«Մեզ մոտ տեղի է ունեցել ոչ թե գունավոր, այլև սիրո և համերաշխության հեղափոխություն»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց՝ իր համար դա ազգային արժանապատվության, անձնական արժանապատվության խնդիր է, և շատ կարևոր է արձանագրել, որ ժողովրդավարությունն իսկապես բխում է մեր ժողովրդի մտածելակերպից: Այնուհետև մանրամասնեց. «Ասվածի վերաբերյալ տարբեր գործընկերներ ունեն տարբեր կասկածներ, մինչև հիմա էլ միջազգային մամուլում հրապարակումներ են տեղ գտնում, թե, այնուամենայնիվ, կա արտաքին քաղաքական ենթատեքստ: Սակայն կարծում եմ՝ ամեն օրվա հետ համոզվում են բոլորը, որ ամեն ինչ այնպես է եղել, ինչ ես ասել եմ: ՀՀ հեղափոխությունը որևէ երկրի դեմ կազմակերպված չէ: ՀՀ ժողովուրդը հեղափոխությունն իրականացրել է հանուն իր ազատ ու երջանիկ ապագայի»: Այնուհետև վարչապետը նշեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և նախագահում է այդ կազմակերպությունում, շեշտեց ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և ամեն ինչ ՀՀ-ն անելու է այդ հարաբերությունները զարգացնելու համար:
Ֆրանսիան ներկայացնող պատվիրակ Մարի Քրիստին Դալոժը հայտարարեց՝ հանրային կարծիք կա՝ նախկին ԽՍՀՄ ղեկավարները շատ արագ հարստանում են և հիշեցրեց՝ մի նախագահ էլ այս առնչությամբ ձերբակալվել է և հարցրեց՝ ի՞նչ է կատարվում այս առումով ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իմ միակ և ամենավստահելի պատասխանն է այն, որ անձամբ ինքս կոռուպցիայի մեջ չպետք է ներքաշվեմ: Կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա, հավատան դրան: Ես, իմ ընտանիքը, պիտի հատուկ ուշադրության ներքո լինենք»:
Սերբիան ներկայացնող պատվիրակ Ալեքսանդր Շիշելը հարցրեց՝ ՀՀ-ն առաջընթաց արձանագրե՞լ է եվրոպական արժեքների որդեգրման գործընթացում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ԵԽ-ի հետ ունենք նույն ընկալումները, թե ինչպիսին է ժողովրդավարությունը և ինչ տրամաբանությամբ պետք է բարեփոխումներն ընթանան»:
Կարդացեք նաև
Ադրբեջանի պատվիրակ Ուլվիյե Աղաևան հարցրեց՝ ե՞րբ է ՀՀ-ն իր՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորությունն իրականություն դարձնելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մեր այդ պարտավորությունը վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր Ադրբեջանի գործընկերներին մեր ամենակարևոր անելիքներից մեկն է: Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք Իլհամ Ալիևի հետ կառուցողական խոսակցություն ծավալել: Դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք ԼՂ հարցի կարգավորման, նրբությունների, մեխանիզմների մասին, բայց արդեն իսկ բավականին լավ է այն, որ կարողացել ենք կառուցողական մթնոլորտ ստեղծել: Շատ դժվար է հասկանալ, թե մենք ինչպես ենք փորձելու կարգավորել հակամարտությունը առանց կոնֆլիկտի հիմնական և առաջնային կողմին լսելու»:
Թուրք պատվիրակ Կամիլ Այդինը հայտարարեց՝ Ձեր ընտրությամբ հույսեր արթնացան ԼՂ հակամարտության կարգավորման առումով, սակայն Ձեր վերջին հայտարարությունները բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված կարող են որոշակի խնդիրներ առաջացնել, բայց հույս ենք հայտնում, որ ձեր երկիրը կարող եք խաղաղության տանել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք բանակցային ձևաչափի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ էլ պահանջում, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամադրություններին: Այն ձևաչափը, որի շրջանակում տեղի է ունենում ԼՂ հարցի կարգավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Այսօր ԼՂ-ում ապրում են մարդիկ, որոնք ծնվել, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում: Ինչպե՞ս կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը, իր երեխան է ծնվել և հուղարկավորված են իր նախնիները: Ամեն իրավիճակի պետք է նայել իր էության մեջ: Եթե ուզում ենք ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել, ապա Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, պետք է բանակցությունների նստել հակամարտության բոլոր կողմերով: Մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, ինչպես հարիր է ԵԽ անդամ պետություններին»:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կուզեր Ադրբեջանի ժողովրդին դիմելու հնարավորություն ունենար:
Ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևը հիշեցրեց՝ ՀՀ-ն դեմ է քվեարկել Ուկրաինայի դեմ կատարվածի համար ՌԴ-ին դատապարտող բանաձևին և հարցրեց՝ չի՞ պատրաստվում փոխել այս դիրքորոշումը և կոնկրետ հարց հնչեցրեց՝ ըստ նրա Ղրիմն ո՞ւմ է պատկանում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նոր եմ ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները, ինձ համար, երբեմն, տարօրինակ է՝ ինչպե՞ս են մարդիկ խաղաղության համար հիմնադրված այս ամբիոնն օգտագործում պատերազմ հրահրելու, հակամարտություններն ավելի դաժան ու սուր դարձնելու համար: Ես կարծում եմ՝ պետք է մնալ երկխոսության տրամաբանության մեջ: Չկա մի կոնֆլիկտ, որ մտածեմ՝ ճիշտ է այն լուծել իրար դեմ բռնությամբ: Հաճախ մի իրավիճակում ենք, երբ կոնֆլիկտի և գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են:Մեր գլոբալ ընտրությունը, խաղաղությունը, երկխոսությունն է: Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև»:
Իրեն ուղղված եվրոպամետ կամ ռուսամետ լինելու և ՌԴ-ի՝ ՀՀ-ում ռազմական ներկայության մասին հարցին ՀՀ վարչապետը պատասխանեց. «Չեմ ընդունում, որ որևէ պետությունում պետք է լինեն եվրոպամետ, ռուսամետ, ամերիկամետ գործիչներ: Ես ինձ համարում եմ հայաստանամետ գործիչ: Մենք պետք է փորձենք կարգավորել մեր հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