Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն Ադրբեջանից պահանջում է հրատապ կերպով ներդնել մեխանիզմներ ընդդեմ ադրբեջանական լվացքատան

Ապրիլ 12,2019 16:18

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում նիդերլանդացի պատվիրակ Վան դե Վենը ներկայացրեց իր հեղինակած «Լվացքատներ. նոր մարտահրավեր կազմակերպված հանցագործության, կոռուպցիայի և փողերի լվացման ոլորտում» թեմայով զեկույցը:

Զեկույցում առանձնահատուկ կերպով շեշտադրում է կատարված Ադրբեջանում կոռուպցիոն գործարքներին: Մասնավորապես ամրագրված է. «Վերջին երկու տարիների ընթացքում մեծամասշտաբ միջազգային փողերի լվացման սխեմաներ են բացահայտվել: Ամենամեծ ճանաչում ունեցողներն են Գլոբալ լվացքատունը, որն ունի արմատներ ՌԴ-ում և Մոլդովայում, Ադրբեջանական լվացքատունը, որը գտնվում է Ադրբեջանում»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց. «Լվացքատների գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ խնդիրը կա նաև ազգային մակարդակում: Պետք է քայլեր ձեռնարկվեն այս իրավիճակը բարելավելու համար: Դրա համար պետք է մշակել ռազմավարություններ կոռուպցիայի դեմ պայքարի համար, փոփոխություններ կատարել նաև տեղական օրենսդրական մակարդակում»:

Էդմոն Մարուքյանը նաև կարևորեց, որ պետական պաշտոնյաները, նախարարները, պատգամավորները թափանցիկ կերպով իրենց ընտրողներին ներկայացնեն իրենց կարողության և եկամուտների մասին տեղեկատվություն, ինչպես նաև պետք է հատուկ հետաքննություն անցկացվի այս ոլորտում:

Այս ելույթից հետո ակտիվացան ադրբեջանցի պատվիրակները: Նրանք իրենց ելույթներում սկսեցին մեղադրել Վեհաժողովին, թե ինչու են այնպիսի փոքր պետությունների հիշատակում ինչպիսիք են Մոլդովան, Ադրբեջանը՝ հիշեցնելով, որ շատ խոշոր ֆինանսական գործարքներում ներգրավված են հենց խոշոր եվրոպական պետություններ:

Օրինակ՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեն հայտարարեց. «Իհարկե, հեշտ է հետաքննություն անցկացնել փոքր պետություններում՝ Մոլդովայում, Ադրբեջանում, բայց հիշեցնեմ, որ նախորդ նստաշրջաններից մեկի ընթացքում ԵԽԽՎ-ի ղեկավարները թռան Սիրիա ռազմական ինքնաթիռով և հանդիպեցին Ասադին: Այսքանից հետո դեռ հետաքննություններ են ընթանում Ադրբեջանում կոռուպցիայի վերաբերյալ: Ինչո՞ւ: Ի՞նչ նպատակ եք հետապնդում այս հարցերում առաջին պլան մղել նախկին խորհրդային պետություններին և մոռանալ կայսրություններին»:

Ուլվիյե Աղաևան փորձեց համոզել, որ Ադրբեջանում բարեփոխումներ են ընթանում, երկրում դրական տեղաշարժեր կան և հայտարարեց. «Ադրբեջանի անվան միտումնավոր շեշտումը և մեղադրանքները կոնկրետ շրջանակի նախաձեռնություն են, որոնք դեմ են Ադրբեջանին: Լավ կլիներ, որ նույն մարդիկ՝ լինեն լրագրողներ, թե այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպաններ խոսեին տեղահանված հարյուրավոր մարդկանց իրավունքների խախտումների մասին: Ավելի քան 20 տարի այս անձնավորություններն այդպես էլ կոնկրետ դիրքորոշում այս հարցով չհայտնեցին»:

Նշենք, որ Վեհաժողովն ի վերջո ընդունեց այս զեկույցը: Զեկույցում մի շարք հանձնարարություններ են տրված, որոնք պետք է կատարի Ադրբեջանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930