Ոստիկանության աշխատակիցների աշխատանքից դժգոհ մարդիկ շատ կան, որոնց թվում եմ նաեւ ես՝ իմ հիմնավորումներով, սակայն այս խնդիրն, ըստ իս, համակարգային փոփոխության եւ փորձառու մասնագետների ներգրավելու խնդիր է, իսկ երբ ականատես ես լինում այն աշխատանքային պայմաններին, որտեղ աշխատում են իրավապահ համակարգի աշխատողները, մի կողմ թողնելով իրենց աշխատելաոճի հանդեպ ունեցած դժգոհությունը, զուտ մարդկային տեսանկյունից, ցանկանում ես բարձրաձայնել, որ անմարդկային են կառույցում առօրյա, նվազագույն հիգիենա ապահովելու համար նախատեսված սենյակները:
Ոստիկանություն կամ քննչական մարմիններ հրավիրված անձինք բավական երկար են մնում տվյալ կառույցում, շատ հաճախ 4 ժամ եւ ավելի, քանի որ խոսքը վերաբերում է ենթադրյալ հանցագործությունների բացահայտմանը, իսկ այդ մարմինների աշխատակիցների մեծ մասը նաեւ գիշերային հերթափոխով են աշխատում:
ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինն առաջին հայացքից աչքի է ընկնում իր կիսափտած միջանցքներով, եւ Աստված մի արասցե, եթե հանկարծ մարդը սանհանգույցից օգտվելու կարիք ունենա:
Կիսափտած միջանցքով քայլելով որոնում ես սանհանգույցը, նույնիսկ չկռահելով, թե դռների հետեւում ինչ է քեզ սպասվելու։ Դուռը բացում ես եւ մնում ապշած։ Վստահ եմ, շենքի կառուցման օրվանից, նույնիսկ կոսմետիկ վերանորոգման չենթարկված զուգարանից օգտվում են տասնյակ աշխատողներ։ Ոստիկանությունից բացի, այս շենքում է գտնվում նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը։ Այսինքն՝ երկու պետական կառույցի աշխատողներ մեկ շենքում տարիներ շարունակ օգտվում են դեռեւս սովետական դարաշրջանում կառուցված եւ որեւէ վերանորոգում չտեսած, հնությունից ժանգոտած, հիգիենա բառի հետ որեւէ կերպ չկապվող՝ հակահիգիենիկ զուգարաններից։
Հետեւելով նախարարների գրառումներին՝ կարելի է ենթադրել, որ պետական բյուջեն այլեւս «ճեղքվածք» չունի, եւ եղած ֆինանսական միջոցներն ամբողջությամբ բավարար են կառույցների թեկուզ եւ մասնակի վերանորոգման ծախսերը հոգալու համար:
Օրերս երկրի բյուջեի ֆինանսական բավարար վիճակի մասին բարձրաձայնեց նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, իր ֆեյսբուքյան էջում կատարելով հետեւյալ գրառումը՝ «Քիչ առաջ հատուկ դպրոցներից մեկում էի՝ անակնկալ այցով։ Միջանցքից զուգարանի հոտ՝ հարյուր միլիոնավոր բյուջեի պայմաններում…»։ Այսինքն՝ ֆինանսական պայմանները բավարար են եւ չմոռանանք, որ այդ ֆինանսական բավարար պայմանների համար առաջին գծում «կռվում են» հենց ոստիկաններն ու քննիչները՝ հարկերից խուսափողներին, կաշառք տվողներին ու վերցնողներին եւ այլ ֆինանսական անօրինական գործարքներ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելով։
Երեխաների կրթությամբ կամ խնամքով զբաղվող հաստատությունների վերանորոգման խնդրի լուծումն անշուշտ առաջնային է, սակայն իրավապահ համակարգի հանդեպ եղած դժգոհությունները եւ այդ համակարգի ոչ թափանցիկ աշխատաոճը մի կողմ թողնելով, պետք է արձանագրել, որ աշխատավայրում աշխատակիցների համար արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելը պարտադիր պայման պետք է լինի եւ որն էլ ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ: Սահմանադրության 82-րդ հոդվածով ամրագրված է. «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա եւ շաբաթական հանգստի, ինչպես նաեւ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:
Սակայն այս եւ բազմաթիվ հոդվածներ կարծես գրվել են միայն հասարակության որոշակի խավի համար, եւ արդեն տասնամյակներ հավասարաչափ չեն կիրառվում, հակառակ դեպքում մեկը չի օգտվի ոսկեզօծ զուգարանից, իսկ մյուսը չունենա նույնիսկ նվազագույն հիգիենա ապահովող սանհանգույց:
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.04.19