Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարված՝ իրանական արտադրանքի՞ն. ներմուծվող ցեմենտի 1 տոննայի համար գուցե 22 000 տուրք սահմանվի

Ապրիլ 12,2019 12:56

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց կառավարության հեղինակած՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այն միտված է ՀՀ-ում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը պաշտպանելուն: Ըստ նախագծի՝ ներմուծվող յուրաքանչյուր տոննա ցեմենտի համար պետք է 22 000 դրամ տուրք վճարվի:

Թե ինչից է առաջացել այս անհրաժեշտությունը, Տիգրան Խաչատրյանը թվեր ներկայացրեց. «2018թ.-ին ՀՀ շուկայում կտրուկ փոփոխություններ եղան: Նախորդ տարիներին ոչ մեծ քանակությամբ ներմուծվող ցեմենտը 2018-ին սպառման շուկայում սկսեց զգալի կշիռ ունենալ՝ 3,5 անգամ ավելի, ասել է թե՝ 180 000 տոննա: Ըստ էության, նախորդ տարում սպառված 730 000 տոննա ցեմենտից 550 հազարը տեղական արտադրության էր, իսկ 180-ը՝ ոչ: Տարին առանձնահատուկ էր նրանով, որ տեղական արտադրությունը եւս զգալի աճ էր գրանցել. 550 000 տոննան հիսուն տոկոս աճի արդյունք է՝ 2017-ի հետ համեմատած»:

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ նախարարության վերլուծությունը ցույց է տվել, որ ներմուծված ցեմենտի ծավալի կտրուկ ավելացումը պայմանավորված է հարեւան Իրանի շուկայում տեղական արժույթը արժեզրկմամբ. «Դա հանգեցրել է նրան, որ էներգատար համարվող ցեմենտի ոլորտը մրցունակություն է ձեռք բերել արտաքին՝ հայկական շուկայում, եւ արժեքի զգալի իջեցում է գրանցել: Այդ պատճառով էլ հայկական շուկայում այդ ցեմենտի ծավալն ավելացել է»:

Նախարարը նշեց՝ 22 000 դրամ տուրքը սահմանել են այն տեսլականով, որ հայկական եւ իրանական արտադրության ցեմենտը ՀՀ շուկայում վաճառվի գրեթե հավասար գնով. «Այդ տուրքի նպատակը չէ բացառել իրանական ցեմենտի մուտքը ՀՀ: Այն պետք է շարունակի գոյություն ունենալ՝ առանց հարվածելու տեղական ցեմենտի դիրքերին: Ի դեպ, ըստ տեղական արտադրողի՝ ցեմենտի ինքնարժեքի իջեցման հիմքեր կան՝ տեխնոլոգիական բարելավումների հաշվին, ուստի առաջիկայում նշյալ տուրքի չափն էլ կարող է իջնել»:

Որոշ պատգամավորներ իրանական արտադրանքին հարվածելու միտումներ տեսան, ոմանք էլ պնդեցին, որ տեղական արտադրողի պաշտպանությունն է կարեւոր: Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկեց որոշակի ժամկետում լրամշակել օրենքի նախագիծը, ինչին պատգամավորները «կողմ» քվեարկեցին:

Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն նախագիծը քննարկման կդրվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930