Այաթոլա Ռուհոլահ Մուսավի Խոմեյնիի (Իմամ Խոմեյնիի) առաջնորդությամբ Իրանում 40 տարի առաջ տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն։ Արտաքին քաղաքականության փոփոխությունը հեղափոխականների գլխավոր պահանջներից էր։ Նրանք ցանկանում էին ունենալ անկախ արտաքին քաղաքականությամբ ինքնիշխան երկիր: Նման պահանջը մեծապես պայմանավորված էր ԱՄՆ-ի կողմից Նիքսոնի հայեցակարգի կիրառման շրջանակներում Պարսից Ծոցի ավազանում և Միջին Արևելքում շահի վարչակարգի ստանձնած դերով, ինչը մեծ ազդեցություն ուներ հեղափոխության հակաամերիկյան բնույթ կրելու հարցում։ Իրանցի ճանաչված փորձագետը գրում է. «Արտաքին քաղաքականությունն իսլամական հեղափոխության հիմնասյուներից էր, որի գլխավոր կարգախոսներից էին՝ «Անկախություն, ազատություն, իսլամական հանրապետություն» և «Ո՛չ արևելյան, ո՛չ արևմտյան իսլամական հանրապետություն»։ Դրանք այլ կարգախոսներից ավելի ցայտուն էին, մտավոր և գիտական յուրահատուկ լիցքով ու ազդեցությամբ, որոնք ուղղակիորեն ներառում էին արտաքին քաղաքականությունը։ Հանգամանք, ինչն ապացուցում է, թե որքան մեծ էր արտաքին քաղաքականության դերն իսլամական հեղափոխության ձևավորման ու ընթացքի հարցում, որը խոսում է նաև հեղափոխության մեջ արտաքին քաղաքականության բազային նշանակության մասին»:
Հեղափոխության հաղթանակից և երկրում իսլամական համակարգ հաստատվելուց հետո, իրապես, արմատական փոփոխություն տեղի ունեցավ երկրի արտաքին քաղաքականության ոլորտում։ Սահմանադրության համաձայն՝ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները որոշում է երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդը։ Բացի այդ Սահմանադրության 152-155 հոդվածները ևս վերաբերում են արտաքին քաղաքականությանը։
1980թ․ փետրվարի 11-ին՝ հեղափոխության առաջին տարելիցին, Իմամ Խոմեյնիի ելույթը, թերևս, որոշիչ դեր ունեցավ այդ երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ձևավորման հարցում, որոնք խիստ կարևորվում են առ այսօր։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ արդեն Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունները խզվել էին։ Խոմեյնին հայտարարեց, թե Իրանը պետք է վերջ դնի ԱՄՆ-ի հետ իր բոլոր տեսակի՝ քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային հարաբերություններին և շարունակի պայքարն այդ դաժան աշխարհակուլի հետ։ Միաժամանակ նա ընդգծեց․ «Մենք մեր հեղափոխությունն արտահանելու ենք ողջ աշխարհ, քանի որ մեր հեղափոխությունն իսլամական է»։
Խոմեյնիի տեսակետներն անվերապահորեն ընդունելի են և բազմիցս կրկնվել են նաև այժմյան հեղափոխության առաջնորդ, երկրի ռազմաքաղաքական ու հոգևոր առաջին դեմք այաթոլա Ալի Խամենեի կողմից։ Եվ, այսպիսով, հստակեցվել են Իրանի արտաքին քաղաքականության 3 հիմնասյուները՝ հակաամերիկյանություն և հակաիսրայելականություն, «ո՛չ արևելյան և ո՛չ էլ արևմտյան» և հեղափոխության «արտահանում», որոնց հիման վրա էլ մշակվում, ձևավորվում է այդ երկրի արտաքին քաղաքականությունը։
Կարդացեք նաև
