Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին աստղագիտության ոլորտում գերտերություն կդառնա. Արմեն Սարգսյան

Ապրիլ 12,2019 21:40

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մատենադարանում մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է առաջատար պետություն լինել աստղաֆիզիկայի ոլորտում: «Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ես հավատում եմ դրան: Իհարկե, այս նպատակին հասնելու համար պետք է շատ աշխատենք ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ ամրապնդենք մեր հարաբերություններն ու համագործակցությունն աշխարհի հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Շարունակելով խոսքը որպես տեսաբան ֆիզիկոս՝ նախագահն ասել է, որ տեսաբան ֆիզիկոսների հանրությունը մշտապես հավատացել է սև խոռոչների գոյությանը: Ցույց տալով վերջերս հրապարակված սև խոռոչի պատկերը՝ Արմեն Սարգսյանը նշել է. «Ես մշտապես հավատացել եմ, որ մի օր մենք կտեսնենք սա: Սակայն իրականությունն այն է, որ սա հսկայական քայլ է ինչպես ընդհանուր ֆիզիկայի և տիեզերքի, այնպես էլ ինքներս մեր մասին գիտելիքների բացահայտման տեսանկյունից: Սա բացում է զարգացման նոր դռներ:

Որպես անհատ՝ դիտելով այս նկարին կարող եմ ասել՝ սա՝ այս սև խոռոչը, պարզապես հիասքանչ է: Սակայն որպես մեկը, ով իր կյանքի մի մասն անցկացրել է բիզնեսում, քաղաքականության մեջ, ունեցել է հանրային կյանք, ուզում եմ ձեր հետ կիսել իմ մի շարք դիտարկումներն այն մասին, որ սև խոռոչները միայն տիեզերքում չեն: Նրանք գոյություն ունեն հանրային կյանքում, տնտեսական վարքագծում: Երբեմն այդ խոռոչներում են անհետանում տնտեսական միջոցները և գումարները: Շատ դժվար է հասկանալ, թե դրանք որտեղ են:

Դրանք գոյություն ունեն նաև հանրային կյանքում: Որպես ֆիզիկոս ես բացահայտել եմ, որ հանրային կյանքը նույնքան բարդ է, որքան մեր տիեզերքը: Բացահայտել եմ ևս մի հետաքրքիր իրողություն, որ բնության ու ֆիզիկայի օրենքները կարող են կիրառելի լինել հանրային վարքագիծը նկարագրելու ժամանակ: Տարօրինակ է, սակայն դա աշխատում է: Ես որոշակի ժամանակ եմ անցկացրել սրա շուրջ ուսումնասիրություններ կատարելու համար»:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ապագան ոչ միայն աստղագիտության մեջ, այլև մեր ամենօրյա կյանքում կախված է լինելու գիտության ու տեխնոլոգիաների նոր նվաճումներից: «Սա է պատճառը, որ նախագահ լինելու առաջին իսկ օրվանից ես քարոզում եմ, որ այս երկիրն ունի ներուժ՝ դառնալու աշխարհի առաջատար երկրներից մեկը: Քանի որ հավատացած եմ, որ այսօր մենք առերեսվում ենք մի աշխարհի, որտեղ 21-րդ դարի մեծագույն նվաճումները՝ լինեն դրանք տեսական ֆիզիկայում, քիմիայում, բիոլոգիայում, թե մյուս գիտական ոլորտներում, դառնում են ուսումնասիրության գործիքներ:

Քանի որ աշխարհը մուտք է գործել նոր ժամանակաշրջան, բոլորը քիչ, թե շատ ունենալու են նույն հնարավորությունները: Եվ անգամ փոքր երկիրը, ինչպիսին Հայաստանն է, եթե ճիշտ կենտրոնանա և ուսումնասիրի հիմնական կարիքները, որոնք են կրթությունը, գիտական հետազոտությունները, նոր տեխնոլոգիաները, և ներգրավի աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները, ապա մենք հնարավորություն կունենանք լինել առաջատարների շարքում: Երբեմն փոքրը ևս կարող է հիասքանչ լինել»,- ասել է Արմեն Սարգսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930