Մարդկանց կարծիքը, հայացքները, ունակությունները, անգամ խոսելաձևը փոխվում է, երբ նրանք դառնում են իշխանության ներկայացուցիչ: Սա ակնհայտ փաստ է, որը բնորոշ է ոչ միայն մեր ժամանակներին: Ընդդիմադիրը, քաղաքացին կարող է բուռն, ագրեսիվ արձագանքել ինչ-որ քաղաքական կամ տնտեսական իրողության, սակայն հաճախ շեշտակիորեն տարբերվում է նրանց արձագանքը նույն երևույթին, երբ արդեն իշխանության ներկայացուցիչ են: Հակասություն է առաջանում՝ ի վերջո, ինչպիսի՞ն էր մարդու կարծիքը կոնկրետ իրողության վերաբերյալ, իսկ գուցե մարդն իր էությամբ միշտ էլ ագրեսիվ ու պոռթկուն է եղե՞լ, և պաշտոն ու իշխանություն ունենալուց դա ավելի ակնհայտ է դարձել:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում անդրադարձանք նրան, որ օրերս Նորագավիթի մաքսատանը Նիկոլ Փաշինյանը աշխատակցին բավական կոպիտ տոնայնությամբ պատվիրեց լվանալ դրոշը, կախել գլխավերևում և աշխատանքից հեռանալու դիմում գրել: Սա միանշանակ արձագանք չգտավ հանրության շրջանում, մասնավորապես, խոսվեց այն մասին, որ քաղաքացու հետ նման տոնով խոսելն անթույլատրելի է, այն էլ վարչապետին, իրավական և աշխատանքային օրենսգրքի մի շարք հարցեր բարձրացվեցին: Նույնիսկ նրանք, ովքեր, թվում է, ակնհայտորեն կողմ են իշխանության և դրա ներկայացուցիչների բոլոր գործողություններին, բավական բուռն արձագանքեցին Փաշինյանի այս քայլին: Իսկ հնարավո՞ր է նման միջադեպերը հանգեցնեն իշխանության և հասարակության միջև որոշակի անդունդի գոյացմանը:
«Հասարակության և պետության միջև անդունդը միշտ կա: Եթե այն բացարձակապես բացակայի, դա կարող է խնդիր դառնալ: Այդ դեպքում պետությունը դառնում է խիստ պոպուլիստական, որովհետև սկսում է կատարել հանրության պահանջները: Սա այժմյան կառավարության խնդիրն է. այդ սահմանագիծը մի քիչ լղոզվել է: Հասարակության ամեն մի շերտ ակնկալում է, որ իր պահանջն ընկալվելու է պետության կողմից որպես հրամայական: Իհարկե, կա վտանգ, որ պետությունը հասարակությունից ավելի կանջատվի: Ի դեպ, Հայաստանում միշտ այդ վտանգը եղել է: Օրինակ, չկան հանրային կարծիքը հասկանալու հստակ մեխանիզմներ: Առաջ դա արվում էր հիմնականում մտերիմների միջոցով, հիմա՝ ֆեյսբուքի: Երկուսն էլ ճշգրիտ հաշվարկների գործիքներ չեն: Այս խնդիրը պետք է լուծել ու գտնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան հասկանալ հանրային կարծիքը, պահանջը», – ընդգծում է մեդիափորձագետը:
Զրուցակիցս նաև հավելում է, որ շատ դեպքերում հանրությունը չի կարողանում ձևակերպել իր պահանջները: «Վերջին կես տարում հանրային քննարկման թեմաները շատ երկրորդական են, իսկ կարևորները չեն քննարկվում: Պետք է վերհանել այն խնդիրները, որոնք հանրության համար կարևոր են», – եզրափակեց պարոն Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այս համարում