Ապրիլի 27-ին այս տարի առաջին անգամ կնշվի հայկական տոնացույցում տեղ գտած ևս մեկ նշանակալի տոն՝ Քաղաքացու օրը: Այն նախատեսվում է տոնել առանձնակի հանդիսավորությամբ:
Միջոցառումների ծրագրի քննարկման նպատակով այսօր խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, մշակութային և տեղեկատվության պատասխանատուների մասնակցությամբ:
Տ. Վիրաբյանը, ով կոորդինացնում է միջոցառումները հանրապետության թվով 4 մարզում, այդ թվում և՝ Լոռու, նշեց, որ տոնը բացառապես քաղաքացիական է: Գլխավոր միջոցառումն անցկացվելու է մարզկենտրոններում, մյուս քաղաքները կարող են ներգրավվել ըստ ցանկության: Նա ներկայացրեց միջոցառումների ընդհանուր կառուցվածքը՝ նշելով սակայն, որ դրանք կարող են լրամշակվել:
Ըստ փոխքաղաքապետի, միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 10.00-ին: Մինչև 11.00-ն կիրականացվի համապետական ծառատունկ, ապա՝ մինչև 12.30-ն հանրային քննարկումներ՝ պաշտոնատար անձանց, շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: Մի փոքր ընդմիջումից հետո՝ 14.00-16.00-ն մշակութային միջոցառումներ կանցկացվեն կենտրոնական փողոցներից մեկում, մշակութային օջախների հարակից տարածքներում, ցանկության դեպքում նաև՝ զբոսայգիներում: Ժամը 16.00-18.00 երիտասարդների մասնակցությամբ որևէ առանձնացված վայրում(դա կարող է լինել նաև զբոսայգի) քննարկում կկազմակերպվի՝ ուղղված երիտասարդների իրավագիտակցության բարձրացմանը: 18.00-19.30 Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կհյուրընկալվի Գյումրիի պետական թատրոնը, փոխարենը աբելյանցիները հանդես կգան Իջևանի թատրոնի բեմում: 19.30-ից Հայքի հրապարակում տեղի կունենա համերգ՝ մայրաքաղաքից ժամանած խմբերի մասնակցությամբ: Միջոցառումը կեզրափակվի տոնական հրավառությամբ:
Կարդացեք նաև
Հընթացս քննարկվեցին նաև մի շարք տեխնիկական հարցեր:
Մարզի ղեկավարը հանդես եկավ մի քանի նկատառումներով և նշեց, որ առաջիկայում Վանաձորի քաղաքապետարանի և մյուս համայնքների մասնակցությամբ ամբողջական ծրագիր կկազմվի: Նա վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի Քաղաքացու օրը բարձր մակարդակով տոնելու համար:
Լոռու մարզպետարան