ՀԱԿԱԱՄԵՐԻԿՅԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱԻՍՐԱՅԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Առ այսօր ԻԻՀ-ի գործադիր իշխանությունը գլխավորած 5 նախագահների արտաքին քաղաքականության հայեցակարգում հակաիմպերիալիստականությունն առաջնային սկզբունքներից է, ինչը ոմանք համարում են դրա անփոփոխ էությունը և հաճախ վկայակոչում Իրան-իրաքյան պատերազմի ամենաթեժ պահին Էմամ Խոմեյնիի արտահայտած մտքերը․ «Մենք գերտերություններից ու գերհզորներից ոչ մեկի հետ համերաշխ չենք, մենք չենք ենթարկվի ո՛չ ԱՄՆ գերիշխանությանը և ո՛չ էլ ԽՍՀՄ-ին»։ Այս տեսակետը պաշտպանողները Սահմանադրության 152 հոդվածը ևս հենց այդ տրամաբանության մեջ են մեկնաբանում, որտեղ նշվում է․ «ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունը հիմնված է գերիշխանություն հաստատելու ցանկացած փորձի և դրան ենթարկվելուն մերժելու, երկրի համապարփակ անկախությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու, բոլոր մահմեդականների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև գերիշխող ուժերի հանդեպ պարտավորություն չստանձնելու և ոչ ռազմատենչ երկրների հետ բարեկամական փոխհարաբերություններ հաստատելու վրա»։ Իրանցիների հակաամերիկյանությունը պայմանավորված է 1953թ․ հեղաշրջմամբ, ինչպես նաև շահի «Սպիտակ հեղափոխություն» անվամբ բարեփոխումների ծրագրում ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ։
Իսկ հակաիսրայելականությունը, ըստ ամենայնի, մահմեդականների միասնության, եղբայրության տրամաբանության մեջ է։ Իսրայելը մեղադրվում է իսլամական հողերը գրավելու, արհեստական պետություն ստեղծելու, մահմեդական պաղեստինցիներին ճնշելու մեջ, ինչի առնչությամբ Խոմեյնին ասել է․ «Իսրայելը պետք է վերանա աշխարհի քարտեզից»։ Ավելին, որոշ քաղաքական, պետական գործիչներ նշում են, թե դա ռազմավարական նշանակության նախադասություն է, որը երկրի արտաքին քաղաքականությունն է որոշում: Սակայն, պետք է նշել, որ իսլամական միասնության առումով ձեռքբերումները շատ մեծ չեն, քանի որ նույնիսկ արաբական աշխարհում այդ հարցում միասնական դիրքորոշումը բացակայում է, ուր մնաց իսլամական աշխարհում։
Էմամ Խոմեյնիին հաջորդած հեղափոխության ներկայիս առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի օրոք հակաամերիկյանությունն ու հակաիսրայելականությունը ոչ միայն շարունակում են մնալ որպես արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներ, այլ առավել խիստ բնույթ են կրում: Նա մի առիթով նշել է. «Նրանք, ովքեր խոսում են ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին, քաղաքականության կամ էլ պատվախնդրության այբուբենը չգիտեն»։ Նա հաճախ է կրկնում նաև, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու վտանգավոր խաղի մեջ կարող է մտնել, երբ հասնի ցանկալի բարձրության քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, որպեսզի ԱՄՆ-ի ճնշումները, սոփեստությունները, ազդեցություն չունենան իրանցիների վրա, իսկ ներկայումս բանակցելն ի վնաս Իրանի է և արգելվում է։ Երկրի ռազմաքաղաքական առաջին դեմքի այդօրինակ դիրքորոշման տրամաբանության մեջ պետք է դիտել նաև Իրան-5+1-ի բանակցությունների ընթացքում իրանական կողմի անդադար շեշտադրումը, թե Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցությունները բացառվում են։
