«Առաջին լրատվական»-ի խնդրանքով թռչնամսի թանկացման և ոլորտի խնդիրներին է անդրադառնում Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Թռչնամսի թանկացման նախադրյալները մեկ օրում չեն ձևավորվել: Գլխավորը թերևս այն է, որ հանրապետությունում եղած ֆաբրիկաներից երեքը (մսի արտադրության) կանգնել են տեխնոլոգիական դադարի, ինչի հետևանքով էլ շուկայում մսի պակասություն է առաջացել: Սրանց դադարը նախատեսված էր դեռ անցած տարեվերջին, բայց որպեսզի Ամանորին խնդիրներ չառաջանան, հետաձգեցին: Մսի թանկացման վրա ազդեց նաև թռչնի կերի 25-26%-ով թանկացումը: Գրեթե նույնքան թանկացել է նաև ներկրվող մեկ օրական ճտի արժեքը: Արդյունքում մսի ինքնարժեքը բարձրացել է 150-160 դրամով: Օգտվելով առիթից, իրացման գները ավելի քան 10-15%-ով էլ բարձրացրել են մանրածախ իրացնողները:
Տարիուկես առաջ կառավարությանն ենք ներկայացրել մինչև 2025թ. ոլորտի զարգացման ռազմավարության համալիր ծրագիր, որում ներառված է տոհմային գործի բարելավման և տեղական թռչնամսի կտրուկ ավելացմանն ուղղված նոր ինովացիոն նախագծեր: Եվրոպական ճանաչված փորձագիտական և ֆինանսական կազմակերպություններ այս նախագծերին դրական գնահատական են տվել: Ելնելով էլ դրանից, նաև ծրագրի սեփական ուսումնասիրություններից, Նիդեռլանդների և Իսրայելի մասնագիտացված խոշոր ընկերություններ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարություն իրենց ուժերով 15-16 մլն եվրո ներդրումային նախագծի իրականացման համար և պատրաստ են կառավարության համաձայնության դեպքում կազմակերպել նախագծերի շնորհանդես-քննարկում, մասնակից դարձնելով բոլոր շահառուներին, այդ թվում նաև տեղական ներդրողների: Կան խնդիրներ, որ պայմանավորված են կառավարության դիրքորոշումից, առնչվում են անմիջապես կառավարությանը: Ծրագրի ընդհանուր գումարից մոտ 20% կապված արտադրական տարածքների ձեռք բերման, ենթակառուցվածքների, մաքսային հարկերի հետաձգումների հետ, որ դարձյալ կառավարության գործունեության տիրույթում է: Այս ծրագիրը առաջին փուլում ( 2 տարի) հնարավորություն է ստեղծվում ունենալ սեփական ծնողական կազմ և արտադրել տարեկան 6.5 մլն հատ բրոյլեր ճուտ, որը ամբողջությամբ կբավարարի շուկայի ներկայիս պահանջարկը և ռեալ հնարավորություն կստեղծի տեղական թռչնամսի արտադրության ծավալները կտրուկ ավելացնելու: Կիրառվելու են գերժամանակակից տեխնոլոգիաներ ու բոլորովին նոր մշակույթ, գերխնդիր ունենալով կենսաբանական անվտանգությունը: Ծրագիրը նախատեսում է նաև սեփական կերարտադրության բազայի զարգացում`համագործելով գյուղացիական տնտեսությունների հետ, հանդիսանալով հատիկային կուլտուրաների երաշխիքային գնորդ: Էներգառեսուրսների աղբյուր հիմնականում օգտագործվելու են արևային մարտկոցները:
Տեխնոլոգիական նորույթների, բնապահպանման եվրաստանդարտների ճիշտ կիրառման, կենսաբանական անվտանգության լիարժեք ապահովման պայմաններում ծրագրի իրականացնողները պարտավորվում են բոլոր հիմքերը ստեղծել արտադրելու թռչնամթերք՝ ԵԱՏՄ մրցունակ ինքնարժեքով: Հասկանալիորեն, այդ դեպքում աստիճանաբար վերանալու է դրսից ներկրվող անորակ թռչնամսի պահանջարկը: Օգտագործվելու են նույն մեխանիզմները, որոնք ներդրվել են Ուկրաինայում, Ղազախստանում, Դաղստանում վերջերս իրականացված նմանատիպ նախագծերում: Այն նպաստելու է 800 նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ համապատասխան մուլտիպլիկատիվ էֆեկտով:
Կարդացեք նաև
Ծրագրի իրականացնողները ցանկանում են կառավարությունից երաշխիքներ ստանալ վերոնշյալ և նմանատիպ այլ հարցերում, ճշգրտումներ մտցնել, համագործակցության եզրեր գտնել: Ծրագիրը կառավարությունում քննարկման փուլում է, և ոլորտի ներկայացուցիչներն ու ներդրման ցանկություն ունեցող միջազգային մասնագիտական ընկերությունները սպասում են պատասխանի: