Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա դիվանագիտական պարի է նման». ԱՄՆ սենատորը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 12,2019 10:55

«Ամերիկայի ձայն» – Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում բարձրացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեզը: Սենատորը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին առաջադրված Դեյվիդ Մայքլ Սաթերֆիլդին՝ վերջինիս թեկնածության հաստատման լսումների ընթացքում.

Մենենդեզ- Արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, որ 1915-1923թթ շուրջ 1.5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ եւ երեխաներ սպանվել են Օսմանյան կայսրության կողմից:

Սաթերֆիլդ-Մենք անշուշտ տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին:

Մենենդեզ – Այսպիսով, դուք այն ճանաչում եք, ճի՞շտ է:

Սաթերֆիլդ – Այո՛:

Մենենդեզ – Եւ դուք ճանաչո՞ւմ եք, որ դա ցեղասպանություն էր…

Սաթերֆիլդ – Նախագահը հայտարարել է, դա 20-րդ դարի առավել սարսափելի դաժանություններից մեկն էր, եւ ես միանում եմ այդ հայտարարությանը:

Մենենդեզ – Անկասկած դա դաժանություն էր, հարցն այն էր, թե արդյոք դա ցեղասպանությո՞ւն էր:

Սաթերֆիլդ – Նախագահի հայտարարությունը ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն է:

Մենենդեզ – Ուստի, չեք ասելու ինձ, թե դա արդյոք ցեղասպանությո՞ւն էր: Հարցնեմ այսպես՝ ճանաչում եք, որ 1915-ին Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դաշնակից ուժերը առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցանք գործելու մեջ:

Սաթերֆիլդ – Ես պատմաբան եմ եւ լավատեղյակ եմ այդ ժամանակվա իրադարձություններից:

Մենենդեզ – Ուստի, դուք ճանաչում եք այդ փաստը: Ճանաչո՞ւմ եք արդյոք, որ Հենրի Մորգենթաուն՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանը, հայտարարել էր, որ թուրքական կառավարության հրամանը հայերի արտաքսման մասին եղել է «ամբողջ ազգի մահապատժի հրաման»:

Սաթերֆիլդ – Ես տեղյակ եմ այդ հայտարարությունից:

Մենենդեզ – Սա դիվանագիտական պարի է նման: Մենք որպես պետություն չենք ճանաչում պատմական փաստը, որը նույնիսկ Միացյալ Նահանգների Ողջակիզման թանգարանը որպես միջկառավարական հաստատություն ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Բայց մենք ի զորու չենք արտասանելու «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Եւ մենք չենք կարող շարժվել դեպի ապագա, եթե չկարողանանք ճանաչել անցյալը:

Լսումների ընթացքում սենատորներ Շահինի եւ Մենենդեզի պահանջով ապագա դեսպանն անդրադարձավ նաեւ Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներին եւ Ռուսաստանից Ս-400 հակաօդային համակարգերի գնման գործարքին: Ըստ Սաթերֆիլդի, Անկարայի կողմից ռուսական զենքի գնումներն անհեռատեսական քայլ է.

«Եթե Թուրքիան ձեռք բերի Ս-400 համակարգերը, նրանք այլեւս չեն կարող ձեռք բերել Ֆ-35 ամերիկյան մարտական ինքնաթիռները: Այլեւս չի լինելու Փեթրիոթ համակարգերի վաճառք, եթե նրանք գնեն Ս-400: Սա լինելու է ոչ իմաստուն քայլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930