«Ո՛Չ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎ Ո՛Չ ԷԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ»
Երկբևեռ աշխարհակարգի պայմաններում Իրանի իսլամական վարչակարգի արտաքին քաղաքականության հիմնասյուներից դարձավ նաև հեղափոխականների «Ո՛չ արևելյան և ո՛չ էլ արևմտյան, իսլամական հանրապետություն» կարգախոսը, որն առ այսօր զարդարում է ԱԳ նախարարության շենքի ճակատը։ Թեպետ վաղուց այդ աշխարհակարգը պատմության գիրկն է անցել, սակայն այդ սկզբունքին Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում մեծ նշանակություն է տրվում։ Այս առնչությամբ հատկանշական է ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմի արտահայտած տեսակետը։ Նա նշել է, որ «Ո՛չ արևելյան և ո՛չ էլ արևմտյան իսլամական հանրապետություն» սկզբունքն Իրանի արտաքին քաղաքականության շատ կարևոր և հիմնարար սկզբունքներից է, քանի որ իսլամական հեղափոխությունը տեղի ունեցավ Սառը պատերազմի, երկբևեռ աշխարհակարգի պայմաններում, սակայն առանց որևէ բևեռի աջակցության կամ հակվածության։ Նա հավելել է, թե «Ո՛չ արևելյան և ո՛չ էլ արևմտյանը», հեղափոխության շարունակությամբ պայմանավորված, դարձել է երկրի ԱԳ նախարարության բնաբանը և առ այսօր նշանակալից տեղ ու դեր ունի ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունում։
Ինչ վերաբերում է երկու ճամբարների հետ շփումներին, հարկ է նշել, որ դրանք հեղափոխության առաջնորդների հետ եղել են և՛ դրա նախաշեմին, և՛ ընթացքում։ Նախ արևմտյան ճամբարի հզոր քառյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, արևմտյան Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հեղափոխությունից շուրջ մեկ ամիս առաջ՝ 1979թ. հունվարի 14-17-ին, Գվադելուպայում գումարած գագաթաժողովին որոշում ընդունեցին չպաշտպանել շահին, ինչը նշանակում էր անուղղակի պաշտպանել հեղափոխականներին: Իսկ այնուհետև ըստ 2013թ. ԱՄՆ գաղտնազերծված փաստաթղթերի՝ հեղափոխության առաջնորդի և նախագահ Ջիմի Քարտերի միջև անուղղակի կապ էր ստեղծվել: Եվ, փաստորեն, գագաթաժողովի հաջորդ օրը՝ հունվարի 18-ին, Քարտերն առաջին ուղերձով ցանկացել էր տեղեկանալ հեղափոխության առաջնորդի՝ Վաշինգտոնին հետաքրքրող 4 հարցերի վերաբերյալ տեսակետներին, որոնց պատասխանը գոհացուցիչ էր։
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ»
Այս սկզբունքը, թերևս, բխում է իսլամի գլխավոր առաքելություններից՝ բոլոր առումներով համաշխարհայնացնելուց, ինչը նշանակում է, որ հեղափոխությունն էությամբ վերազգային է և սահմաններ չի ճանաչում։ Այլ կերպ ասած՝ իսլամական գաղափարախոսությամբ ԻԻՀ-ի համար հեղափոխության հիմունքների ու նպատակների արտահանումը դառնում է արտաքին քաղաքականության կարևոր գործոն։ Իրանցի որոշ վերլուծաբաններ էլ, իրավացիորեն հենվելով պատմական փորձի վրա, նշում են, թե հեղափոխության ձեռքբերումները, սկզբունքներն ու արժեքները պահպանելու համար դրանց տարածումը՝«արտահանումը», բնական և անհրաժեշտ է։
