Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի պատգամավորին դուր չեկավ Հայկ Սարգսյանի ասածը. «Քանի՞ աշխատատեղ եք ինքներդ ստեղծել»

Ապրիլ 12,2019 13:15

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ՀՀ ներմուծվող ցեմենտի ամեն տոննայի համար 22 հազար դրամ տուրք սահմանելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է տեղական ցեմենտ արտադրողների շահերը պաշտպանելուն (ՀՀ ներմուծվող իրանական ցեմենտի ծավալները նախորդ տարվանից ավելացել են): Քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը (լուսանկարում) նախագծի վերաբերյալ հետեւյալ հայտարարությունն արեց. «Նախկինում մենք մաքսայինում խոչընդոտներ առաջացնելով՝ արգելում էինք իրանական ցեմենտի մուտքը մեր շուկա, որպեսզի տեղական գործարանները չկանգնեն: Տեղացի գործարարները քանիցս ասել են, որ եթե իրանական ցեմենտը մտնի ՀՀ, իրենք վնաս են կրելու եւ փակվելու: Գործարաններից մեկը 400 աշխատող ունի: Իմ կարծիքով՝ ցեմենտի գինն ավելի էժան պետք է լինի, որպեսզի խթանվի շինարարությունը: Այդ տուրքը պետք է վերանայվի եւ իջեցվի, որպեսզի ցեմենտ ներկրելը եկամտաբեր լինի: Դա կբերի գների իջեցմանը: Տեղական արտադրողները տարիներ շարունակ արտոնյալ պայմաններում միլիոնավոր դոլարներ են աշխատել, ուստի պետք է վերանայեն ցեմենտի գինը: Նրանք պետք է իմանան, որ հարեւան երկիր ունենք, որտեղից կարելի է ներկրել: Եւ հետո, ո՞վ է ասել, որ ցեմենտը պարտադիր պետք է տեղում արտադրենք, շինարարությունն էլ թանկացնենք»:

Ապա Հայկ Սարգսյանը կարծիք հայտնեք, որ կարելի է եւ 400 աշխատատեղ փակել, փոխարենը՝ շինարարությունը խթանել:

ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանին նրա մոտեցումը դուր չեկավ. «Այս ի՞նչ ձեւակերպում էր: Ամեն աշխատատեղի համար կռիվ պետք է տանք: Հաշվեք, թե մեր ընտանիքն է, ի՞նչ է՝ ժողովուրդը մեր ընտանիքը չէ՞: Կուզենայի իմանալ՝ դուք երբեւէ մեկ աշխատատեղ ստեղծե՞լ եք, որ այդքան հեշտ եք խոսում: Հակառակը, ամեն ինչ պետք է անենք ստեղծելու համար: Իմ կարծիքով՝ ցեմենտը ոչ թե պետք է ներկրել, այլ տեղական արտադրողների միջեւ մրցակցային պայմաններ ստեղծել»:

Արթուր Դալլաքյանը համաձայն չէր նաեւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի այն դիտարկման հետ, որ պետք է հավասար պայմաններ ստեղծել հայկական եւ իրանական ցեմենտի համար: Նա դրանում տեղական արտադրողներին «քանդելու» միտում է տեսնում:

Հայկ Սարգսյանը գործընկերոջը չարձագանքեց, միայն ժպտաց: Նա իր ելույթի սկզբում շեշտել էր նաեւ, որ քաջատեղյակ է ոլորտից:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց՝ դեմ է, որպեսզի տեղական սպառողի համար ցեմենտը թանկանա, բայց ինքնարժեքի հետ կապված լրացուցիչ հաշվարկների անհրաժեշտություն կա: Պատգամավորը միաժամանակ շեշտեց, որ եթե արտադրողի կողքին չկանգնենք, հետագայում մեծ թվով աշխատատեղեր ենք կորցնելու: Հիշեցնենք, որ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի առաջարկով՝ նշյալ նախագիծը որոշակի ժամկետում պետք է լրամշակվի: Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն նախագիծը քննարկման կդրվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930