Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսե կարոտով` պապի հորովելն ու տունը հայրենի…

Ապրիլ 13,2019 12:00

Հայ մարդը, որտեղ էլ լինի եւ ինչպիսի բախտի էլ արժանանա, հավատարիմ է այն արժեհամակարգին, որն այսօր էլ նրա ազգային ինքնության ու բարձր արժանապատվության գլխավոր կռվանն ու հաղթաթուղթն է մնում: Ավելին, անգամ զուտ մշակութային գործերի մեջ հայը նույն նախաձեռնող ու պատվախնդիր աշխատավորն է, արարող ու ժրաջան մշակը: Այո՛, աշխատավոր, մշակ, որ նվիրական սիրով ու ակնածալից հպարտությամբ է հարաբերվում թե՛ հայրենի հողի ու ծննդավայրի, թե՛ ավագ սերնդի ու նրա թողած ժառանգության հետ…

Նման մտորումների առիթը վերջերս լույս տեսած Գրիգոր Ծատուրյանի «Հին գինու պես են իմ կարոտները» բանաստեղծական ժողովածուն է: Գիրք, որի ոգեշնչման ազդակները գալիս, տարածվում են Ջավախք աշխարհի Ալաստան գյուղի զուլալ ու մաքրամաքուր ակունքներից: Նույնքան զուլալ ու մաքրամաքուր են դրանցից բխող զգացումները, որ բանաստեղծական միսուարյունով են «լցվել»` սիրո, կարոտի, նվիրումի ու հավատարմության հրաշալի գուներանգ ստեղծելով:

Ահավասիկ, «Հայրենիքիս» բանաստեղծությունը. Իմ նվերը հայրենիքիս`/ Անկոտրում կամքս է,/ Աննկուն ոգիս,/ Համբերությունս է,/ Հավատքս,/ Խիղճս/ Ու ամբողջ կյանքս…
Նաեւ` իր ձեռքով կառուցած տուն, չկտրած մի ծառ, չաղտոտված փողոց, չպղծված անտառ, նոր հիմնած այգի, գրադարակում ավելացած գիրք… Եվ, թերեւս, ամենակարեւորը` երկու զավակ, հայրենյաց պաշտպան երկու քաջ զինվոր: Հայրենական ջերմ սիրով առլցուն, պաշտամունքի աստիճանի հասնող այս երկյուղածությունը գալիս է պապ ու տատի, ծնողների ավանդած թանկ արժեքների հանդեպ ունեցած սրբազան պարտականության հստակ գիտակցումից, քանզի նա հայրենիքից ոչինչ չի ուզում. Իմ մայրն ինձ պարտք չէ,/ Ես եմ պարտական:

Գրիգոր Ծատուրյանի հետ «տեղափոխվենք» նաեւ իր համար թանկ ու նվիրական հիշողությունների գիրկ` «Պապիս հորովելը», որտեղ «գլխավոր հերոսը» Կարնո նահանգի Արծաթի գյուղից Ջավախք գաղթելիս պապի պապի բերած բահն է, որ ժառանգել է Գրիգոր պապը, ում ողջ ունեցվածքը մեկ էլ… հագի շորերն էին: Դրանից էլ գոհ ու երջանիկ` նա օրնիբուն տքնել ու չարչարվել է, խոպան հողն արտ դարձրել, ցորեն ցանել, բերք ստացել, եզ առել. Եզը լծել/ Ու իր բաժին հողի վրա/ Ակոս բացել,/ Հորովել էր պապս երգել…

Բայց դժնի ու դաժան այն ժամանակներում այս խելացի, աշխատասեր հողի մշակին կուլակ անունն են կպցրել ու առանց քննելու, առանց դատարան` Սիբիր կամ…: Ապա գալիս է բանաստեղծի «Աշխատավոր հայրս», որ բարկանում էր անարդար ու անտեր այս աշխարհի վրա. Հորս հոգսի հետ/ Ես էլ մեծացա,/ Ցավով հասկացա…/ Որ դառը դատած/ Աշխատող մարդու,/ Ողջը կորցրածի/ Ցավն էր ինչպես լեռ/ Իր հոգու վրա…

Ցավն այդ, անշուշտ, կամոքեր ու տանելի կդարձներ արդարության հաղթանակը, ինչը թեեւ ուշացած, բայց, ի վերջո, պիտի գար: Այդ հաղթանակն էլ ոգեշնչում է հեղինակին` հավատալով ու հավատացնելով ընթերցողին, որ բարին հաղթել է ու պիտի հաղթի. Թող Աստծո կամոք/ Սերն ու աշխարհը/ Մեզ ընկերանան,/ Ու թող ամեն ոք/ Հույսի ջահ վառի/ Հարկի տակ իր տան…

Ո՞րն է Գրիգոր Ծատուրյանի նվիրական խորհուրդն ու պատգամը, բանաստեղծն ի՞նչ ասելիք ու հավատամք ունի: Դժվար չէ ընկալել, որ դա առաջին հերթին սերն է` սիրե՛լ ծննդավայրը, տունն ու հողը հայրենի… Սերը ցանկացած հարցի պատասխանն է: Բանաստեղծը լավ գիտի` սերն այն է, ինչի շնորհիվ մենք կանք: Սերն ուժ է, որը կառավարում է աշխարհը, ուստի եւ կիսե՛նք մեր սերն ու աշխարհն ավելի լավը, ավելի գեղեցիկ դարձնենք:

 

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930