1992 թվականի օգոստոսին Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Արծվաշեն համայնքի բնակիչները սպառնում են դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով, որ վերջինս իր երկրում նրանց աշխատելու հնարավորություններ ընձեռի:
Արծվաշենի նախկին բնակիչները, որ այժմ բնակվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում, մասնավորաբար՝ Ճամբարակ, Վանաձոր, Երեւան եւ այլն, այսօր պատրաստվում էին կառավարության շենքի մոտ բողոքի հերթական ակցիան կազմակերպել: Բանն այն է, որ ժամանակին, երբ Արմեն Գեւորգյանը փոխվարչապետ էր եւ տարածքային կառավարման նախարար, կառավարությունում պայմանավորվածություն էր ձեռք բերվել արծվաշենցիներին օգնելու՝ յուրաքանչյուր անձին նախատեսվում էր տրամադրել մեկական մլն դրամ: Պայմանավորվածության արդյունքում այդ մարդկանց վճարվել է գումարի մի մասը, տարբեր դեպքերում՝ 300-400-ական հազար դրամ, այնուհետեւ կառավարությունը չի շարունակել հատկացումները: Արծվաշենցիները մի քանի անգամ բողոքի ցույցեր են արել կառավարության շենքի մոտ, վերջինը եղել է անցած տարի սեպտեմբերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց խոստացել է անպայման լուծել այդ հարցերը տեսանելի ապագայում: Սակայն մինչ օրս, ինչպես ասում են՝ սայլը տեղից չի շարժվել:
Այսօր արծվաշենցիները նախատեսում էին հերթական բողոքի ցույցն իրականացնել կառավարության շենքի մոտ եւ իրենց հարցին շուտափույթ լուծում չստանալու դեպքում նախատեսում են առաջիկայում հավաքվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ եւ Ռուսաստանում աշխատանք հայցելու իրենց խնդրագիր-դիմումը դեսպանի միջոցով փոխանցել ՌԴ նախագահին:
Օրվա ընթացքում ահազանգ ստացվեց, որ ցուցարարները Սեւան-Երեւան ավտոմայրուղու «Չայնիի ոլորաններ» հատվածում հավաքվել են եւ ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի նրանք շարունակեն ճանապարհը դեպի Երեւան: Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն, որն ահազանգի հետքերով եղել էր դեպքի վայրում, ասաց, որ իր հետ զրույցներում ցուցարարները իսկապես պնդում էին, որ ոստիկանությւոնը խոչընդոտում է իրենց տեղաշարժին, իսկ ոստիկանները հերքել են: «Խաբեցին, ինչ արեցին, անկեղծ ասած՝ ես դա չհասկացա»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ ցուցարարները ավտոմայրուղու այդ հատվածում են դեռ: Այս պահին Գեղարքունիքի մարզպետը եւ ոստիկանապետը ցուցարարների մոտ են, զրույց-բանակցություն են վարում հարցին լուծումներ գտնելու համար:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ Կարեն Հեքիմյանն Aravot.am-ի տեղեկացրեց, որ մարզպետի եւ ոստիկանապետի հետ բանակցությունների արդյունքում արծվաշենցիներից 5 հոգանոց պատվիրակություն է կազմվել, առաջիկայում նրանք հանդիպում կունենան ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: