Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային աշխատողի իրավունքները խախտվել են. աշխատանքից ազատվելուց առաջ՝ չեն պահպանվել օրենսդրական ընթացակարգերը

Ապրիլ 12,2019 15:09

«Վարչապետի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, եւ նա մաքսատան աշխատողին կամ հանրային ծառայողին գրավոր կամ բանավոր աշխատանքից ազատելու կամ ընդունելու իրավունք չունի»,-այսօր «Հոդված 3» ակումբում ասաց «Տեմպուս» սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Տիրուհի Նազարեթյանն՝ անդրադառնալով օրերս ավտոմաքսատան աշխատակցին վարչապետի՝ աշխատանքից ազատման դիմում գրելու հորդորին:

Նորագավիթի մաքսատանը շրջայցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սենյակներից մեկում նկատելով ՀՀ դրոշը անկյունում դրված, խիստ տոնով դիմել է աշխատակցին ՝ դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից, հիմնավորելով, թե պետական խորհրդանիշի հանդեպ նման կերպ չեն վարվում:

Նազարեթյանը հիշեցրեց Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածը, որը նախատեսում է՝ զինանշանը, դրոշը կամ օրհներգն անարգելը պատժվում է մինչեւ մեկ ամիս կալանք, կամ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տույժ, եւ առավելագույնը՝ մեկ տարվա ազատազրկմամբ. «Սակայն պետք է լինի քննություն, դատարանի որոշմամբ օրինական ուժի մեջ մտած ակտ: Եթե մենք դիտարկում ենք Աշխատանքային օրենսգիրքը, հանրային ծառայության մասին օրենսդրությունը, մաքսային ծառայության մասին օրենսդրությունը, կարգապահական տույժերի կիրառման համապատասխան ընթացակարգեր են նախատեսվում»: Եվ դրանք, ըստ մասնագետի, նկատողությունն է, խիստ նկատողությունը, մաքսային ծառայողի դեպքում դասային աստիճանի իջեցումը կամ հատուկ կոչումից զրկումը եւ վերջում աշխատանքից ազատելը: Բայց անգամ այս ընթացակարգերը պետք է լինեն որոշակի գործողություններից հետո, եւ ինչպես Նազարեթյանն ասաց, պետք է բացատրագրեր լինեին, եւ ապացուցվեր, որ կատարվել է կատարվել է կարգապահական խախտում. «Այս ընթացակարգերը չեն պահպանվել, եւ աշխատակիցը դիմում է գրել: Սա մեզ մոտ կարծես արմատավորված է»:

Ասուլիսին ներկա, իրավապաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ նկատեց՝ ժողովրդավարական երկրում պետք է առաջնորդվել սահմանադրությամբ եւ օրենքներով. «Այդտեղի իրավիճակը չի խոսում այն մասին, որ եթե վարչապետն ուժեղ է, պետք է կտրուկ լուծումներ տա տեղում՝ շրջանցելով օրենքն ու իրավական ակտերը»: Իրավապաշտպանի խոսքով՝ մաքսային աշխատակցին աշխատանքից ազատելուց առաջ պետք է գործընթաց լիներ, պարզելու՝ նա մեղավոր է, թե՞ ոչ, եւ դա աշխատողի անձնագրով սահմանված պարտավորությո՞ւնն էր, թե՞ ոչ:

«Մենք ունենք լուրջ խնդիրներ՝ մեկը գործազրկությունն է. մարդը չունի աշխատանք, կամ ունի աշխատանք, չունի իրավունք: Այսպես է եւ մասնավոր եւ պետական համակարգում»: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ինչպես նկատեց Վարդանյանը, մարդու լսելի իրավունքը չպահպանվեց՝ երբ նրան մեղադրում են, բայց հնարավորություն չեն տալիս լսել. «Այս դեպքում էլ խնդրի լուծումն այն եղավ, որ մարդը պարզապես լռեց, ազատվեց աշխատանքից եւ չցանկացավ մտնել այդ պայքարի մեջ»:

APR Group հետազոտական կենտրոնի նախագահ, աշխատանքային իրավունքների եւ արհմիությունների հարցերով հետազոտող Ռուբեն Սարգսյանն էլ նկատեց՝ աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրները լուծվում են անհատական, երբեմն ծանոթ-բարեկամների միջոցով, բայց ոչ միասնական. «Չկա սոցիալական գործընկերության մոդելը»:

Էլինար Վարդանյանն էլ ասաց, որ արհմիությունների խնդիր կա, դրանք քանի որ աշխատողների մոտ վստահություն չունեն, ֆինանսական կարողություն չունեն, եւ այսօր այդ արհմիությունները գրեթե որեւէ գործառույթ չեն կատարում, մինչդեռ շատ կարեւոր առաքելություն ունեն: Իրավապաշտպանը նկատեց՝ աշխատանքային օրենսգրքում պետք է կատարվեն փոփոխություններ՝ կոլեկտիվ իրավունքների պաշտպանության տեսակետից, նաեւ անհրաժեշտ է մշակել հայեցակարգ՝ ինչ մոդելով ենք գնալու առաջ:

«Պետք է հասնենք այն գիտակցմանը, որ գործատուն հասկանա՝ աշխատողը ստրուկ չէ, իր ծառայողը չէ, աշխատողն իրականացնում է իր պարտականությունները՝ վճարի դիմաց»,-ասաց Վարդանյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930