Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հաբռգած» երիտասարդներից մինչև «գազելների» անթրաշ վարորդներ․ գյումրեցիները նեղեցին ՃՈ պատասխանատուին (Տեսանյութ)

Ապրիլ 11,2019 21:12

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և 2-րդ դասակի հրամանատար Ռաֆայել Ասերյանի մասնակցությամբ քննարկվեց Շիրակի մարզում ճանապարհային ոստիկանության աշխատանքը։ Նրանց բավական սուր հարցեր հղեցին տարբեր գործարարներ, բուհի ղեկավարներ, քաղաքացիներ։

Գործարար Ցոլակ Չադրյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դեռ կան արտոնյալ վարորդներ, որոնք փորձարկում են իրենց մեքենաների հզորությունը, անարգել վերուվար են անում քաղաքով։ Վերջինս նշեց, որ ոսկե երիտասարդների հետ կապված խոսակցությունները չի էլ ուզում մեկնաբանել,սակայն համաձայն դրանց՝ կան մարդիկ, որոնք ինչ-որ պաշտոնյաների ամեն ամիս գումար են վճարում, որպեսզի իրենց երեխաներն ազատ վերուվար անեն քաղաքով։

«Կարծում եմ, որ դա թյուր կարծիք է, և ոչ մի ոստիկան, ուսադիր հարգող ոչ մի մարդ իրեն թույլ չի տա մեկից պարբերական բնույթ կրող գումարային պարգևատրում ստանա, որպեսզի թույլ տա, որ մեկը ինչ-որ բանի անի․․․ Բայց փաստն այն է, որ կան մարդիկ, որոնք առանց պետհամարանիշների շատ անարգել իրենց մեքենան վարում են կամ Սայաթ- Նովա փողոցը, որտեղ արագությունը չպիտի գերազանցի 60 կիլոմետր ժամը 120-ի տակ իջնում-ելնում են։ Եթե սովորական քաղաքացին այդ ամենը ֆիքսում է, իր համար հաճելի չէ, պետավտոտեսուչը…

Ես հասկանում եմ փոքր քաղաք է, տես ու ծանոթը շատ է, մոտիկ, բարեկամ, քավոր, սաներ , այդ հարաբերությունները շատ են, բայց, գիտեք, այստեղ մի ամբողջ ազգի դեմ ամեն օր այդ մարդը օրենքը ոտնահարում է։Վերջը Գյումրին կոլորիտային քաղաք է, մշակույթ ունեցող քաղաք է, 7-8 թանգարաններ ունենք մեծանուն հայերի, պիտի հարմարավետ լինի նաև այն առումով, որ մարդու ձեռքը բռնես, դուրս գաս թեկուզ շատ ուշ ժամի ու վստահ լինես, որ ինչ-որ մեկը մեքենայով քեզ վրաերթի չի ենթարկի։ Ես խնդրում եմ այս հարցին լրջագույնս ուշադրություն դարձնեք»,- ասաց Ցոլակ Չադրյանը՝ նշելով, որ այս խնդիրը միջոցների հետ կապված չէ, այլ պետավտոտեսուչի ցանկության։

Նա ասաց նաև, որ պետավտոտեսուչի ու պարեկապահակային ծառայության աշխատակիցների հետ կապը կտրված է։

«Շատ հաճախ կանգնել, հարցրել եմ՝ ի՞նչն է պատճառը, որ այս մեքենան բոլորիս ներկայությամբ հրապարակի մեջ պտտվում է։ Ի՞նչն է պատճառը, որ չեք ֆիքսում, կապ տալիս, թե եկեք, այս մարդուն կարգի հրավիրեք։ Ասում են, մինչև հանում ենք մեր հեռախոսը, փորձում ենք ֆիքսել, ինքը գնում է։ Այդ պատճառաբանությունը ես անձամբ լսել եմ ու խնդրում եմ այդ հարցին ուշադրություն դարձնեք»,- ասաց Ցոլակ Չադրյանը։

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը, պատասխանելով գործարարի հարցին, ասաց․«Վստահեցնում եմ՝ Շիրակի մարզում չկա արտոնյալ վարորդ, չկա մի տեղ, որ լինի մեր կողմից արտոնված։

Ճանապարհային ոստիկանությունը Շիրակի մարզում սպասարկում է թվով 44 ճանապարհային ոստիկաններ՝ հրամանատարների գլխավորությամբ։ Մենք ներկայում ունենք կադրերի խնդիր։ Քաղաքացիներն էլ իրենց մասով մեզ պետք է օգնեն, մենք ի զորու չենք ամեն խաչմերուկի, ամեն փողոցի վրա կարգախմբեր կանգնեցնել, մեծ քաղաք է՝ իր փողոցներով։ Ճիշտ է՝ այն հատվածները, որ դուք նշեցիք, մենք ամեն օր կարգախմբեր նշանակում ենք, ուսումնասիրում ենք, թե որտեղ կարգախմբեր նշանակենք, որտեղ ավելի կարևոր է, որտեղ ավելի շատ դեպք է լինում։ Ինչ վերաբերում է հրապարակին, մենք հրապարակում մշտապես կարգախմբեր ունենում ենք երեկոյան ժամերից սկսած մինչև առավոտ։Նույնը Սայթ-Նովային է վերաբերում, չեմ բացառում, որ կարող են լինել վարորդներ, որոնք չգիտեմ ինչ արագությամբ, ինչ ձևով փորձեն խախտեն, բայց նրանք արժանանում են մեր կողմից բիրտ վերաբերմունքի։ Այսինքն՝ ոչ մի ներողամտության չեն արժանանում։ Դուք ասացիք ներողամտության մասին, բայց ի սկզբանե մեր աշխատաոճը սկզբում դրեցինք ներողամտության վրա, քաղաքացիներին փորձելով համոզել, խնդրել, պարտադրել, որպեսզի չխախտեն, բայց դա որոշ մարդիկ ընդունեցին որպես թուլություն։ Հիմա մենք փոխել ենք մեր ոճը․ զանցանք ներկայացնող խախտումը մեր կողմից արձանագրվում է»։

Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանն էլ պարզաբանեց, որ Գյումրիում կա մի մեծ խնդիր․ ոչ մի խաչմերուկում, ոչ մի հրապարակում չունենք տեսախցիկ, ընդամենը 20 օր առաջ Շիրակի մարզպետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո այսօր նոր միայն Վարդանանց կենտրոնական հրապարակում կարողացել են տեղադրել 4 տեսախցիկներ, որոնցից մեկը գիշերային ժամերին ֆիքսում է բոլոր պետհամարանիշները, և սա օն-լայն հետևում են ոստիկանության «Կումայրի» բաժնում։ Ըստ փոխոստիկանապետի, այդ օրվանից սկսած զգալի նվազում կա նման դեպքերի։

Աշոտ Գրիգորյանը նաև նշեց, որ մայրաքաղաքում երթևեկությունն ավելի կանոնավոր է, քանի որ կան տեղադրված տեսախցիկներ, ու վարորդները գիտեն, որ նկարահանվում է, իսկ Գյումրիում տեսախցիկներ չլինելը բարդացնում է ճանապարհային ոստիկանների գործը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանն էլ հարց հնչեցրեց, թե երբևէ անցե՞լ են քաղաքի փողոցներով, տեսե՞լ են հողաթմբերը։

«ՃՈ-ի գործառույթը ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելն է, իսկ այդ հողակույտերը, քաղաքի կենտրոնական փողոցներում նաև էապես խաթարում է անվտանգությունը և ոչ միայն քաղաքացիների, այլ նաև երթևեկության։ Տեսե՞լ եք դա ու արձանագրե՞լ եք ու ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրել, կամ կրե՞լ է, թե՞ ոչ»,-հարցրեց Կարեն Պետրոսյանը։ Նա նաև հարցրեց, թե ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել ՃՈ-ի կողմից Գյումրու քանդված փողոցներում ապահովելու մարդկանց և երթևեկության անվտանգությունը և ճանապարհների քանդման պատճառով քանի՞ մարդ է վնասվածք ստացել։

«Շատ դպրոցներ, շատ մանկապարտեզներ, շատ ուսումնական հաստատություններ զրկված են ճանապարհային նշանների կահավորման տարրական պայմաններից, այդ թվում զեբրաներն են, երթևեկության արգելափակման նշաններն են, ուշադրության նշաններն են», -ասաց Կարեն Պետրոսյանը։

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը պարզաբանեց, որ ճանապարհային նշանները, գծանշանները, ճանապարհների ենթակա շահագործումը, փոսերի վերացումը դրված է համայնքապետարանի վրա։

«Ճանապարհային ոստիկանության ֆունկցիան հայտնաբերելն է, որ տեսնի այստեղ ինչ-որ վտանգավորություն է պարունակում և հնարավոր է բերի վթարների, ինչ-ինչ հետևանքների, մենք պարբերաբար հանդիպում ենք, քննարկումներ ունենում ենք։ Ներկա պահին ճանապարհային ցանցի հիմնանորոգում է տեղի ունենում, այսինքն` գլխավոր, հիմնական ճանապարհները վերանորոգվում են։ Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային շինարարության հետ, ճանապարհային նշանների, զեբրաների, գծանշումների հետ կապված ոչ մի գործառույթ չունի»,-ասաց Վաչե Մալաքյանը։

Սակայն նստածներից մեկը տեղից բացականչեց՝ բա սխեման ո՞վ է կազմում։ Ներկաները դժգոհեցին, թե վարորդներից բռնագանձվող տուգանքները Գյումրու քաղաքապետարանի բյուջե չեն գնում, հետևաբար և արդարացի չէ, որ փողոցների կահավորման հարցերը դնում են հենց քաղաքապետարանի վրա, մի կողմ են քաշվում։

Իսկ Կարեն Պետրոսյանը պաշտոնյաներին խնդրեց ․ «Մյուս անգամ խնդրում եմ որևէ մեկ պաշտոնյա՝ ոստիկանությունից մինչև մարզային ու համայնքային, չասի, որ քաղաքում փողոց է պատրաստվում, խելոք մնացեք»։ Ըստ նրա, շինարարության ընթացքում անվտանգության նորմերը խախտողներին ՃՈ-ն պարտավոր է պատժել։

Հեռուստաօպերատորներից մեկն էլ անդրադարձավ քաղաքային տրանսպորտի վարորդներին՝ քննադատելով նրանց հագուկապը, լսած երաժշտությունը, աշխատանքի ընթացքում ծխելը, հեռախոսով խոսելն ու «գազ տալը»։ Նա նշեց, որ ունի բոլոր փաստերը, թե ինչպես է ոստիկանը կողքից անցնում ու կարգի չի հրավիրում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930