ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պատգամավորները քննարկեցին «Գովազդի մասին ՀՀ օրենքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Նա նշեց, որ ըստ այդ օրինագծի՝ բուքմեյքերական կազմակերպությունները եւ շահումով համացանցային ծաղերի կազմակերպիչների գովազդները պետք է կարգավորվեն. «Հեռուստառադիոեթերում եւ ԶԼՄ-ներում եւ այլ կայքերում տեղադրված գովազդները պետք է հետեւյալ ժամանակացույցն ունենան: Հեռուստաեթերում՝ 21:00-ից մինչեւ 06:00-ն, ռադիոեթերում՝ 08:00-ից մինչեւ 20:00-ն, իսկ ԶԼՄ-ներում բուքմեյքերական գովազդները չպետք է զբաղեցնեն էջի 20%-ից ավելին: Այս ամենը քննարկվել է ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ, որպեսզի հնարավորինս կրճատվեն վնասները»:
Հրաչյա Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ օրինագիծն արգելում է բուքմեյքերական ընկերությունների արտաքին գովազդներն ամբողջությամբ. «Սոցցանցերում գովազդելը չի արգելվում, որովհետեւ սոցցանցերն անվերահսկելի են»: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հանձնաժողովականներին զեկուցեց, որ օրինագիծն ընդունելի է կառավարության համար, քանի որ ուղղված է վիճակախաղերի շուրջ հետաքրքրության սահմանափակմանը. «Միայն որոշ նկատառումներ ունենք: Առաջարկում ենք, որպեսզի գովազդի ժամերի տեսանկյունից հավասար պայմաններ լինեն՝ 24:00-ից 06:00-ն: Խոսքը ռադիոյի եւ հեռուստատեսության մասին է: Նաեւ կարծում ենք, որ կայքերում 20%-ի չափով գովազդ տեղադրելը վարչարարական բարդություններ է առաջացնելու վերահսկողություն իրականացնող մարմնի եւ գովազդատուների համար, քանի որ կարիք է լինելու մշտապես հետեւել եւ հաշվարկել համամասնությունը»:
Հրաչյա Հակոբյանը նշեց՝ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, թե այս օրինագիծն իրենց դեմ է ուղղված, բայց, պատգամավորի խոսքով, այդպես չէ. «Եկել ենք այնպիսի որոշման, որ հնարավորինս քիչ տուժեն: Ես խոսել եմ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ եւ լսել նրանց կարծիքները»: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ կարծիք հայտնեց, որ բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակումը պակաս ազդեցիկ միջոց չէ, եւ նմանօրինակ օրենքի նախագծերը միտված են ՀՀ-ում խաղամոլության ծավալները կրճատելուն. «Բայց այստեղ էլ խնդիրներ կան: Գովազը տեղադրողը վնասներ են կրում: Այս ռիսկերը հաշվի են առնվել»:
Պատգամավորներից մեկն էլ համոզմունք հայտնեց, որ մամուլի ակումբներում բուքմեյքերական ընկերությունների գովազդները չպետք է արգելել, որովհետեւ եկամտի աղբյուր են, եւ դրանց բացակայության դեպքում մամուլի ակումբները կփակվեն: Հրաչյա Հակոբյանը նշեց. «Համաձայն չեմ այդ մոտեցման հետ: Գովազդային մենեջերների լավ աշխատանքի դեպքում ոչ մի սանտիմետր տարածք չի կորելու եւ դատարկ չի մնալու»:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ հայտարարեց՝ դեմ է խաղատների եւ առցանց վիճակախաղերի առկայությանը, բայց բուքմեյքերական ընկերություններն արտաքին գովազդի համար տասնյակ միլիոնավոր դոլարներ են տալիս պետական բյուջեին:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի որոշմամբ՝ այս նախագիծը կրկին կքննարկվի ապրիլի 26-ին՝ լրամշակված տարբերակով: Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն այն քննարկման կդրվի ԱԺ լիագումար նիստում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