Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ոչ մեկի պետք չէ վառել… ռեպրեսիաների ճանապարհով չենք գնալու»

Ապրիլ 11,2019 19:54

«ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն իրավունքներ, մենք որեւէ մեկին չենք կարող դրանից զրկել, եթե սկսեցինք, զրկել, վերջում կստացվի, որ իրավունքը միայն իշխանությանն է, կառավարությանն ու վարչապետինը: Հեղափոխությունը նրա համար է եղել, որ բոլորն ունենան իրավունքներ: Կա ոչ միայն իմ իրավունքը, այլեւ դիմացինի իրավունքը:

Հետեւաբար, պետք է ճիշտ բալանս գտնենք իմ ու դիմացինի իրավունքի միջեւ, պայմանով, որ կոնսենսուսը պետք է լինի հետեւյալի շուրջ, որ մենք չենք ուզում, որ մեր իրավունքները կայացնենք ուրիշների իրավունքների հաշվին»,- Ստրասբուրգի եւ հարակից բնակավայրերի հայության հետ հանդիման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով տրանսգենդերի՝ ԱԺ ելույթից հետո հաջորդած իրադարձությունների վերաբերյալ հարցին:

Հանդիպման մասնակիցներից մեկը վկայակոչեց Վարդան Ղուկասյանի ասածը, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պետք է վառել, ասաց, որ նա նման հայտարարություն է արել ու անպատիժ է մնացել: «Սկսենք վառե՞լ…Օրինակ, կոռումպացվածներին պե՞տք է վառել, թե՞ չէ»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը: Վառել, վառել՝ բացականչեցին հանդիպման մասնակիցներից ոմանք:

«Ընտրություններ կեղծածներին պե՞տք է վառել, թե չէ…Ես կարծում եմ, որ ոչ մեկի էլ պետք չի վառել: Հայաստանում մահապատիժը վերացած է, մենք նույնիսկ մարդասպաններին մահապատժի չենք ենթարկում… Այս որոշումը կայացվել է ԵԽ-ին մեր անդամակցության շրջանակներում… Մեր քաղաքական բառապաշարը պետք է ճշգրիտ լինի: Ես կարող եմ ասել հետեւյալը՝ եթե որեւէ մեկը որեւէ մեկին հրահրի վառել, ես երաշխավորում եմ՝ այդ մարդը բանտում կհայտնվի:

Այդ նույն պատգամավորի (Վարդան Ղուկասյանի) նկատմամբ ժամանակին ինչ-որ մեկը մահափորձ է իրականացրել, ուզեցել է գյուլլի, հիմա ճի՞շտ է արել այդ տրամաբանությամբ…Իհարկե, սխալ է արել…Հայաստանում հարցերը լուծվում են օրինականության շրջանակում: ՀՀ բոլոր քաղաքացիները ՀՀ-ում ապրելու իրավունք ունեն: Ես ինձ համարում եմ այդ իրավունքի երաշխավորը»:

Փաշինյանն ասաց, որ, երբեմն, փորձում են մարդկանց հունից հանել. «Օրինակ մի ժամանակ հայաստանյան մամուլում իմ մասին ինչ ասես գրում էին: Ասում էի՝ լավ, էսքան սուտ լցնելը նպատակ պետք է ունենա: Սկզբում ինձ թվում էր, թե դրա նպատակը մարդկանց շրջանում կարծիք ստեղծելն է, բայց դա հնարավոր չէ, որովհետեւ իմ կյանքը 1991 թվականից եղել է հրապարակային: Նրանց նպատակը մեկն է, որ Կառավարությունը սկսի մամուլի, խոսքի ազատության դեմ, իրենց իրավունքների դեմ ռեպրեսիաների դիմել: Չեմ գնալու այդ ճանապարհով, որովհետեւ մեր երկիրը ժողովրդավարական է: Անգամ ինձ ատողների իրավունքները երաշխավորված են: Որեւէ մեկը հույս չունենա, թե մեզ կարող է մղել նման քայլերի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930