Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես «տարօրինակ» լաբորատորիայից պահանջում եմ իմ ապացույցը»

Ապրիլ 12,2019 14:30

Արտակ Լուլուկյանը երեք տարի առաջ հուլիսի 15-ին Բերդ քաղաքում գնում է խոզի կեր՝ ցորենի թեփ: Վրացական տառերով՝ մակնշված մեկ պարկը կշռում էր 20 կիլոգրամ, այն արժեր 3500 դրամ:
Զրուցակցիս պատմելով, այդ կերը մի քանի օր անց տալիս է իր խոզերին. դրանք հիսունն էին, չնայած գյուղապետարանի տեղեկացմամբ՝ 36-ը:

Օգոստոսի 14-ին առաջին երկու խոզը սատկում են, իսկ երբ Ատակը հրավիրում է անասնաբույժ Միշային, նա ասում է՝ կերի թունավորում է:
Երեք օր հետո, նա սատկած խոզը վերցնելով՝ տանում է Բերդ քաղաքի սննդի անվտանգության աշխատակից Անդրանիկ Քոսակյանի մոտ. խոզի ականջներից, մռութից…արյուն էր գալիս:
Մասնագետը զանգում է Երեւան՝ տեղեկացնելով, թե խոզեր են սատկում:

Թե ինչու էր զանգում Երեւան՝ լաբորատորիա, մասնագետի խոսքերից պարզ է դառնում. իրենց լաբորատորիան չուներ այն հնարավորությունները, որով կարողանար պարզեր խոզերի սատկելու պատճառները:
Օգոստոսի 24-ին Արտակն իր հետ վերցնում է կասկածելի կերը, գալիս է Երեւան՝ հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն, ասելով, թե ցանկանում է ճշտել կերի պարունակությունը, արդյոք այն պիտանի՞ է խոզերին կերակրելու համար: Տրամադրում է մեկ կերի նմուշ՝ մանրէաբանական հետազոտության համար:

Մինչդեռ, ըստ զրուցակցիս, ինքը չգիտեր, որ անհրաժեշտ է թունաքիմիական փորձաքննություն: Նա մի քանի անգամ Տավուշից երկու հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրում-անցնում՝ Երեւան գալու համար, իսկ պատասխանն ուշանում է:
Հետագայում հեռախոսով նրան հայտնում են. «Ինչ կեր, բացի թույնից, ոչինչ չկար»:

Ի դեպ, լաբորատորիան որոշ ժամանակ հետո հրաժարվում է, թե իրեն տրվել է կերի նմուշ, նաեւ հայտնում է. «Լաբորատորիան իրականացնում է ախտորոշիչ միջոցառումներ հստակ ցուցանիշների նկատմամբ, հետեւաբար, նույնիսկ վերը նշված հարցադրումների առկայության դեպքում, չէր կարող տալ հստակ պատասխան, այլ կարող էր տրամադրել խորհրդատվական բնույթի տեղեկատվություն, քանի որ վերը նշված հարցադրումների վերաբերյալ միանշանակ կարծիք տալ հնարավոր չէ, այն կախված է բազմաթիվ հանգամանքներից»:
Փորձագիտական եզրակացության համաձայն էլ. «Ինֆեկցիաները կարող էին հանդիսանալ կենդանիների անկման պատճառ, կարող էին եւ չհանդիսանալ»:

Այսինքն՝ չի պարզվում խոզերի անկման պատճառները:
Երբ այս պատասխանը ստանում է, Արտակը գալիս է կրկին Երեւան՝ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայություն, ցանկանում է իմանալ, թե արդյոք Վրաստանից նման կեր ներմուծվե՞լ է Հայաստան:
Այնտեղ պատասխանում են՝ նման կեր չի ներմուծվել:

Իսկ խոզերը կամաց-կամաց սատկում են, քաղաքացին, որը հինգ հազար դոլարի վարկ ուներ վերցրած, եւ դրանք փակում էր խոզերի հաշվին, կրում է հինգ միլիոն դրամի վնաս խոզերի անկումից, նույնքան էլ կովերի վաճառքից է կրում՝ պարտքերը տալու համար:
Առերեւույթ մեղավորներ չկային, եւ նա դիմում է Բերդ քաղաքի ոստիկանության բաժին, մեղավորներին հայտնաբերելու, պատժելու համար:

«Պետը՝ Դալլաքյանը, հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ, չեմ իմանում՝ ում, նա դիմեց մեզ, ասելով՝ մի գրեք: Իսկ ես Խաչիկ անունով տղայի հետ էի, նրա խոզը նույնպես սատկել էր, գրեցի բողոքս»,-ասում է զրուցակիցս:
Սեպտեմբերին Քոսակյանին Արտակը հանդամասում տրամադրում է կերը եւ սատկած խոզի նմուշներից:
Մի հետազոտությամբ պարզվում է, որ կերը «բորբոսասունկ է, մանրէներ ունի», իսկ մի թղթով էլ՝ ոստիկանություն ուղարկված, իբր կերը խանութներից հավաքվել է:

«Խոզի եզրակացությամբ» էլ պարզվում է. «Անասնաբուժական փորձաքննության համաձայն՝ նմուշներում պարազիտային, ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներ եւ թունանյութեր չեն հայտնաբերվել, ստամոքսի պարունակում կերակրի աղի պարունակությունը նորմայի թույլատրելի սահմանում է»:
Այս ամենի մասին նամակ է ուղարկում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:
Դիմում է «Ֆինկա», «Արեգակ» վարկատու կազմակերպություններին՝ խնդրելով սառեցնել վարկը, բայց այդպես էլ վարկը չի սառեցվում, այլ մինչ օրս «պտտվում է»:
Արտակը գալիս է կնոջ հետ Երեւան:

Երեւանում դիմում է գրում գլխավոր դատախազին, որը դիմումը ուղարկում է Տավուշի մարզի դատախազին, վերջինս էլ տեղեկացնում է, թե ամեն բան վերահսկվում է:
Երեւանում աշխատանք չգտնելու պատճառով Արտակը մեկնում է ՌԴ, սակայն անցյալ տարվա սեպտեմբերին վերադառնում է հայրենիք:
Նա նամակ էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նամակին չեն պատասխանում, գնում է կառավարություն, որտեղ Գրետա անունով մի տիկին հորդորում է «կրկին փորձել», այն է՝ նորից նամակ գրել: Երեք նամակ է գրում, որեւէ պատասխան չստանալով նա դիմում է Կենտրոնի դատարան՝ Փաշինյանի դեմ:

Այդ ժամանակ էլ ստացվում է նամակի պատասխանը, քրեական գործի կարճման մասին որոշումից էլ տեղեկանում է, որ լաբորատորիան ոչնչացրել է կերը:
Բերդի քննչական բաժնի ավագ քննիչ Մ.Գալստյանին տեղեկացնում են. «Լաբորատորիայից որեւէ մեկը նյութերի նախապատրաստման փուլում փորձագետ չի ճանաչվել, ինչը պետք է կատարվեր նախապես սահմանված կարգով, կերի նմուշը պահվել է չորս ամիս, փոձաքննության չի ենթարկվել, որից հետո ոչնչացվել է գործող կարգի համաձայն»:

«Ինչ իրավունքով է ոչնչացվել իմ ապացույցը: Պահանջում եմ իմ ապացույցը»,-հարցնում է իրեն իրական տուժող ճանաչող Արտակ Լուլուկյանը:
Քրեական գործի նախապատրաստման փուլում «հայտնաբերվում է կեր վաճառողը՝ Սասուն անունով մեկը»:
Արտակ Լուլուկյանը դիմում է մարզի դատարան, քննիչների եւ դատախազի կարճման որոշման համար: Մարտի 3-ից նա սպասում է, թե երբ կուղարկեն դատավոր Մարդանյանի որոշումը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930