Օրերս Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կայացած գերմանական ռոմանտիզմի շրջանի (Վագներ, Բրամս եւ այլն) թավջութակի համար գրված երաժշտության ընտրանին մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանդիսատեսի շրջանում: Հանդես եկան ճանաչված թավջութակահարներ Էրկկի Լահեսման (Ֆինլանդիա), Արամ Թալալյանը, Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սան Արտյոմ Իոաննիսյանը (Գայանե Ռաֆայելյանի դասարան), Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Անդրանիկ Աղաջանյանը (դոցենտ Արամ Թալալյանի դասարան), դաշնակահարներ Ջուլիետա Վարդանյանն ու Արմեն Բաբախանյանը:
Տեղեկացանք, որ ֆինն թավջութակահարը նաեւ վարպետության դասընթացներ է անցկացնելու Երեւանի կոնսերվատորիայում, ու հետաքրքրվեցինք, թե այսօր աշխարհում, երաժշտական նեղ մասնագիտությունների շրջանակում ի՞նչ տեղ ունի թավջութակը, մասնավորապես՝ ի՞նչ կարծիքի է հայկական դպրոցի մասին: «Ուրախությամբ փաստեմ, որ աշխարհում անհամեմատ աճել է ուսանող թավջութակահարների թիվը, հետեւաբար՝ մրցակցությունն էլ: Եթե որոշ երկրներ առանձնացնեմ, կնշեմ Չինաստանը, Կորեան եւ Ճապոնիան, որոնց մշակութային հաստատությունները «թողարկում» են շատ մեծ թվով իսկապես բարձրակարգ մասնագետներ: Հայկական թավջութակի դպրոցն իր տեղն ունի աշխարհում եւ բավականին բարձր հեղինակություն:
Երկրորդ անգամ պատիվ ունեմ ձեր կոնսերվատորիայում վարելու վարպետության դասեր: Անցյալ տարի այս ժամանակահատվածում կրկին Երեւանում էի եւ հաճույքով աշխատում էի հայ երիտասարդ թավջութակահարների հետ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հարցին, թե՝ աշխարհում բազմահազար, թեկուզեւ բարձր պատրաստվածություն ունեցող երաժշտին ի՞նչ է անհրաժեշտ նկատվելու համար, մասնագետը պատասխանեց մեկ բառով՝ մե-նեջ-մենթ: Երաժիշտը հիացած էր հայ ունկնդրով, ինչը նրան մտորելու տեղիք էր տվել: Այս առիթով նա ասաց. «Այսօր աշխարհը շատ է փոխվել, կային ժամանակներ՝ դա շուրջ կես դար կամ ավելի առաջ էր, նույնիսկ դասական երաժշտության ոչ սիրահարը գոնե գիտեր Հեյֆեցի, Ռուբինշտեյնի եւ այլ երաժիշտների անունները:
Կարդացեք նաև
Այսօր նույն աշխարհում կան մարդիկ, հավատացնում եմ, որ չգիտեն Հերբերտ ֆոն Կարայանի, Պավարոտիի եւ մյուս երեւելիների անուններն անգամ: Եվրոպայում այսօր, օրինակ, համերգասրահի բեմից պարզ երեւում է, որ հանդիսատեսի գերակշիռ մեծամասնությունը հասուն տարիքի ալեհեր մարդիկ են: Սա էլ պարզ է. այդ մարդիկ այլեւս չեն կարող հաճախել դիսկոտեկ, հետեւաբար ներկա են լինում դասական համերգների: Մինչդեռ այս հարցում մեծ է պետության դերը»: Խնդրեցինք մանրամասնել իր երկրում պետության դերը, ասենք՝ հանդիսատես կրթելու գործում: «Միայն օրինակ բերեմ իմ երկրում գործող նախագծերից մեկը՝ Art Testors-ը: Սա պետական ծրագիր է 7 տարեկանից բարձր երեխաների համար:
Դրա շրջանակներում երեխան հաճախում է Հելսինկիի օպերային թատրոն, դիտում ներկայացում, որից հետո դպրոցում իր տպավորությունները պետք է հանձնի թղթին, գրի շարադրություն: Սա դեռ ամենը չէ. երաժշտության ուսուցչի եւ հրավիրված մասնագետի հետ աշակերտները անցկացնում են քննարկումներ: Սաների կողմից նման «վերաբերմունքի» են արժանանում նաեւ թանգարանները, պատկերասրահները եւ մյուս մշակութային օջախները: Այսինքն՝ սա պետական համազգային ծրագիր է: Վերջին շրջանում երիտասարդներին իբր դասական երաժշտարվեստին մոտեցնելու նպատակով էժան մեթոդների են դիմում, օրինակ՝ «խառնելով» փոփ երաժշտությունը դասականի հետ: Ես դեմ չեմ արվեստի մյուս ժանրերին եւ գնահատում եմ յուրաքանչյուրում բարձրակարգը, բայց միանշանակ դեմ եմ նման պարզունակ ձեւեր կիրառելուն»,- հավաստիացրեց Էրկկի Լահեսման:
Զրույցին ներկա Արամ Թալալյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը, նախ նշեց, թե իրենք 90-ականների սկզբին ուսանել են ԱՄՆ-ի Lally համալսարանում, ապա փաստեց. «Բնականաբար, ստույգ թվերով չեմ կարող ներկայացնել, բայց շուրջ 5 մլն բնակչություն ունեցող Ֆինլանդիայի ավելի քան 100 հազարանոց 9 քաղաքներում գործում են սիմֆոնիկ նվագախմբեր, 5 քաղաքում՝ մեծ կազմով (70-ից ավելի երաժիշտ) եւ նվագախմբերի ֆինանսական ծախսերի մոտ 60%-ը հոգում են քաղաքապետարանները: Պատկերացնենք, որ մեր փոքր քաղաքներում էլ, ասենք՝ Հրազդանում, գործեր սիմֆոնիկ նվագախումբ: Իսկ չե՞ք կարծում, որ Հայաստանի փոքր ու մեծ քաղաքներում ավելացող ոչ միայն սիմֆոնիկ, այլեւ այլ մշակութային կոլեկտիվները կկանխեին արտագաղթը…»:
Անդրադառնալով վարպետության դասերին, պարոն Թալալյանը կարծիք հայտնեց, որ դրանք պարզապես անհրաժեշտություն են երիտասարդ երաժիշտների համար: Նրա խոսքերով՝ «Հասկանալի է, որ նման դասընթացները ֆինանսական ծանր բեռ են, բայց անխոս՝ դրանք կազմում են երաժշտի կրթական աճի մեծ մասը: Լավ է, որ այսօր մեր կոնսերվատորիայում Erasmus+ փոխանակման ծրագրի շրջանակներում կրկին Երեւանում է նաեւ իր վարպետության դասընթացներով հայտնի երաժիշտ Էրկկի Լահեսման, որը ներկայացնում է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի կիրառական գիտությունների համալսարանը: (Արամ Թալալյանը հիշյալ ծրագրով վարպետության դասընթացներ է վարել Ֆինլանդիայում- Ս. Դ.):
Մեր բուհը համագործակցում է նաեւ Պորտուգալիայի Ավելրու քաղաքի համալսարանի, Իտալիայի Սիենա քաղաքի ջազ ակադեմիայի հետ: Գիտեմ, որ վերջերս պայմանագրեր են կնքվել նաեւ Ուդինե քաղաքի Յակոպո Տոմադինիի անվան կոնսերվատորիայի եւ Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կիրառական գիտությունների եւ արվեստի համալսարանի հետ»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.04.19