Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կանխարգելել պլագիատը բուհերում

Ապրիլ 12,2019 12:30

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշատական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում օրենսդրական նախաձեռնություն ձեւավորվեց, ըստ որի՝ այսուհետ արգելվելու է կուրսային ու դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը, սահմանվելու են տուգանքներ: Ավելին, հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ բուհերը պետք է կիրառեն հակապլագիատ էլեկտրոնային գործիքներ, որոնք ունեն աշխարհի բոլոր բարձրակարգ համալսարանները, իսկ դիպլոմային ու կուրսային աշխատանքների վաճառքը մեր իրականությունում` պարզապես ամոթ է:

Կուզենայի հիշեցնել, որ անտիպլագիատ ծրագրերի կիրառումը բուհական միջազգային կրթական համակարգում արդեն համարվում է երկրորդային, անգամ իրեն սպառած, քանի որ ուսանողները գիտակցելով, որ իրենց աշխատանքները անցնելու են հակապլագիատ համացանցային ծրագրերով, կարողանում է բառակապակցությունների տեղափոխումներով պարզապես շրջանցել արտագրությունների հայտնաբերման ռիսկերը (paraphrasing): Ուրեմն եթե ուզում ենք առաջ գնալ, եկեք ընդօրինակենք ոչ թե արդեն հնացած, այլ առաջադեմ փորձը:

Եթե ուզում ենք իսպառ վերացնել պլագիատի խնդիրը, ապա կուրսային, դիպլոմային կամ ավարտական աշխատանքների հանձնարարման ձեւաչափն է անհրաժեշտ փոխել մեր բուհական համակարգում եւ ոչ թե գնալ օրենսդրական միջամտությունների: Այսօր ուսանողներին տրվող այդ հանձնարարությունները հիմնականում գրեթե զուրկ են ստեղծարար բաղադրիչից: Շեշտադրում է կատարվում էջերի քանակի վրա, առանց կենտրոնանալու ուսանողների հետազոտական վերջնարդյունքների որակի եւ ստեղծարարության գնահատմանը: Եթե գնում ենք առաջավոր բուհերի փորձին, ուրեմն կտեսնենք, որ այնտեղ կուրսային աշխատանքը ընդամենը կազմում է 10-15 էջ, որտեղ ուսանողական 3-4 հոգանոց խմբի պրակտիկ աշխատանքների արդյունքներն են, իրենց ստեղծարար բաղադրիչով եւ առաջարկություններով:

Հիմա արդեն առաջավոր բուհերին չի հետաքրքրում, թե ուսանողը ինչպես կարող է այս կամ այն ինտերնետային ռեսուրսից նյութեր հավաքել, խմբագրել եւ ներկայացնել որպես հետազոտություն: Կարեւորվում է, թե ինչպես կարող է ուսանողը աշխատեցնել իր ստեղծարար միտքը, դուրս գալ ակադեմիական շրջանակից, բուհից դուրս կատարել հետազոտություններ, այցելել գործատուներին, զգալ հիմնախնդրի լուծման պահանջարկը եւ սեփական լուծումներն առաջարկել: Այս նկատառումով, առաջատար բուհերում կազմվում են ուսանողական փոքրիկ խմբեր, եւ որպես կուրսային կամ ավարտական աշխատանքներ, նրանց հանձնարարվում է փաստացի իրավիճակին առնչվող հիմնախնդրի կոնկրետ գործնական լուծումների առաջարկների ներկայացումներ: Այս դեպքում ուսանողը գործի կդնի իր ստեղծարար կարողությունները, եւ ոչ թե կձգտի արտագրելով էջեր հավաքել ու հետո էլ պլագիատից խուսափել:

Հետեւաբար, առանց տույժ եւ տուգանքների, կամ օրենսդրական միջոցների իսպառ կվերացնենք արտագրությունների խնդիրը կուրսային կամ ավարտական աշխատանքներում, եթե համալսարաններում հրաժարվենք խորհրդային ժամանակներից եկող հետազոտական հնացած ձեւաչափից եւ անցում կատարենք կրթության մեջ ստեղծարարության բաղադրիչին:

 

Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ

«Առավոտ» օրաթերթ

12.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930