Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի եւ կաշառակերության նկարագիրը ու դրանց համեմատականը մինչ եւ հետփաշինյանական ժամանակաշրջանում

Ապրիլ 12,2019 13:00

Գաղտնիք չէ, որ կոռուպցիան եւ կաշառակերությունն ինչպես խորհրդային բոլոր երկրներում, այնպես էլ նորանկախ Հայաստանում նախորդ ռեժիմից եկած ժառանգություն է, որն իր շարունակությունն ունեցավ նաեւ մեր հանրապետությունում: Այս արատավոր երեւույթի մասին հերթական բարձրաձայնումը ցավեցնելու է շատ-շատերին, քանզի այս կամ այն չափով մարդկային շատ մեծ բազմություն է թաթախված եղել այդ կեղտոտ գործընթացներում: Ցավոք, այս երեւույթի քանակական մեծությունը չի փոխում նրա բովանդակությունը եւ հենց այդ պատճառով այդ չարիքից վերջնականապես փրկվելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դա խորը վերլուծության ենթարկել եւ իրերը կոչել իրենց անուններով, որպեսզի բոլորս դաս առնենք կատարվածից: Փաստացի, երկար տարիներ երկրում գործել է մեկ միասնական կոռուպցիոն համակարգ. ցանկացած տնտեսվարողի մոտ բյուջեի հետ առնչվող ուսումնասիրությունները կվկայեն, որ դրանք առկա են ամենուրեք՝ դրանցից ցանկացածում, քանզի դրանք ներքին կարգով պարտադրված են եղել վերեւներից եւ եթե եղել են կոռուպցիոն չափերի որոշակի տարբերություններ, ապա դրանք պայմանավորված են եղել զուտ այդ տնտեսվարողների ղեկավար կազմի մարդկային խղճով ու նրանց պատասխանատվությամբ, այսինքն՝ նրանց վախից օրենքի նկատմամբ:

Մասնավորապես, որպես բացառիկ երեւույթ, ուզում եմ բարձրաձայնել համատարած կաշառակերության մի օրինակի մասին. վերջին համարյա բոլոր համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում բացահայտվեց չափազանց տխուր մի իրողություն, այն է ընտրողների՝ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը 5-10 հազար դրամի դիմաց կատարում էր իր ընտրությունը, որը ոչ այլ ինչ է, քան կաշառակերության դասական գործընթաց, որն էլ վկայությունն է այն բանի, որ հնարավորության դեպքում համարյա բոլոր ընտրողները, որոնց թիվը բավականին մեծ է, հեշտորեն ներքաշվեցին կաշառակերության գործընթացների մեջ, որն էլ իր հերթին խոսում է լոկ մի բանի մասին. եթե ստեղծվել է 10 հազար դրամ շորթելու հնարավորություն, որից նրանք առատորեն օգտվում են, ապա ինչ կլիներ, եթե նրանք միլիոններ թալանելու հնարավորություն ունենային: Բնական է, որ նման մթնոլորտում նրանք այդ հնարավորությունը ձեռքից բաց չէին թողնի, քանզի 10 հազար դրամով վաճառվողը շատ ավելի հեշտությամբ կգնա ավելի մեծ գումարներով վաճառվելուն, որը ոչ այլ ինչ է, քան ազգային ողբերգություն:

Հեղափոխությունից հետո Փաշինյանի հռչակած հիմնական դոկտրիններից մեկն անողոք պայքարն է կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ, որը կմնա ձայն բարբառո հանապատի, եթե չներկայացվի դրան նախորդող ժամանակահատվածում այդ նույն երեւույթի վերլուծական նկարագիրը: Վերջին ամիսների մամուլի հրապարակումները վկայում են այն մասին, որ հատկապես ԱԱԾ-ն եւ պատկան մնացած այլ իրավապահ մարմինները լծված են վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած կոռուպցիոն գործընթացների բացահայտմանն ու դրանց հետեւանքով պետության կրած վնասների վերադարձմանը պետական բյուջե: Իհարկե, սա ողջունելի մոտեցում է եւ այն պետք է անընդհատ ու շարունակական բնույթ կրի, սակայն այն շատ պարզ պատճառով չի լուծի ծառացած նմանատիպ խնդիրները, քանզի այսօր հիմնական թիրախներ են ընտրված լոկ մի քանի խոշոր օլիգարխներ, իսկ բազմաթիվ ու բազմապիսի շատ հիմնարկ-ձեռնարկություններ ու դրանց ղեկավար անձնակազմերը դուրս են մնացել այդ ուսումնասիրությունների տիրույթից:

Կատարված ընտրանքային ուսումնասիրությունները վկայում են լոկ մի բանի մասին. լինի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, թե ցանկացած հիմնարկ, ձեռնարկություն, կազմակերպություն, որտեղ որ կատարվեն նմանատիպ ուսումնասիրություններ, պատկերը փոքրիկ շեղումներով համարյա նույնը կլինի, ինչ արձանագրվել է ուսումնասիրված տնտեսվարող սուբյեկտների մոտ, այնպես որ, կոռուպցիոն գործընթացները երկրում փաստացի կրել են համատարած բնույթ եւ որքան էլ մեծ ժամանակ պահանջվի, պետք է շարունակվեն այդ ուսումնասիրությունները՝ ծածկելով հնարավոր ողջ դաշտը: Թերեւս, պետական եւ այլ բյուջեներից մսխված գումարների վերադարձի միակ ճանապարհը սա է: Սրանով նաեւ լուծվում է մեկ այլ գերկարեւոր հարց. արդարության հարցը, որ նույնատիպ արարքների համար պաշտոնյաների մի մասը ուսումնասիրությունների արդյունքում պատժվում են, իսկ մյուս մասը դրանց բացակայության պատճառով՝ ոչ: Բժշկական տերմինալոգիայով սա նման է նրան, որ ուսումնասիրվի հիվանդի մի քանի օրգաններ եւ դրանով կատարվի հիվանդության ամբողջական ախտորոշումը:

Նման դեպքում հեծանիվ հնարելու կարիք չկա, ընդամենը պետք է հետազոտել ողջ օրգանիզմը, ախտորոշել վիճակը եւ հետո միայն փորձել քայլեր ձեռնարկել՝ իրականացնել բուժման գործընթացը: Երբեք չի կարելի մի քանի օրգանների վիճակն ախտորոշել, մյուսները թողնել եւ փորձել ախտորոշում իրականացնել ու բուժում նշանակել: Կրկնում եմ. սա նաեւ միակ ճանապարհն է Հայաստանի ֆինանսական դաշտն ախտորոշելու համար: Իհարկե, շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այսպիսի մոտեցումը կարող է պղտորել ջուրը՝ խոշոր շնաձկներին խառնելով մանր կաշառակերների հոծ բազմության հետ, նպատակ հետապնդելով հիմնական ուշադրությունը նրանց վրայից շեղելու համար, մանավանդ որ պետությունը չի կարող միանգամից բոլորի հարցով զբաղվել: Անտարակույս, ասվածի մեջ առողջ տրամաբանություն կա, սակայն դրանից բան չի փոխվում, քանզի ամեն նոր սուբյեկտի գործունեության ուսումնասիրությանը հաջորդում են բազմաթիվ սուբյեկտների նմանատիպ գործունեությամբ զբաղվելու ռիսկեր եւ այդ դաշտը փաստացի դառնում է շարունակական ընդլայնվող, որը կարծես ինչ-որ տեղ անիմաստ է դարձնում նմանատիպ ուսումնասիրությունների հետագա շարունակումը: Իհարկե, սա խաբուսիկ եզրահանգում է, քանզի վերեւում մանրակրկիտ հիմնավորված է շարունակականության անհրաժեշտությունը:

Փաստորեն, առաջացել է այնպիսի իրավիճակ, որ փոխանակ հնարավոր լինի սկսել եւ ավարտին հասցնել եղած տնտեսվարող սուբյեկտների նախորդ ժամանակահատվածի գործունեության ուսումնասիրությունները, ընդհակառակը որոշակի հավանականություն է ծնվում այդ նույն եւ մնացած տնտեսվարողների նմանատիպ կոռուպցիոն գործունեության ռիսկային վտանգների գոյության մասով, որն իր մշտական առկայությամբ կարծես պրակտիկորեն անհնարին եւ անիմաստ է դարձնում կոռուպցիոն ռիսկերի մասով հետագա ուսումնասիրությունների նպատակահարմարությունը: Այլ խոսքով, դա մոտավոր նման է նրան, որ դեւի մեկ գլուխը կտրելուն զուգահեռ, ծնվում են երկու եւ ավելի նոր գլուխներ, այնպես որ, գլուխ կտրելու նման մոտեցումը չարդարացված է ու պետք է որդեգրվի լիովին նոր մոտեցումներ, որոնցով հնարավոր լինի նշված խնդիրներին ճիշտ լուծումներ տալ: Իհարկե, սա որոշակիորեն բարդացնում է եղած իրավիճակը, որից դուրս գալու ճանապարհի մասին կներկայացնենք ստորեւ: Միաժամանակ, կույր պետք է լինել չնկատելու համար, որ մինչփաշինյանական կոռուպցիոն համակարգերը փոխարինվել են պաշտոնյաների ոչ համակարգային կոռուպցիոն գործելաոճով, որը հիմնականում պայմանավորված է ոչ թե պաշտոնյաների ներաշխարհի փոփոխությամբ, այլ զուտ նրանց ներքին վախով:

Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ կոռուպցիոն գործընթացների շարունակական գոյության հավանականությունը բավականին մեծ է եւ այն նախկինի համեմատ հավանաբար պահպանվում է լոկ մի տարբերությամբ, որ կրում է ցաքուցրիվ՝ ոչ համակարգված բնույթ: Ստեղծված իրավիճակում կոռուպցիայի դեմ պայքարի ընդամենը մի հնարավոր լուծում է նշմարվում, այն է՝ իշխանությունների կողմից պետք է պարտադիր հայտարարվի կոռուպցիայի դեմ պայքարի արտակարգ իրավիճակ՝ իր բոլոր հնարավոր վերահսկողական ու պատժիչ հետեւանքներով, որպեսզի գոնե մարդկային վախը մաքսիմալ գլուխ բարձրացնի եւ ի հնարավորին նրանց գոնե ժամանակավորապես զերծ պահի այդ գործընթացներում թաթախվելու գայթակղությունից, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել եւ ավարտին հասցնել նախկին ժամանակահատվածում իրականացված գործընթացների ուսումնասիրությունները, այլապես այդ կոռուպցիոն գործընթացները վերջ չեն ունենա եւ երկրում որեւէ բան ուղղելու հնարավորություն չի լինի:

Վերը ասվածին զուգահեռ մի ուրախալի փաստ եւս գրանցվեց. վերջին՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի դեպք համարյա չգրանցվեց, քանզի երկրում դրվածք էր փոխվել, որը հույսեր է ծնում, որ այսուհետ մնացած ոլորտներում եւս կոռուպցիայի եւ կաշառակերության արմատացած համակարգը լուրջ ճաքեր է տալիս եւ այդ արատավոր երեւույթը գնալու է աստիճանական նվազման, որը չափազանց հուսադրող հանգամանք է նորմալ երկիր կառուցելու համար: Այս հուսադրող երեւույթը ամենուրեք կդառնա վարակիչ եւ շարունակական, եթե կյանքի կոչվեն վերը նշված գործողությունները, այլապես ձեռնարկվող միջոցառումները կկրեն թիրախային բնույթ եւ դրված գերխնդիրն այդպես էլ լուծում չի ստանա: Հատուկ ընդգծեմ նաեւ, որ վերը նշված հրաշքը իրողություն կդառնա մի դեպքում միայն, եթե մեր ուղեղներում եւ հոգիներում եւս կատարվի հակակոռուպցիոն հեղափոխություն ու ամբողջ ժողովրդով լծվենք այդ խնդրի լուծմանը…
Իհարկե, այս թեման այնքան տարողունակ է, որ վերը ասվածն ընդամենը մեկ կաթիլ է օվկիանոսում…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ, ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930