Փաստ է, որ այսօրվա ինֆորմացիոն պայքարում վարչապետի թիմը պարտվում է։ Այս ամիսների ընթացքում որքան վարչապետի, նրա թիմի վարկանիշը նվազեց, այս իրավիճակը ավելի ու ավելի լարվեց։ Նախկինում իշխանություններն ունեին բավականին բարձր ռեյտինգ, իշխում էր հեղափոխական-հետհեղափոխական էյֆորիան, կառավարական ռեսուրսները, նաև իրական մարդիկ հեշտությամբ կարողանում էին լռեցնել ընդդիմադիր ցանկացած ելույթ։ Այդ ժամանակ իշխանություններին առանձնապես չէին անհանգստացնում իրենց նկատմամբ քննադատությունները, բայց էյֆորիայի նվազման, իշխանական թիմի ու հատկապես վարչապետի վարկանիշի անկման հետ այս իրավիճակն ու ամեն մի քննադատական խոսք սկսեց նյարդայնացնել Փաշինյանին, ու ցանկացած լրատվական հարված սկսեց շոշափելի դառնալ։ Այդ իսկ պատճառով կառավարության ղեկավարը փորձում է անցնել հակահարվածի։ Ցանկացած առիթով կատաղի պայքար է սկսում, որոշ դեպքերում անհավասարակշիռ ու նյարդային տոներով։ Այդպիսով նա ցանկանում է հավասարակշռություն ապահովել ինֆորմացիոն դաշտում։ ՈՒ քանի որ լրատվական ռեսուրսներով չի կարողանում հավասարակշռել, աշխատում է դա անել ուժային մեթոդներով՝ ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, ոստիկանության միջոցով։ Այս համատեքստում շատ տրամաբանական է, որ «Սպայկայի» հետ կապված թեման դեռ չմարած՝ խնդիր է ծագում «Առինջմոլի» հետ կապված ու հենց այն պահից սկսած, երբ տրանսգենդերային թեմաներով բավականին սուր խնդիրներ առաջացան ԲՀԿ-ի ու «Իմ քայլի» միջև։
Այսպիսով մոտավորապես ուրվագծվում է, թե առաջիկա ամիսներին ինչ ուղղություններով է ընթանալու ինֆորմացիոն հոսքերի, ֆինանսների համար պայքարը։ Այս հանգամանքներում հատկանշական է, որ շեշտը, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, դրվում է ոչ թե ԱԱԾ-ի, այլ ՊԵԿ-ի վրա։ Մեծ վարկանիշ ձեռք բերած ԱԱԾ-ին և նրա ղեկավարին այժմ հանձնարարված է զբաղվել վարկանիշի տեսակետից ավելի ռիսկային գործով՝ ֆեյքերի հայտնաբերմամբ, ինչն իր մեջ ակնհայտորեն քաղաքական ռիսկեր է պարունակում և ցանկացած դեպքում վարկանիշ դժվար թե ավելացնի առանց այն էլ բավականին բարձր ռեյտինգ ունեցող ԱԱԾ պետին։ Ի դեպ, օրերս Արթուր Վանեցյանը բավականին հետաքրքիր պարզաբանում տվեց ֆեյքերի շուրջ ծագած տարընթերցմանը՝ հստակ բացատրելով, որ ֆեյքն ինքնին որևէ հանցակազմ չի պարունակում, որ այդտեղ առաջնայինը ֆեյքի և ոչ միայն ֆեյքի, այլև իրական օգտատերի գրածի բովանդակությունն է։ Պատասխանատվություն կարող է առաջանալ միայն այդ դեպքում, եթե բովանդակության մեջ հանցակազմի տարրեր լինեն։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այս համարում