դա է`չկարողանալ գաղափարապես, ծրագրային հիմնավորումներ տալ այն նշանաբաններին, որոնք իրենք կյանքի են կոչել: Եվ Նիկոլ Փաշինյանը, կարծես, հիշեցնում է հպարտ միայնակի: Իրեն իսկապես պետք է թիմ: Ես անկեղծ մաղթում եմ, որպեսզի դա տեղի ունենա:

– Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն անվանվեցին հեղափոխություն, սակայն, մինչ օրս դիսկուրսը պահպանվում է` արդյոք տեղի ունեցածը հեղափոխություն է: Հեղափոխությունները հասարակական, քաղաքական, տնտեսական ֆորմացիաների փոփոխություններ են բերում. ի՞նչն ենք մենք փոխում:

– Գիտեք, 21-րդ դարն է եւ դասական քաղաքագիտությունը, որքան էլ կարեւոր լինի, ենթարկվել է որոշակի սրբագրումների: Ուստի, եթե նայում ենք նախորդ դարերի կտրվածքով, այս հեղափոխությունը չի համապատասխանում նախորդ հեղափոխությունների ոչ ընթացքին եւ ոչ էլ արդյունքն է այդպիսին: Ես չեմ սիրում «գունավոր» եզրույթը, բայց լավ է, որ հեղափոխությունն ինչ-որ գույն է ունենում կամ խորհրդանիշ: Մեր հեղափոխությունն անուն ունեցավ` թավշյա եւ ոչ բռնի: Այսինքն, դասական առումով, դա հեղափոխություն չէր: Բայց, համենայնդեպս, փաստը մնում է այն, որ մենք կարողացանք խաղաղ եւ ոչ բռնի ճանապարհով հեղափոխություն անել: Եվ դա ինչ-որ առումով նաեւ Սերժ Սարգսյանի ներդրումն էր քաղաքագիտության մեջ` հանգիստ հեռանալ իշխանությունից: Նա հեռացավ իշխանությունից: Ճիշտ է, քաղաքական պայքարը շարունակում է, դա եւս նորմալ է: Այսինքն, ես կարծում եմ, դա 21-րդ դարի հեղափոխություն էր:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

13.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930