Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուշագրավ է լիբերալ ուժ հանդես եկողի՝ «Լուսավոր Հայաստանի» լռությունը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ խտրականության շուրջ»

Ապրիլ 12,2019 15:00

ԱԺ-ում տրանսգենդեր կնոջ՝ Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո կրքերը չեն հանդարտվում: Քաղաքական ուժերը մեկը մյուսի վրա է բարդում՝ ով է տրանսգենդեր կնոջը թույլ տվել մտնել ԱԺ շենք: Նոր Հայաստանում սպասվում էր, որ նոր իշխանության ներկայացուցիչները ԲՀԿ-ին կհակադարձեին՝ ով որ թույլ է տվել, ճիշտ է արել, ի վերջո Լիլիթը ՀՀ քաղաքացի է, մարդ է, իր խախտված իրավունքների մասին է խոսել: Այս օրերին խտրական հայտարարություններն ու ատելության խոսքը ԼԳԲՏ համայնքի հանդեպ լիուլի էին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն «Առավոտ»-ի հետ զրույցում խտրական երեւույթների մասին, այսպես ասած՝ պատմական ակնարկ կատարեց, հիշեցնելով անցյալ տարի Շուռնուխի դեպքերը, երբ այս համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության եւ դրսեւորումներ եղան, ԼԳԲՏ քրիստոնեաների համագումարի ձախողումը: Սաքունցի դիտարկմամբ՝ այդ դեպքերը վեր հանեցին եւ արձանագրեցին՝ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում նշված խմբի ներկայացուցիչների իրավունքների խնդիրները: «Արձանագրեցին նաեւ՝ նոր իշխանությունները նույնպես ունեն հստակ մոտեցում, դիրքորոշում այս խմբի ներկայացուցիչների իրավունքերի վերաբերյալ: Ճիշտ է, նոր իշխանությունները հռչակում են, որ հավատարիմ են մարդու իրավունքի եւ ժողովրդավարության սկզբունքներին, բայց այս խմբի ներկայացուցիչների իրավունքների նկատմամբ դիրքորոշումները հստակ չեն ձեւակերպում: Սա ակնառու էր տրանսգենդեր կնոջ ելույթի հետ կապված իրադարձությունների ժամանակ: Հստակ է քաղաքական խճանկարում՝ այն ուժերը, որոնք տարիներ շարունակ ունեցել են հետադիմական, ակնհայտ բացասական, ոչ հարգալից վերաբերմունք մարդու իրավունքների նկատմամբ, այսօր էլ ցույց տվեցին»:

Սաքունցի կարծիքով՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների՝ որպես մարդու իրավունքների ակնհայտ հակասահմանադրական դիրքորոշումն ուղեկցվում էր ատելության, բռնության սպառնալիքի կոչերով. «Եվ սա մնում էր անպատիժ: Շուռնուխի դեպքերի եւ ԼԳԲՏ քրիստոնյաների համաժողովի դեմ հանդես եկողները, որոնք խախտեցին մարդկանց հավաքների ազատության իրավունքը, չենթարկվեցին պատասխանատվության: Սա պայմանավորված էր նրանով, որ իշխանությունները սկզբունքային չէին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից»:
Իրավապաշտպանը հիշեցրեց «Իմ քայլ»-ից պատգամավոր Մարիա Կարապետյանի խոսքերը՝ ճշմարտությունն ավելի բարձր է, քան օրակարգը, բոլորն իրավունք ունեն ելույթ ունենալու. «Բայց նշեմ՝ Լիլիթ Մարտիրոսյանի ԱԺ-ում հայտնվելը որեւէ նշանակություն չպետք է ունենար դիսկուրսի առումով: Պետք էր հստակ ասվեր՝ եթե նույնիսկ փորձ արվեր խոչընդոտել տրանսգենդեր անձի մուտքը ԱԺ՝ նրա սեռական կողմնորոշման հիմքով, դա ոչ միայն անթույլատրելի է, այլեւ «Իմ քայլ»-ը պետք է ամեն ջանք գործադրեր այդ խոչընդոտը վերացնելու եւ մուտքն ապահովելու համար: Այս թեմայով ԱԳՆ-ի հայտարարությունը խայտառակություն էր: Մարդու իրավունքները պայմանավորել ավանդական արժեքներով կամ հասարակական բարոյականության՝ որպես ավանդական արժեքների դրսեւորումներ, ամբողջովին Եվրասիական միության մոտեցման արտահայտումն է, որը տեղ չունի ժողովրդավարական եւ իրավական պետության սկզբունքներում: Արդարադատության նախարարի հնչեցրած կարծիքը, թե՝ մեծամասնությունը փոքրամասնութան գերին չպետք է լինի, դա եւս նահանջ էր: Որովհետեւ խոսքը չպետք է լինի մեծամասնության կամ փոքրամասնության ենթատեքստում, այլ՝ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով պետք է լիներ:

Այս թեմայի շուրջ բանավեճը ցույց տվեց, որ մարդու իրավունքների վերաբերյալ պատկերացումները դեռեւս ամբողջական չեն եւ խտրական են՝ կախված մարդու որեւիցե հատկանիշով»:
Սաքունցի խոսքերով՝ տարիներ շարունակ Հայաստանում չեն գործել իրավունքի գերակայության սկզբունքը, սահմանադրական նորմերը. «Իշխանությունները որդեգրել էին իմիտացիոն վարքագիծ՝ դրսում ցույց տալ իրենց ճարպկությամբ իբրեւ հետամուտ են, ջանք են գործադրում մարդու իրավունքների խնդիրների լուծմանը, բայց ներսում ոչ թե ջանքեր են գործադրում, այլ ակնհայտ ռեակցիոն դիրքերից են հանդես եկել: Արդյունքում հիմա այս իրավիճակում ենք»:

Սաքունցի դիտարկմամբ՝ հատկապես ԼԳԲՏ համայնքի իրավունքերի հարցը օգտագործվել է քաղաքական մանիպուլյացիաների նպատակով: Իրավապաշտպանը օրինակ բերեց 2013 թվականը, երբ Արեւելյան գործընկերության ասոցացման համաձայնագրի ստորագրումից առաջ համահայկական ծնողական կոմիտեն, որը եվրասիական կոնցեպտի կառույցներից է, փորձում էր դիմագրավել Արեւելյան գործընկերության անդամ երկրներին համաձայնագրի ստորագրման գործընթացին. «Այն ժամանակվա իշխանությունն էլ օգտագործեց դա, իբրեւ հանրային վերաբերմունք, թե՝ հանրությունը դեմ է հակախտրականության օրենքի ընդունմանը: Բայց այդ իշխանությունը ոչ լեգիտիմության հարց ուներ: Իսկ հիմա նոր իշխանությունը ունի անվերապահ լեգիտիմություն, չկա որեւէ խոչընդոտ հանդես գալու մարդու իրավունքների սահմանադրական դիրքերից: Ժողովրդավարական երկրներում խտրական դրսեւորումները անհամատեղելի են քաղաքական վարքագծի հետ»:
Իրավապաշտպանի կարծիքով՝ նոր Հայաստանում իշխանությունը իրավական, ժողովրդավարական պետության դիրքերն ամրապնդելու պարտավորությունից զիջում կատարեց իր կիսատ-պռատ եւ ոչ միանշանակ, ոչ հստակ հայտարարություններով, ինչը տեղի տվեց հակասահմանադրական եւ հակաիրավական դիրքեր ունեցողների մանիպուլյացիաներին:

Արթուր Սաքունցը նաեւ Վրաստանի օրինակը բերեց, նկատելով՝ երբ հակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվեր, վրաց Ուղղափառ եկեղեցու առանձին հոգեւորականներ դեմ էին, բայց վրաց Պատրիարքը հրապարակավ հանդես եկավ եւ ասաց՝ եկեղեցին կողմ է օրենքին, որովհետեւ դա պետության եւ քաղաքացու շահն է:
Սաքունցն ասաց, որ եթե ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի դիրքորոշումն այս խնդրի նկատմամբ հասկանալի է, ապա հասկանալի չէ «Իմ քայլ»-ի այն պատգամավորների դիրքորոշումը, որոնք քաղհասարակությունից են, եւ նրանք պետք է հանդես գային այնպես, ինչպես հանդես կգային, եթե չլինեին ԱԺ-ում:

«Ուշագրավ է «Լուսավոր Հայաստանի» որպես լիբերալ ուժ հանդես եկող ուժի լռությունը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ խտրականության շուրջ, երբ խոսքը հենց ազատականության եւ իրավահավասարության խնդիրների մասին է»,-ասաց Սաքունցը: Նա գտնում է, որ ԱԱԾ-ն էլ երկակի մոտեցում է դրսեւորում, երբ քրեական գործ հարուցեց ատելության եւ թշնամանքի սպառնալիքի հիմքով սոցցանցի օգտատերի նկատմամբ, բայց նման հետեւողականություն չի տեսնում օրը ցերեկով բաց դեմքով սպառնալիքներ հնչեցողների նկատմամբ. «Ընտրողական մոտեցում է, նահանջ՝ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից: Բացահայտվեց քաղաքական հարթության վրա, քաղաքականությամբ զբաղվողների մտածելակերպի խտրական լինելը: Սպեկտերը լայն է՝ ծայրահեղ խտրական է՝ ատելության, թշնամանքի խոսքերով եւ ամոթխած եւ անհամարձակ խտրական: Բայց բովանդակային առումով խնդիրը չենք լուծում: Տրանսգենդեր կնոջ ելույթից հետո զարգացումները ինդիկատոր էին, որոնք բացահայտեցին խնդիրները, եւ դրանք պետք է լուծվեն»:
Իրավապաշտպանը նկատեց՝ ՀՀ Սահմանադրությամբ արգելվում է խտրականությունը՝ տարբեր հատկանիշներով: Թեեւ, ըստ Սաքունցի, Սահմանադրությունում խտրականության դրսեւորմանը նպաստող դրույթներ կան եւ այս Սահմանադրությունը պետք է փոխվի:

Բացի այս, Սաքունցը նաեւ հիշեցրեց՝ ՀՀ-ն ունի միջազգային պարտավորություններ՝ վավերացրել ենք մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան եւ սա նշանակում է ազգային օրենսդրությունը պետք է համապատասխանեցնել միջազգային սկզբունքներին, եթե ուզում ենք միջազգային հանրության մաս կազմել: Այդ միջազգային կոնվենցիայով արգելվում է ցանկացած տեսակի խտրականությունը. «Որպեսզի ցանկացած երկրի քաղաքացի եթե գա Հայաստան, պաշտպանված լինի այնպես, ինչպես իր երկրում: Դրա հիման վրա է զարգացման երաշխիքը»:
Փոխանակ քաղաքական կուսակցությունները ջանք գործադրեն խտրականության բացառման, հակախտրական մշակույթի ձեւավորման ուղղությամբ, իրավապաշտպանի խոսքերով՝ հակառակը՝ կամ շատ ծայրահեղ խտրական դրսեւորումներ են ցուցաբերում, կամ ոչ հստակ դիրքորոշմամբ հայտարարություններ են լինում:

«ԱԺ-ում տրանսգենդեր կին առաջին անգամ խոսեց, սա լավ է: Բայց երբ խոսում են՝ թե Մարտիրոսյանին ով է տվել անձնագիրը, ով չի տվել, լավ չէ: Պետք է ասվեր՝ եթե նրան չտային անձնագիր, մենք պետք է տայինք, որովհետեւ ՀՀ-ում յուրաքանչյուր մարդ, քաղաքացի ունի հավասար իրավունքներ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.014.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել