Լրահոս
Օրվա լրահոսը

«Ափսոսանք չունեմ, բողոքել եմ ու ինձ հանել են, տարել են դաշնամուրի». Նախագահի կինը՝ բալետը թողնելու մասին

Ապրիլ 12,2019 18:22

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանն այցելել էր Պարարվեստի պետական քոլեջ:

Հայտնի է, որ Նունե Սարգսյանը մանուկ հասակում աղերսել է ծնողներին, որ իրեն բալետի տանեն, մի քանի ամիս անց դժվարացել է ու աղերսել է, որ բալետից հանեն: Նունե Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցն է ավարտել:

Այսօր Aravot.am-ը տիկին Սարգսյանին հարցրեց՝ այսօր, երբ Պարարվեստի քոլեջում ներկայացումը դիտում էիք, ափսոսանք կա՞ր, որ չեք շարունակել ժամանակին՝ նա պատասխանեց. «Ոչ, ափսոսանք չկար: Ես 6 տարեկանում հաճախել եմ այս դպրոցը 6 ամիս միայն: Հետո բողոքել եմ ու ինձ հանել են, տարել են դաշնամուրի: Շատ դժվար էր: Եվ հիմա պատկերացնում եմ ինչ դժվար է բալետ սովորելը: Դա անընդհատ աշխատանք է եւ չարքաշ աշխատանք: Ափսոսանք չունեմ, որովհետեւ ամեն մասնագիտություն, եթե լավ ես անում, լավ բան է: Լինես խոհարար, թե ուսուցիչ, թե երկաթագործ, թե ոսկերիչ, թե նախագահ, թե այգեգործ, ամեն ինչ երբ որ անում ես կատարյալ ու սիրով, դա արդեն լավ գործ է, բավարարում է մարդուն եւ իր շրջապատին»:

Նունե Սարգսյանն ասաց, որ Պարարվեստի պետական քոլեջը բավականին հին պատմություն ունի, 1924-ին է հիմնադրվել. «Փաստորեն, այս տարի այս քոլեջի 95-ամյակն է եւ մի քանի տարի հետո 100-ամյակը պետք է նշենք: Ինչքան կարեւոր գործեր են արել այս դպրոցում ուսանած պարողներն ու պարուհիները՝ ավարտել են դպրոցը Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, Էլվիրա Ուզունյանը եւ շատ-շատ ուրիշ համբավ ունեցող հայ պարողներ: Պարզվում է, որ հիմա ամբողջ աշխարհում համաշխարհային բալետային բեմերի վրա մոտ 50 հայ երիտասարդ պարող կա, պատկերացրեք պարողների ինչպիսի սերունդ է դաստիարակում ու կրթում: Եվ այստեղ ոչ միայն բալետն է կրթվում, այլ նաեւ հայկական ազգային դասական պարը: Մենք՝ հայերս, սիրում ենք պարել, ճի՞շտ է, պարել ու երգել, մեր կյանքի մի մասն է, բայց սա արդեն մասնագիտական ձեւով է արվում: Այս փոքրիկ ու երիտասարդ պարողները մեր փոքրիկ ու երիտասարդ դեսպաններն են՝ ամբողջ աշխարհում, մեր պարարվեստի դեսպանները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930