Հեղափոխության «արտահանումը» գլխավորապես ուղղված է եղել իսլամական աշխարհին և մասնավորապես՝ տարածաշրջանի երկրներին, ինչը մտահոգել է վերջիններիս՝ նպաստելով ընդդեմ Իրանի Պարսից Ծոցի երկրների մերձեցմանը։ Այլ խոսքով՝ իսլամական համակարգի հաստատումն Իրանում վերջինիս ու միջինարևելյան երկրների փոխհարաբերությունների լարվածության պատճառ դարձավ: Մանավանդ, որ ստեղծված պայմաններում ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգում հեղափոխության «արտահանմանն» առաջնային տեղ է հատկացվել, որի շրջանակներում իսլամական շարժումներին աջակցելն անհրաժեշտ է համարվում:
Այսուհանդերձ, հեղափոխությունից հետո դրա «արտահանման» հարցի վերաբերյալ քաղաքական առկա ուժերի ու հոսանքների դիրքորոշումները տարբերվում էին: Ազգայնական կողմնորոշմամբ ուժերը դեմ էին հեղափոխության «արտահանմանը», իսկ կրոնական ծայրահեղականները, նշելով, թե իսլամը սահման չի ճանաչում, պնդում էին, որ հեղափոխությունը պետք է «արտահանել» հնարավոր բոլոր, այդ թվում՝ ռազմական և ֆիզիկական ուժի միջոցներով։ Սակայն, ըստ իրանցի վերլուծաբանների՝ երբ արդեն հեղափոխությունը հիմնավորվել ու հեղափոխական կառույցները ձևավորվել էին, Իմամ Խոմեյնին հեղափոխությունն արտահանելու լիովին այլ դիսկուրս առաջ քաշեց, որն ապացուցեց իր առավելությունը նշյալ տեսակետների նկատմամբ։ Ըստ հիշյալ դիսկուրսի՝ հեղափոխության «արտահանումը» պետք է տեղի ունենա մշակութային, քարոզչական ուղիներով՝ ներկայացնելով իսլամական արժեքներն ու սկզբունքները և դրանք լուսաբանելով կեղեքված ու ճնշման տակ հայտնված մահմեդականների գիտակցության մակարդակը բարձրացնելու նպատակով, առանց այլ երկրների ներքին գործերին ուղղակի և ֆիզիկական միջամտության։
Արտաքին քաղաքականությունում հիմնասյուն դարձած հեղափոխության «արտահանումն» ավելի շեշտելու նպատակով Սահմանադրության 154 հոդվածը հաճախ մեկնաբանվում է որպես այդ սկզբունքի արտացոլում: Դրանում ասված է․ «ԻԻՀ-ն աշխարհում մարդկային հասարակություններում անհատի երջանկությունն իր գերնպատակն (իդեալն) է համարում և անկախությունը, ազատությունը, իրավական կառավարումն ու արդարությունը ճանաչում է որպես մարդու համաշխարհային իրավունքներ։ Հետևաբար կտրականապես խուսափելով այլ ազգերի (երկրների) ներքին գործերին որևէ կերպ միջամտելուց՝ նա միաժամանակ հովանավորելու է աշխարհի ցանկացած կետում ընչազուրկների արդարացի պայքարն ընդդեմ իմպերիալիստների»։
Հիշյալ սկզբունքներն ու Սահմանադրության հոդվածներն Իրանի արտաքին քաղաքականության մեջ առ այսօր անփոփոխ են, ուստի կարելի է ասել, թե ռազմավարությունը հստակ է։ Հետևաբար այս ոլորտում փոփոխությունները գլխավորապես մարտավարական բնույթ են կրում, որոնք պայմանավորված են նախ՝ գործադիրի ղեկավարի քաղաքական կողմնորոշումով, ապա նաև՝ միջազգային ու տարածաշրջանային զարգացումներով։ Բայց և այնպես այդ փոփոխություններն ակնհայտորեն նկատելի են։ Այդ է վկայում Իրանի 40-ամյա պատմական փորձը։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
ԻՐԱՆԱԳԵՏ, ՄԱՀՀԻ ԱՍՈՑԱՑՎԱԾ ՓԱՐՁԱԳԵՏ