Ըստ որոշ տեղեկությունների՝ կալանավայրերում հերթական բողոքի ցույցին են նախապատրաստվում։ Սակայն այս անգամ անազատության մեջ գտնվողները ոչ թե իրենց իրավունքների համար են պատրաստ պայքարել, այլ ի պաշտպանություն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, կալանավորները կարծում են, թե միջազգային կառույցների ճնշման ներքո Նաիրա Զոհրաբյանը կարող է պաշտոնանկ արվել։
Դատապարտյալները նաեւ խիստ վրդովված են իշխանության եւ հասարակական որոշ կազմակերպությունների այն գնահատականներից, որ Զոհրաբյանը չի համապատասխանում այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնին։«Տիկին Զոհրաբյանը միշտ էլ մեր կողքին է եղել, ոչ մի դեպուտատ իր նման չի հասել մեր ահազանգերին, չի օգնել հարցերը լուծելուն։ Ու հիմա մի հոգու պատճառով ասում ենք՝ հեռացիր Նարա։ Ամոթ է», -ասաց խմբագրություն զանգած դատապարտյալներից մեկը։
Դատապարտյալների հարազատների խոսքերով՝ նրանք նույնպես պատրաստ են փողոց դուրս գալ եւ պաշտպանել Ազգային ժողովի պատգամավորին։ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Ներսեսյանի մոր՝ Հայկանուշ Դավթյանի խոսքով. «Պետք լինի՝ ճանապարհ կփակեն»: «Տղայիս միշտ հանդիպել է տիկին Նաիրան։ Հույս է տվել, հավատ ներշնչել ու տղայիս օգնել է փոխվելու։ Հիմա ո՞նց չօգնենք Զոհրաբյանին։ Նստացույց էլ կանենք»,-նշեց տիկին Հայկանուշը։
«Ինքը շատ է մեր երեխեքի իրավունքները պահել, հիմա մենք պիտի իր իրավունքները պահենք։ Հո մի օրվա՞ չենք։ Մարդու իրավունքների պայքարողի իրավունքն է ոտնահարվում»,-նշեց տիկին Զոյան, որի բարեկամը կալանք է կրում «Վանաձոր» ՔԿՀ-ում։
Կարդացեք նաև
Ի դեպ, հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, թե իրենց գրասենյակը սերտ աշխատում է Զոհրաբյանի եւ հանձնաժողովի հետ ու արդյունքները շոշափելի են։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