Հատված ՇՈՂԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից.
«Վ. Դ. … ճգնաժամն արդեն սկսվել էր, որը ժամանակի ընթացքում ոչ միայն չհաղթահարվեց, այլև խորացավ՝ նաև իշխանության ներսում կասկածելի վերադասավորումներով, որոնց գագաթնակետը դարձավ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակելը:
Հասարակության մեջ առ այսօր հստակություն չկա՝ ի վերջո, ինչո՞ւ դա տեղի ունեցավ, ինչո՞ւ խախտվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամների վաղեմի պայմանավորվածությունը՝ Հայաստանում պահպանել հայաստանակենտրոն կառավարումը, և ղարաբաղցիներին չներգրավել պետական կառավարման բարձրագույն օղակներում. ինչի մասին Վանո Սիրադեղյանը վկայում է «Մարդու ժամանակը» հեռուստահաղորդման մեջ: Եվ ապա՝ հստակություն չկա, թե ո՞վ իրականում բերեց Քոչարյանին. Վազգեն Սարգսյա՞նը, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Շ. Մ. Երկուսն էլ բերեցին: Ե՛վ Վազգենը, և՛ Լևոնը: Լևոնը կուլ գնաց Ղարաբաղի հարցը ղարաբաղցիների ներգրավմամբ ու միջոցով լուծելու տարբերակին: Կամ՝ կուլ տվեց այդ կուտը… Համարեց, որ ինքը կարող է վերահսկել Քոչարյանի նման մեկին, նշանակել նրան վարչապետ, որը ի վերջո կհամոզվի, որ խնդրի լուծման այլ տարբերակ չկա, քան իր ներկայացրածը:
Կարդացեք նաև
Բայց սա պատասխանատվություն չէ: Սա պատասխանատվությունն ուրիշի վրա գցել է: Էն էլ շա՜տ ուրիշի: Այսինքն, մի կերպարի, որ… Այսինքն, դու որպես ինչ ես բերել էդ մարդուն: Այսինքն, դու ղարաբաղցի ես, արի տես վիճակը ինչ է՝ դո՞ւ որոշիր: Բերում ես Հայաստան, Հայաստանի վարչապետ, որ ինքը էստեղից որոշի իր հա՞րցը… Ղարաբաղի: Շատ վատ տարբերակ էր սա Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ճանապարհին: Շատ վատ:
Այ, էդ ժամանակ մենք առաջարկեցինք Լևոն Տեր-Պետրոսյանին, որ Վանո Սիրադեղյանին նշանակի վարչապետ:
Վ. Դ. Ե՞վ:
Շ. Մ. Եվ… Մտածեց, ասաց. «Դե, Վանոն պոետ մարդ ա: Մի օր տրամադրությունն այսպես կլինի, մի օր այնպես կլինի, պատվիրակություններ են գալիս…»:
Բայց էականն այդ պահին ամենևին էլ պոետ լինելը չէր: Հաշվի չառնվեցին կամային հատկանիշները, դավաճանեց քաղաքական հեռատեսությունը, և, ինչպես քիչ առաջ նշեցիր՝ խախտվեց վաղեմի պայմանավորվածությունը՝ Հայաստանում պահպանել հայաստանակենտրոն կառավարումը:
Ամեն ինչը Վանոյին զոռով է տրվել: Էլ հնար չեն ունեցել՝ տվել են: Վախենալով, թե չի կարողանա գլուխ հանել: Թե ինչ-որ արտառոց բան կանի: Որովհետև Վանոն երբեք չի ունեցել ավանդական պատկերացումներով՝ պետական պաշտոնյայի էն հանդարտ, բութ կերպարը: Տեսել են իր մեջ անկանխատեսելիություն, բայց չեն տեսել, որ ինքը Հայաստանի համար անկանխատեսելի բան չի անի: Կարող է ինչ-որ մեկի քթին խփի. դրանով է անկանխատեսելի: Բայց բացառված էր, որ Հայաստանի Հանրապետությանն անկանխատեսելի վնասներ տար, ոնց որ տվեց Ռոբերտ Քոչարյանը, ոնց որ տվեց Սերժիկ Սարգսյանը… Դե, նրանք շատ կանխատեսելի էին: Երեխեքը՝ տեղը, փեսաները՝ տեղը, ամեն ինչ կարգավորած, պլանավորած, դասավորած:
Վ. Դ. Այսուհանդերձ, Վանոն որևէ քայլ չարեց Լևոնի դեմ:
Շ. Մ. Դեպի ո՞ր կողմ քայլ աներ Լևոնի դեմ: Բավական չի՝ քայլ չարեց, հետն էլ թողեց, գնաց, որ խոցելի չդարձնի նախագահին… Իրենցով կեղտոտվեց, թողեց, գնաց, որ հետո չկարողանան իրենով կեղտոտել:
Վ. Դ. Շողեր, ի՞նչն ես համարում նրանցից յուրաքանչյուրի գործողությունների բուն շարժառիթը: Տես, թե որքան կարևոր էին այդ շրջանի բուռն իրադարձությունների ժամանակ միջանձնային հարաբերությունները: Մի՞թե պետության կառավարման հսկայական պատասխանատվությունն ստանձնած անհատների համար գերիշխողը կարող է լինել անձնական հավակնությունը: Խոսքը Վանո-Վազգեն, Վանո-Լևոն, Վազգեն-Լևոն, Լևոն-Ռոբերտ և այլն հարաբերությունների մասին է:
Շ. Մ. Էդ հավակնությունները ժամանակին պիտի կանխվեին: Չկանխվելու հետևանքն է, որ բոլորը քաղեցին դրանց դառը պտուղները ժամանակի ընթացքում: Այս կամ այն կերպ: Բոլորը պատժվեցին:
Վ. Դ. Մի օրինաչափություն՝ Վանոն առանձնապես ոչ մեկի դեմ ոչինչ չուներ, մանր չարաճճիությունները չհաշված, օրինակ՝ Ազգային ժողովում Սադոյանի խոսափողին անգույն պահպանակ հագցնելը, որը Սադոյանը չէր նկատել ու բերանն անընդհատ մոտեցնում էր խոսափողին, քանի որ ձայնը խլացել էր, ու դահլիճում բղավում էին՝ չի լսվում: Մինչդեռ յուրաքանչյուրը առանձին կամ բոլորը միասին շարունակ ինչ-որ լարվում էին նրա դեմ, քննադատում, մեղադրում:
Շ. Մ. Բավական է ասել, որ հարազատ կուսակցության մեջ ինչ-որ խմբակ էր գործում Վանոյի դեմ: Ուրիշների մասին էլ չասեմ: Սրա բացատրությունը հեշտ է գտնել՝ իրենցից տարբեր էր, մարդիկ սովորաբար չեն հանդուրժում իրենցից տարբերվողներին»:
«ՎԱՆՈՅԻ ՀԵՏ ԵՎ ԱՌԱՆՑ ՎԱՆՈՅԻ» գրքից