Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը:
Զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ:
Ապրիլի 1-ից 12-ն անցկացված զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում: Լայնածավալ վարժանքի ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, կրակային տարբեր միջոցներ, հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա: Ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող:
Կարդացեք նաև
Զորավարժության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նախօրոք սցենար չէր մշակվել և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվել իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվել են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաև հակահարձակողական գործողություններ:
Բարձր գնահատելով լայնածավալ զորավարժության նախնական արդյունքները` ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը վստահեցրել է, որ առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվել են բարձր մակարդակով և զորավարժությունը ծառայել է իր նպատակին` ապահովելով հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումների ներդաշնակումը և համատեղ խնդիր կատարելու օպերատիվությունն ու արդյունավետությունը:
ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