Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը կմերժի՞ Կրեմլին

Ապրիլ 12,2019 12:00

Մադրիդյան սկզբունքների՝ ընդունելի, կամ ոչ ընդունելի լինելու վերաբերյալ պաշտոնական Երեւանը դիրքորոշում չի հայտնել

Վիեննայի քննարկումներում ՀՀ եւ Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում բարձրացված բանաձեւը եղել է քննարկման հիմնական առանցքը, ապրիլի 7-ին Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելը չի կարող արցախյան հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր 3 կողմերը: Դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, եւ հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը»,- հավելեց նա:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում համապարփակ խաղաղություն եւ կայունություն հաստատելը կարեւորագույն ու մեծագույն խնդիրն է, որին հասնելու համար պետք է հետեւողական աշխատել՝ դրա հիմքում դնելով ճշգրիտ բանաձեւեր. «Խաղաղության մեր բանաձեւը բարձրացրել եմ մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում»:
Հաջորդ ուշագրավ դրվագը վերաբերում էր Մադրիդյան սկզբունքներին։ Փաշինյանը մեկ անգամ եւս նշեց, որ իրեն անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ, թե ինչ կարող են նշանակել մադրիդյան սկզբունքները գործնականում, եւ որ Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չի ստացել. «…եւ միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք՝ որքանով են ընդունելի, եւ որքանով են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար եւ, ընդհանրապես, ընդունելի են, թե ոչ»:

Փաստացի, Փաշինյանը հասկացնել տվեց, որ Մադրիդյան սկզբունքների` ընդունելի, կամ ոչ ընդունելի լինելու վերաբերյալ առայժմ ինքը պատասխան չի տվել։
Վերջին մի քանի օրերն, առհասարակ, ուշագրավ էին Արցախյան կարգավորման առնչությամբ գործընթացների առումով։ Մոսկվայում անցյալ շաբաթ, ինչպես հայտնի է, ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը կայացավ։ Հայաստանի արտգործնախարարը չէր մասնակցում այդ նիստին, Հայաստանի պատվիրակությունը Մոսկվայում գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել էր Մոսկվա։

Ավելին, Լավրովը եւ Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը, իսկ այդ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: «Մոտ ապագայում (արդեն պայմանավորվել ենք), կհայտարարվի Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եւ համանախագահների մակարդակով հանդիպման մասին: Կարծում եմ, Սերգեյ Վիկտորովիչը (Լավրով-խմբ.) նույնպես կմասնակցի»,- ասել էր նա: Մամեդյարովը մատնանշել էր հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը.

«Ընդհանուր ըմբռնումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ տեղաշարժեր են պետք, այլ կերպ արդեն անհնար է»։
Պաշտոնական Երեւանն արձագանքել է Մամեդյարովի վերոնշյալ հայտարարությանը։ «Ես արդեն իսկ նշել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արվել է առաջարկություն հանդիպում անցկացնելու վերաբերյալ, եւ մենք, ինչպես եւ եղել է միշտ, հանդիպման տեղի եւ վայրի մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով: Հանդիպման առումով հնարավոր է ցանկացած ձեւաչափ Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակներում»,- Aysor.am-ին ասել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Տպավորություն է ստեղծվում, որ ռուսական կողմին բանակցային գործընթացում առանձնահատուկ դեր տրամադրելու փուլ է հասունացել։ Հիշեցնենք, որ Վիեննայում վերջերս կայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո նախ Փաշինյանը, ապա Ալիեւը հեռախոսազրույց էին ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացրել նրան իրենց հանդիպման մանրամասները։
Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին է շեշտել Ռուսաստանի դերակատարությունը բանակցային գործընթացում։ Ռուսաստանը մշտապես ամենաակտիվ դերն է խաղացել եւ շարունակելու է խաղալ ղարաբաղյան կարգավորման հարցում, ONA ադրբեջանական պորտալին տված հարցազրույցում ասել է նա։ Նա Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում աջակցությունը կողմերին որակել է որպես կարեւորագույն արտաքին քաղաքական առաջնահերթություն։ «Աշխատում ենք այլ պետությունների հետ սերտ փոխգործակցությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է Զախարովան։

Ապա՝ նա հավելել է. «Ողջունում ենք բանակցություններում գերիշխող կառուցողական մոտեցումը։ Կողմերին կտրամադրենք անհրաժեշտ աջակցություն, որպեսզի իրականացվեն այն գաղափարները, որոնց շուրջ ձեռք է բերվել ըմբռնում Ավստրիայի մայրաքաղաքում։ Սակայն, ինչպես բազմիցս ընդգծել են համանախագահող երկրների նախագահները, հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներգրավված կողմերի վրա։ Դրա համար հիմք կա։ Գլխավորը քաղաքական կամք ցուցաբերելն է»։

Ինչպես նկատում ենք, Մոսկվան բավական ընդգծված շեշտում է շահագրգռվածությունը կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հարցում, ավելին, կարելի է նույնիսկ ասել, որ Մոսկվան որոշակի շտապողականություն է ցուցաբերում:

Արդյոք ռուսական ակտիվ միջնորդությունը նշանակում է ժամանակին պաշտոնական Երեւանի կողմից Լավրովի մերժված պլանի վերակենդանացո՞ւմ: Կմերժի՞ Փաշինյանը Մադրիդյան սկզբունքների ռուսական նոր թափ առնող ջանքերը…

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930