Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդն այն ամենն է, ինչ ինքն իրեն ներշնչել է»

Ապրիլ 11,2019 23:00

Արփինե Հովհաննիսյանն՝ իր անցած ճանապարհի, հաջողությունների ու պաշտոնների գերնպատակ չլինելու մասին

Մայրիկից «գողացած» անձնագրի, քաղցրակերության ու ֆուտբոլի մասին

ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ բազմաթիվ վառ հուշեր ունի մանկությունից, դրանցից մեկը մայրիկի անձնագիրը գաղտնի վերցնելու հետ է կապված: Հիշում է, թե ինչպես էր «թռցրել» մոր անձնագիրը ու ընկերուհու հետ գնացել գրադարան, որպեսզի գրքեր վերցնի: Վերադարձին մայրը պատուհանից տեսել էր, ու երբ ինքը գրքերը տեղավորում էր մահճակալի տակ, մայրն անակնկալ ներս էր մտել:

«Մաման հարցրեց՝ ինչպե՞ս ես գնացել, քեզ ոնց գիրք տվեցին: Խոստովանեցի, որ իր անձնագիրն էի վերցրել: Մաման զայրացավ, բայց ոչ թե անձնագիրը վերցնելու համար, այլ այն պատճառով, որ տեսողության հետ կապված խնդիրներ ունեի ու չափից շատ գրքեր էի բերել կարդալու…Մի հարեւան ունեինք, այդ առիթով մամային բարբառով ասում էր՝ ես իմ երեխեքին թակում եմ (ծեծում եմ-Գ.Հ.), որ կարդան, դու քո երեխեքին թակում ես, որ չկարդան»,- հիշում է Արփինե Հովհաննիսյանը:

Մեր զրուցակիցը չի թաքցնում՝ այսօր էլ երեխա ժամանակվանից ունեցած մի թուլություն մնացել է. «Քաղցրի նկատմամբ անթաքույց սեր ունեմ: Ինձ տեսնողները երբեք չեն հավատա, որ ես այդքան քաղցրակեր եմ, նույնիսկ երեկոյան ուշ ժամերին, հատկապես ֆուտբոլ նայելիս, կարող եմ, օրինակ, թխվածք ուտել:

ֆուտբոլասեր պապիկի հետ

Ի դեպ, ֆուտբոլի հանդեպ սերը պապիկիցս է ինձ անցել: Հիմա ինքն այլեւս չկա…Պապիկիս հետ ֆուտբոլ էինք նայում դեռ 1994 թվականից: Մարզադաշտ չէինք գնում, պապիկս ասում էր՝ պետք չի, որ աղջիկները գնան մարզադաշտ, այնտեղ հայհոյում են (ժպտում է-Գ.Հ.): Չնայած հիմա, ցավոք, ամեն քայլափոխի են հայհոյում: Մեր ազգը դարձել է հայհոյող, հայհոյում են անգամ կանայք:

Հիշում եմ, 1994 թվականին, երբ Իտալիան պարտվեց, ես գնացել սենյակում փակվել ու լաց էի լինում, իսկ պապիկս եկել, ինձ հանգստացնում էր, ասում էր՝ ոչինչ, մեկ-մեկ այդպես էլ է պատահում: Ասեմ, որ սիրած թիմերը Իտալիան և Իսպանիան են՝ հավաքականների մակարդակով, իսկ ակումբի մակարդակով՝ «Ռեալ Մադրիդը»:

Ուսանողական տարիների հետ կապված հիշողությունները եւս շատ են. «Վերջերս ընկերուհիներիցս մեկն էր եկել, որ ԱՄՆ-ում է ապրում ու դասավանդում, հանդիպեցինք ու ընկերուհիներով հիշեցինք ուսանողական տարիների հետաքրքիր դրվագները, մեր դասախոսներին, օրինակ, թե ոնց էինք մի անգամ ամբողջ կուրսով որոշել դասից փախչել, բայց երկու հոգի դեմ էին, ու այդ «դավաճաններին» ինչպես անարգանքի սյունին գամեցինք:

Հիշել էինք, թե քննությունների ժամանակ ով՝ ում կողքին էր նստում, ոնց էինք իրար օգնում…Համակուրսեցիներս միշտ ասում էին՝ Արփին, այդպես չի լինի, դու ոչ մի անգամ չես բռնվում, բայց խնդիրը չբռնվելը չէր։ Ուղղակի ես գերադասում էի երբեւէ անպատրաստ չմտնել քննության, որովհետեւ հաստատ կբռնվեի, իմ դեմքից կերեւար։ Հիմա, երբ արդեն դասավանդում եմ, ուսանողներիս հոգիների հետ եմ խաղում: Թողնում եմ՝ արտագրում են, վերջին 72-րդ րոպեին «բռնացնում» եմ: Ասում են՝ ընկեր Հովհաննիսյան, գոնե մի տասնհինգ րոպե գրելուց հետո բռնացնեիք էլի, ոչ թե վերջին պահին: Ախր շատ դաժան է (ծիծաղում է-Գ.Հ.)»:

