Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ դերակատարում ունի Լեգոն երեխաների կյանքում

Ապրիլ 12,2019 14:21

Mind Center կենտրոնում օրերս կազմակերպվել էր հետաքրքիր միջոցառում։ Երեխաները հնարավորություն ստացան ԼԵԳՈ կոնստրուկտորներ կառուցելու և վիկտորինաներ լուծելու։ Վերջում երեխաները ռոբոտների միջոցով անակնկալ մատուցեցին իրենց մայրիկներին՝շնորհավորելով նրանց տոնը։
Նշենք նաև, որ կենտրոնում երեխաները  ծրագրավորման միջոցով  ստեղծում են իրենց անիմացիաները, ինտերակտիվ պատմությունները և խաղերը։

Անդրադառնալով Լեգոյի թեմային՝ փորձեցինք պարզել՝ որքանո՞վ է այն նպաստում երեխաների զարգացմանը և ինչպիսի ազդեցություն ունի վերջիններիս մտավոր աշխատանքի բարելավման գործընթացում։

Լեգո կոնստրուկցիաներ հավաքելը գրեթե բոլոր երեխաների սիրելի զբաղմունքներից է։ Մեր փոքրիկ հերոսների՝ Արմանի և Դավիթի խաղասենյակը հարուստ է լեգոյի ամենատարբեր հավաքածուներով։ Մեկը սիրում է գրքով հավաքել, մյուսը՝ լեգոյի խառը հատիկները հավաքելով իր պատկերացմամբ  մի բան ստանալ։ Ըստ նրանց մայրիկի՝ լեգոյով խաղում են ավելի հանգիստ ու հավասարակշռված երեխաները։

«Լեգոյով խաղալը շատ է զարգացնում միտքը և մարզում ուղեղը, դա նպաստում է նաև մանր մոտորիկային, ստեղծագործական մտքին, պատկերային հիշողությանը, ինչպես նաև նկատվում  է խոսքի կառուցողական արտաբերում»,-ասում է Աստղիկը՝ կարևորելով այն հանգամանքը, որ պետք չէ անտեսել երեխայի ընդունակությունները։

Աստղիկը փաստում է, որ անգամ լեգոյի գույները միանշանակ չեն ընկալվում․դրանք կարևոր դեր են խաղում հատկապես երևակայական մտածողության համար․­«Իմ կարծիքով երեխայի տրամադրության և հոգեվիճակի հետ է կապված նաև գույների ընտրությունը։ Օրինակ Արմանը նախընտրում է «աշխատել» կապույտի հետ, ինչն էլ կապում եմ նրա խաղաղ ներաշխարհի հետ»։

Գնահատելով Դավիթի՝ լեգոյի հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրությունն ու կոնստրուկցիաները րոպեների ընթացքում հավաքելը՝ Աստղիկը հավաստիացնում է, որ հետագայում դա կարող է օգնել, օրինակ, ավելի լուրջ ճարտարապետ դառնալու հարցում․­­ «Դավիթն արդեն հստակ պլանավորել է՝ ուզում է ապագայում շենքեր նախագծել։ Ինձ թվում է՝ եթե իսկապես այդպես որոշի, լեգոն կարող է լավ հիմք հանդիսանալ»։

Գունահոգեբանական ինստիտուտի ուսումնասիրությունները ապացուցել են, որ գույներն ազդում են հոգեկանի վրա։ Աչքի ցանցաթաղանթի ռեֆլեքսոգեն հատվածում լույսի ու գույնի ազդեցության հետևանքով գլխուղեղին հասնող իմպուլսներ են ձևավորվում։ Գույները և դրանց երանգները տարբեր կերպ են անդրադառնում տրամադրության և ինքնազգացողության վրա։

Գույների բազմազանությունը, ըստ մասնագետների, կարող է նաև հակառակ ազդեցությունն ունենալ՝ ազդելով  երեխայի տեսողության վրա։ Այնպես որ, հոգեբանները մայրերին խորհուրդ են տալիս հետևել երեխաների տեսողությանը և խնդիրների դեպքում օգտագործել միագույն լեգոներ և այլ  խաղալիքներ։

Անուշիկ ՅՈԼՉԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930