Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուն ու տեղս վաճառել եմ, Վաչագանի պահանջած 40 միլիոնը տվել եմ. գիտեի նրա որդին՝ Մհերը ինչպես կարող է պատժել». «Յանսի» հաշվապահը Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի մասին

Ապրիլ 12,2019 19:07

«Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանն այսօր ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու, թե ՀՀ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու նրա տիկինը՝ Ռուզաննա Բեգլարյանն ինչպես են իրենից վերցրել 40  միլիոն դրամ՝ մեղադրելով հիմնարկը թալանելու մեջ:

«Նոյյան տապան» մամուլի սրահում տիկին Սուսանը պատմեց, որ իր նկատմամբ քրգործ են հարուցել եւ առանց որեւէ ապացույցի 40 միլիոն դրամ «ստացել»: Ըստ նրա, գործի հիմքում ոչ մի ապացույց դրված չէ, բայց ոչ քննիչները,ոչ դատարանը այս հարցը չի քննել: «Յանսի» տնօրենն էլ խորհուրդ է տվել գումարը տալ Վաչագան Ղազարյանին, որպեսզի «պրծնի»:

«Գործ են հարուցել, ինձ կանչել են 6-րդ վարչություն: Վարչությունում ուղեկցեցին պետի տեղակալի մոտ, այնտեղ հայցում գրված էր, որ ես Վաչագան Ղազարյանից եւ Ռուզաննա Բեգլարյանից թալանել եմ 25 միլիոն դրամ: Զարմացա, քանի որ իրենց ռեստորանում ինձնից պահանջում էին 40 միլիոն, բայց այստեղ գրել են 25 միլիոն: «Յանսի» տնօրենն ասաց 25 միլիոն եմ գրել, որպեսզի կարողանաս տուն ու տեղդ վաճառես ու վճարես այն գումարը, որը որ պահանջում է Ռուզաննա Բեգլարյանը»,-պատմեց Սուսաննա Արիստակեսյանը:

Նրա խոսքով, սկզբում ասել են, որ վճարեն 6 միլիոն դրամ, որպեսզի ընտանիքի անդամներին բան չպատահի. «Ես գիտեի՝ ինչ է կատարվում, երբ իրա որդին՝ Մհերը պատժում է: Մի քանի անգամ Մհերի ձեռքից խլել եմ այն մարդուն, ում որ ինքը ծեծել է: Մենք դա ստիպված վճարեցինք, որպեսզի պրծնեինք, բայց չպրծանք: Դրանից մի քանի օր հետո Անահիտ Մինասյանը եկավ երկրորդ 6 միլիոնի հետեւից: Այդ ժամանակ հասկացանք, որ գտնվում ենք շատ վատ վիճակում եւ քննիչը եւ դատավորը նպաստեցին, որ ես իմ տուն ու տեղը վաճառեմ, մեր ամբողջ ունեցվածքը վաճառեմ, որ նրանց վճարեմ: Մենք վճարեցինք Ռուզաննայի կողմից պահանջվող 40 միլիոն դրամը»:

Սուսաննա Արիստակեսյանի ամուսինը՝ Գրիգորի Ղազարյանն էլ պատմեց՝ ինչպես է իրեն Վաչագան Ղազարյանը հրավիրել Բաղրամյան 26 եւ այնտեղ պահանջել, որ այդ գումարները վերադարձնեմ՝ հակառակ դեպքում՝ կինս կամ պետք է ինքնասպան լինի կամ՝ դատվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի խոսքով, Վաչագան Ղազարյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը: Նրա խոսքով. «Ո՞վ է որոշել, ո՞նց են որոշել այդ վնասի չափը պարզ չէ, ստացականն էլ Ա4 ֆորմատի վրա մի թուղթ է: Հիմա սա ի՞նչ որակենք, փող կորզե՞լ, առեւանգո՞ւմ»:

Տիկին Պողոսյանն ասաց, որ Ռուզաննա Բեգլարյանի մասով Սուսաննա Արիստակեսյանը Քննչական կոմիտե հաղորդում է ներկայացրել, սակայն, զարմանալի է, որ Քննչական կոմիտեն վերահասցեավորել է Հատուկ Քննչական ծառայություն. «Պարզվում է Վաչագան Ղազարյանի կին լինելը եղել է պետական ստատո՞ւս, պետական պաշտո՞ն: Ի՞նչ գործ ունի Վաչագանի կնոջ վրա տրված հաղորդագրությունը գնա ՀՔԾ, նա հո պաշտոնատար անձ չէ՞»:

Սուսաննա Արիստակեսյանի խոսքով. «Գործ ունենք երկու բանդայի հետ՝ մեկը «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինությունն է, մյուսը՝ իրավապահ մարմինները, որոնք մինչ օրս չեն կարողանում ապացուցել, որ ես գողացել եմ թեկուզ մեկ դրամ: Մտել են Վաչագան Ղազարյանի բնակարան առգրավել են 3 հատ կոշտ դիսկ եւ իմ կողմից վճարված 40 միլիոնի հիմքը՝ ստացականը, որտեղ գրված է,որ ես վճարել եմ 40 միլիոն դրամի վնասի հատուցում: Մինչ օրս վնասը ապացուցված չէ: Ապրանքը տեղում է, հիմնարկում մեծ քանակի ավելցուկ կա»:

Մարինա Պողոսյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայության քննիչի անգործության համար էլ ԱԱԾ հաղորդում են ներկայացրել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Պատրաստ ենք լսել նաեւ Վաչագան Ղազարյանի եւ նրա տիկնոջ պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930