Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին տուն մտնելու համար, ստիպված է լինում օրը մի քանի անգամ ավտոմեքենան «մաքսազերծել»

Ապրիլ 13,2019 13:30

Ապրիլի 9-ին «Նորագավիթ» ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մաքսատան տարածքում շրջայցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի քաղաքացի եւ վրդովված ասաց` ինչ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը սարքել են, ինքը զրկված է` ավտոմեքենայով իր տուն մտնելու հնարավորությունից:
Հյուսիս-հարավ ճանապարհն անցնում է Նորագավիթի տարածքով եւ ճանապարհի կառուցումից հետո փողոցի վրայի մուտքը դեպի քաղաքացու տուն ընդհանրապես փակվել է:

Ավելի ուշ պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանին մոտեցել է Գեւորգ Հարությունյան անունով քաղաքացին: Նրա տունը գտնվում է Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին փակուղում, մաքսատան անմիջապես հարեւանությամբ եւ ճանապարհի կողմից մուտքը փակելուց հետո Գեւորգ Հարությունյանը ստիպված է լինում ժամերով հերթ կանգնել` մինչեւ որ մաքսազերծվող ավտոմեքենաների հերթը կհասնի եւ ինքը հնարավորություն կունենա տուն մտնել մեկ այլ ճանապարհով:

Գեւորգի պատմելով, ամեն անգամ այդ խնդրի մեջ հայտնվելով, նյարդայնանում է եւ ստիպված է լինում ավտոմեքենան կանգնեցնել գլխավոր ճանապարհի վրա, տնից բավականին հեռու տարածքում:
Գեւորգ Հարությունյանը վարչապետին խնդիրը ներկայացնելիս ասաց` «Պարոն վարչապետ, ամեն անգամ հերթ եմ կանգնում, որ իմ տուն մտնեմ»:
Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը կատակեց` ամեն անգամ փաստորեն ավտոմեքենադ մաքսազերծում ես:
«Հա, օրը մի քանի անգամ եմ մաքսազերծում»,- շարունակեց Գեւորգ Հարությունյանը: Քաղաքացին ասաց, որ ուր ասես` չի դիմել, քաղաքապետարան, Ճանապարհային ոստիկանություն, սակայն իր հարցին լուծում չեն տալիս: Հանուն գերակա շահի ինքը կրակն է ընկել եւ որեւէ ձեւով իր վնասները չեն փոխհատուցվել:
Վարչապետն օգնական Նաիրի Սարգսյանին հանձնարարեց քաղաքացու հարցով զբաղվել:

Մեզ հետ զրույցում Գեւորգ Հարությունյանը պատմեց, որ այդ խնդրի պատճառով ստիպված է եղել հիվանդ տատիկին տնից տեղափոխել, քանի որ բուժօգնություն ցուցաբերել հնարավոր չի եղել:
«Տատիկս այդպես էլ ուրիշ տեղ մահացավ: Մահճակալ էի հանում տնից, այդպես էլ չկարողացա այդ ելքով հանել, ստիպված ոտքով հանել եմ մինչեւ գլխավոր փողոց»,-ասաց Գեւորգը`մատնացույց անելով դեպի Հյուսիս-հարավ ավտոճանապարհ տանող զառիվայրը:
Նրա խոսքով, եթե վերջին մի ամսում մաքսատուն եկող ավտոմեքենաների հոսքը փոքր-ինչ թեթեւացել է, քանի որ այլ վայրերում էլ են մաքսատուն բացել, մինչ այդ, օրերով չի կարողացել ավտոմեքենայով տանը մոտենալ:

Քաղաքացու պահանջն է, որպեսզի իրեն փոխհատուցեն կամ տեղափոխեն այդ հատվածից. «Ինձ պիտի տեղափոխեն, եթե իմ պահանջը հաշվի առնեն, քանի որ ճանապարհը սարքելուց հետո ինձ այլեւս հարմար չէ այս վայրում ապրել: Ժամանակին տունն ուներ կադաստրային արժեք, իսկ արժեքն ինչի վրա է հիմնվում, տան ունեցած ճանապարհի, բնակավայրի, բայց հիմա սա անմարդաբնակ տեղ է դարձել: Աղբանոց է դարձել: Տարածքը քանդել են եւ այդպես էլ մնացել է աղբանոց: Շինարարությունը եղել է 2016-ին, 2016-ից մինչ օրս բողոքում ենք, բայց բոլոր դիմումները մեր մերժվում են»:
Գեւորգ Հարությունյանը գտնում է, որ որպես բնակիչ իր իրավունքները ոտնահարվել են եւ որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում, ոչ էլ ուզում է հարցը լուծել:

«Իմ կարծիքով բոլորն էլ իրավունք ունեն մեքենայով տուն հասնել»,-ասում է Գեւորգը: Նրա խոսքով, երբ հերթական անգամ չի կարողացել մոտենալ իր տանը, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն, որպեսզի գան եւ ճանապարհը բացեն: Ըստ նրա, եկել են, ծանոթացել իրավիճակին, ապա հայտնել,որ ոչինչ անել չեն կարող:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930