Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանի մեկ օրը

Ապրիլ 13,2019 13:00

Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը երեկ նշանակել էր 16 բողոքի քննություն՝ 22 անձանց գործերով: Չնայած ընթացակարգը գրավոր էր, սակայն եղան գործեր, որոնք բավական բուռն հարց ու պատասխանների տեղիք տվեցին:

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից ուժի կիռարման հետեւանքով կոտրվել է Լաուրա Զաքարյանի ուսը։ ԳԱԱ Ինֆորմատիկայի ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում 44 եւ ավելի տարիներ աշխատող Լաուրա Զաքարյանի շահերը ներկայացնող իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը բողոքում հայտնել էր, թե հրմշտոցի արդյունքում տուժողն ընկել է գետնին եւ կոտրվածք ստացել ոստիկանների ոտքերով հարվածներից։ Իրենք հաղորդում էին ներկայացրել ՀՔԾ:

Նրանք հաղորդմամբ պահանջել էին պատժել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին:
ՀԿԳ քննիչը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Փաստաբանը որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Դատարանը քննիչի 2017թ. ապրիլի 14-ի որոշումը վերացրել էր, իսկ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարել էր։
Դեպքից 9 օր հետո Լաուրա Զաքարյանը հիվանդանոցում է գտնվել, եւ իրավապաշտպանի տեղեկացմամբ, բացատրություն են վերցրել «դեղերի ազդեցության տակ գտնվողից»: Դատախազն ասաց, թե ընկնելու հետեւանքով է ստացել սալջարդ, վնասվածքներ՝ բազմության մեջ քայլելու, անսպասելի հրմշտոցի հետեւանքով: Սակայն այնքան անհամոզեցուցիչ էր ասվածը, որ դատավորներից մեկը հարցրեց. «Բավարա՞ր են հիմքերը, որ անձի նկատմամբ դրական է եղել վերաբերմունքը, այլ հանգամանքներ չկան»: Արա Ղարագյոզյանի բողոքը բավարարվեց:

Վաչագան Ավդալյանի պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակից Լուսինե Ասլանյանը բողոք էր բերել, պահանջել էր բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը «Մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցը քննության առնելու մասին» 22.08.2018թ. որոշումը եւ նրան ազատել կալանքից, կամ նրա նկատմամբ ընտրել ազատության սահմանափակման հետ չկապված ավելի մեղմ այլ խափանման միջոց:
Վաչագան Ավդալյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. հունիսի 28-ին, ժամը 10-ի սահմաններում, տանը կնոջ կողմից իր բեռնատարը վաճառելու հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ ոտքերով դիտավորյալ հարվածներ է հասցրել աներոջը, ապա գրպանից հանելով դանակը՝ դրանով դիտավորյալ հարվածել է կնոջը, վերջինիս պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք, հետապնդելով զոքանչին, դիտավորյալ հարվածել է, պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ: Ավդալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպան Լ.Ասլանյանը: Վերաքննիչն էլ թողել էր գործն առանց քննության, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1 հոդվածին, համաձայն որի՝ «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաեւ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները» եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասին. «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը (…) բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման (…), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:

Ըստ ստորադաս դատարանի իրավական վերլուծության, այս գործի նյութերից երեւում է, որ պաշտպան Լ.Ասլանյանի կողմից վերաքննության կարգով բողոքը՝ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշմամբ պայմանավորված, ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարան բողոքարկման ենթակա ակտերի շարքում: Վճռաբեկ դատարանը գործն ուղարկեց նույն դատարան նոր քննության:

Սիսիանի բնակիչ, չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի գործով դատախազը չառարկեց, որպեսզի նրա նկատմամբ պատիժը պայմանական չկիրառվի:
Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառի՝ սահմանելով երկու տարով փորձաշրջան, իսկ պատժաչափը՝ առաջին ատյանի սահմանված՝ 6, ապա վերաքննիչի 6,6-ը դարձրեց 3,5 տարվա ժամկետով ազատազրկման:
Վճռաբեկ բողոք բերած հանրային պաշտպանը խնդրել էր արդարացնել Հասմիկին, ինչին դեմ էր դատախազը, ասելով, թե նախադեպ կստեղծվի նմանատիպ գործերով:
Պաշտպանի, նաեւ Հասմիկի ներկայացմամբ, նրան խոշտանգել են, որպեսզի ասի, թե տասը հազար դրամ է գողացել, միչդեռ իրականում Հասմիկը սովի չմատնվելու համար գողացել էր չորս հազար դրամ, որն էլ դատավորի հարցին, թե վերադարձրե՞լ է տուժողին, պատասխանեց՝ այո:

Բողոքաբերի պահանջի հետ կապված՝ իրեն արդարացնելու, իր անմեղությունը դատարանով ճանաչելու հետ կախված դատախազն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հասմիկը 2017 թվականի հուլիսի 4-ին «ապօրինի մուտք է գործել տուժողի բնակարան»: «Խնդիրը միայն գումարի չափը չի եղել, այլ եղանակը»,-ասաց նա: Հասմիկի կողքին էին նրա զորացրված որդին, երկու չափահաս երեխաները:
Պակաս հնչեղ չէր նաեւ Միքայել Մելիքյանի գործը: Երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. փետրվարին կցագրվել է Կենտրոնական զինվորական կոմիսարիատում եւ ենթակա է եղել զորակոչման 2014թ. ձմեռային զորակոչին, սակայն չի ներկայացել զինկոմիսարիատ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2014թ. ձմեռային, 2015թ. ամառային եւ ձմեռային զորակոչից:

Պատճառը ծանուցագրեր չուղարկելն է եղել, նաեւ այն, որ Միքայելը ՌԴ եւ ՀՀ քաղաքացի է եղել: Ի դեպ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել Մելիքյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամանակով:
Միքայելի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին՝ թողել էր անփոփոխ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Պաշտպան Վաղարշակ Գեւորգյանն ասաց, որ Միքայելը պատրաստ է ծառայելու, եթե գործը նրա վրայից հանվի, իսկ դատախազն ասում էր, թե Միքայելը հրաժարվել է երեք զորակոչերից: Ըստ զեկուցողի, բողոք էր եղել նաեւ վերաքննիչ դատարանում, որտեղ պաշտպանական կողմը պահանջել էր ճանաչել եւ հռչակել Միքայել Մելիքյանի անմեղությունը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ նրան արդարացնել:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930