Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջակա միջավայրի հարցերով 7 աշխատանքային խումբ կստեղծվի». Վարազդատ Կարապետյան

Ապրիլ 12,2019 19:45

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ կստեղծվեն յոթ աշխատանքային խմբեր, որոնք ամեն ամիս պատգամավորների հետ կքննարկեն շրջակա միջավայրին առնչվող հրատապ հարցերը: Քննարկման առարկա կդառնան նաեւ այն օրինագծերը, որոնք հանձնաժողովի անդամները կբերեն օրակարգ:

Ինչպես այսօր հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, եթե, օրինակ, առաջիկայում հայտարարեն, որ սկսելու ենք աշխատել «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի վրա, աշխատանքային խմբերին, նաեւ՝ ոլորտի հ/կ-ներին, կխնդրեն հավաքվել եւ կարծիք ներկայացնել:

«Կառաջնորդվենք եւ իրենց թեմաներով, եւ մեր օրակարգով»,-նշեց Վարազդատ Կարապետյանը: Նրա փոխանցմամբ՝ ոլորտի կազմակերպությունները կարող են ներգրավվել աշխատանքային խմբերի կազմում եւ իրենց ցանկությամբ էլ դուրս գալ: Ամեն խումբ կունենա Բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնյայի ներկայությունն ապահովելու հնարավորություն: Աշխատանքային խմբերի ոլորտներն են՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, հանքարդյունաբերության օրենսդրության վերլուծություն, Սեւանա լճի խնդիրներ, կենդանիների պաշտպանություն, Օրհուսի կոնվենցիայի պահանջների արդյունավետ իրագործում եւ վերահսկողություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության օրենսդրական շրջանակի վերլուծություն, անտառների արդյունավետ կառավարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930