Ոճային, բայց բրենդամոլ չլինելու մասին

Այն դիտարկմանը, որ ինքն ընկալվում է քաղաքական դաշտի ամենաոճային կանանցից մեկը, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ դրա համար հատուկ ջանքեր չի գործադրում, որեւէ մեկի խորհուրդն էլ այդ առումով չի լսում, չունի պրոֆեսիոնալ ոճաբան, որի հետ խորհրդակցում է: Հագուկապը պայմանավորված է գույների և ոճի ներքին ընկալմամբ, զգացողությամբ եւ տրամադրությամբ. «Ամեն օրվա ոճի եւ գույնի ընտրությունը պայմանավորված է ներսումս եղած հույզերով: Կոնկրետ օրվա հագուկապից կարելի է ենթադրել, թե ինչ եմ ուզում ասել: Ի դեպ, ավելի երիտասարդ տարիքում մուգ գույների սիրահար եմ եղել, հիմա ավելի վառ գույներն եմ նախընտրում»:

Նախընտրած բրենդ, ապրանքանիշ չունի: «Ինձ համար որեւէ բրենդ չունի առավելություն, ես ինձ բրենդամոլ չեմ համարում: Հագուստը պետք է լինի զուտ մարդու դիմագիծն արտահայտող եւ մարդու անհատականությունն ընդգծող»,- փաստում է նա:

Հետաքրքրվեցինք խոհարարական հմտություններով: Ասաց, որ ժամանակը չի ներում խոհանոցում երկար անցկացնելու համար. «Ես չեմ պատրաստում ժամանակի սղության պատճառով, բայց եթե պատրաստում եմ, ասում են՝ շատ համեղ է ստացվում: Ունեմ ֆիրմային ուտեստներ, ինչպես, օրինակ, սալորաչրով եւ տավարի մսով աղցանը կամ ավոկադոյովը»:

Ասում է նաեւ, որ աշխարհի ամենահամեղ ուտելիքները մայրիկի պատրաստած բացառիկ սպասն ու թփով տոլման են: Որ ժամին ու որտեղից էլ վերադառնալիս լինի, մայրիկի սպասն իրեն է սպասում:

«Միշտ խիզախություն եմ ունեցել թիմի ներսում բարձրաձայնելու անհամաձայնությունների մասին»

«Ժամանակին, երբ քաղաքականության մեջ առաջին քայլերս էի անում, հանրային բացասական արձագանքի մի զգալի հատված կրեցի ինձ վրա: Կարելի է ասել, իմ օրինակով այլոց համար որոշ դեպքերում ճանապարհ եմ հարթել։ Հիմա կնոջ ներկայությունը քաղաքական դաշտում չի ընկալվում այնքան սվիններով, որքան ընկալվում էր այն ժամանակ»,- փաստում է մեր զրուցակիցը:

Նա հավելում է, որ թեեւ Հայաստանում շատ է խոսվում կնամեծարության մասին, հանրությունն իրականում այդպիսին չէ. «Կնոջ դերի հետ կապված մենք կարող ենք մեծարանքի ցերեկույթներ եւ երեկոներ նվիրել կանանց, բայց իրականում մեր ներսում ունենանք մեր պատկերացումները, որ կնոջ տեղը խոհանոցն է: Մինչդեռ կնոջ դերը ընդգծվում է նրա նկատմամբ վերաբերմունքով, նրանով՝ ինչպես են վերաբերվում ընդդիմախոս կանանց, կանանց, որոնք ասում են մտքեր, որոնց հետ շատերը համամիտ չեն: Դա է իրականում ցույց տալիս հանրային հարգանքի մակարդակը՝ կնոջ հանդեպ: Ցավոք, ամենավատ բանը, որ մեր հասարակության մեջ կատարվում է, այն է, որ երբ բոլոր փաստարկները սպառվում են, հիշում են, որ դու կին ես։ Կնոջ պրոֆեսիոնալությունը գնահատելու փոխարեն, թիրախավորվում է նրա սեռային պատկանելությունը՝ այն համարելով թերություն»։

Մեր հարցին՝ եղել է եւ օրենսդիր մարմնում, եւ գործադիրում, հիմա էլ հասարակական ոլորտում է՝ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հ/կ- նախագահն է, արդյոք իր որակների մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց՝ պաշտոնն իր համար երբեւէ նպատակ չի եղել. «Այն եղել է միջոց՝ ինչ-որ բան փոխելու, ավելի լավը դարձնելու համար, պայքարելու, թեեւ հարվածներ կրելով, ցույց տալու, որ այս երկրում ինչ-որ բան այնպես չէ, ոլորտում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։

Իմ պաշտոնավարման ընթացքում նույն թիմում՝ ես նաեւ անհամաձայնություններ եմ ունեցել, սակայն միշտ խիզախություն եմ ունեցել ասել,որ համաձայն չեմ որեւէ տեսակետի հետ:

Հաճախ չէր պատահում, որ մեր քաղաքական թիմի անդամները միմյանց հրապարակավ քննադատեին, սակայն դա ամենեւին չէր նշանակում, որ որոշումները չէին ընդունվում թեժ քննարկումների արդյունքում։ Հիմա չգիտեմ՝ այսօրվա իշխանության ներկայացուցիչները ունե՞ն այդ խիզախությունը ներսում խնդիրներ բարձրաձայնելու: Ներքին ազնվությունը պահանջում է, որ գոնե ներսում խնդիրների մասին խոսվի:

Իմ մոտեցումները չեն փոխվել։ Հանգամանքները կարող են փոխվել, սակայն ինձ համար ուղենիշային սկզբունքները՝ ոչ։ Այսօր էլ որպես այլընտրանքային կարծիք հնչեցնող՝ ես փորձում եմ մատնացույց անել այն խնդիրները, որ առկա են: Նույն կերպ կբարձրաձայնեի այդ մասին, եթե լինեի թիմի ներսում:

Մարդն այն ամենն է, ինչ իրեն ներշնչել է, ինքն է իրեն կերտում, յուրաքանչյուր մարդ իր մտքերի, գործողությունների, իր ներշնչանքի առարկան է եւ արդյունքը: Ինչ եմ ստացվել ես, թե ինչպիսին եմ ես՝ իմ պաշտոններով պայմանավորված չի եղել, թեեւ այդ տարիներն ինձ օժտել են առանձին հատկանիշներով, ավելի ուժեղ են դարձրել եւ կոփել։»:

«Ես մարդկանցից սկսեցի չակնկալել այն, ինչ իրենք ինձ չեն կարող տալ»

Կա՞ն դրվագներ, որ հիասթափեցրել կամ ոգեւորել են իրեն: «Իհարկե…Ժամանակն ինձ սովորեցրել է հիասթափություններս սահմանափակել: Դա պայմանավորված է նրանով, որ ես մարդկանցից սկսեցի չակնկալել այն, ինչ իրենք ինձ չեն կարող տալ: Ընկերական, գործնական և առհասարակ բոլոր տիպի հարաբերություններում հիասթափությունները հաճախ մեր սխալ ակնկալիքների հետեւանքն են:

Մենք պետք է սովորենք մարդկանցից չակնկալել այն, ինչ իրենք չեն կարող տալ: Ինքս սովորաբար հիասթափվում եմ շատ մտերիմ մարդկանցից, որոնց հետ մտերմությունը թույլ է տվել ակնկալիքներ ունենալ, սակայն այդ ակնկալիքները չեն արդարացել: Ոգեւորվում եմ փոքր բաներից կամ առանձին փոքր դրվագներից, օրինակ՝ ուսանողիս ջերմ վերաբերմունքից։ Ոգեւորությունն ինձ համար ե՛ւ առավելություն եմ համարում, ե՛ւ թերություն: Թերություն, որովհետեւ ոգեւորության արդյունքում կարող է զգացմունքային որոշում կայացնեմ, թեեւ սովորել եմ հաշվել մինչեւ տասը, հետո նոր որոշում կայացնել: Բայց, այնուհանդերձ, չեմ ուզում կորցնել մարդկանցով ոգեւորվելու, մարդկանց հավատալու կարողությունս: Պետք է ընդունել վերջնական հիասթափությունը, սակայն երբեք չկորցնել հույսը դեպի ազնիվը»,-նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ ասում են քաղաքականությունն անբարոյականություն է, կարո՞ղ է մարդը լինել քաղաքականության մեջ եւ պահել իր դեմքը, մնալ բարոյական, Արփինե Հովհաննիսյանը պատասխանում է. «Քաղաքականությանն այդպիսի բնութագրում տալուն համամիտ են այն մարդիկ եւ այդ բնութագրությունը հոգեհարազատ է այն մարդկանց, որոնք սեփական անբարոյականությունը փորձում են արդարացնել քաղաքականության մեջ իրենց գտնվելու հանգամանքով: Քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան մարդկային հարաբերություններ։ Որոշումը լինել այդ հարաբերություններով ազնիվ, թե ոչ, միայն քոնն է։

Եթե պրիմիտիվացնեմ՝ երբ քաղաքականության մեջ ուզում ես ինչ-որ անբարո քայլ անել եւ ասում ես՝ դե լավ, քաղաքականություն է, կարելի է անել, ուրեմն դու քո լուման ես ներդնում քաղաքականությունը անբարոյական համարողների շարքը համալրելու մեջ: Ես այն կարծիքին չեմ, թե կարելի է ստահակություն անել եւ ասել՝ դե քաղաքականության մեջ նորմալ է:

Ես հարվածներ ստացել եմ նրա համար, որ չեմ կարողացել այդպես մտածողներին համապատասխան հարված հասցնել: Ես համարում եմ, որ մարդու հիմնական խնդիրը մարդ մնալն է, սեփական եսին հավատարիմ մնալը: Դա չի նշանակում վերերկրային բաներ, դա նշանակում է արժեքների եւ ներքին արգելքների համակցություն: Քո ներսում դու պետք է ունենաս՝ ինչն է քեզ կարելի, ինչը ոչ: Չի կարելի, որովհետեւ դու այդ արժեքն ես սահմանել։ Ամենամեծ խնդիրը հանրության մեջ ծագում է, երբ մարդիկ սկսում են բարոյականության սահմանների մասին մոռանալ: Երբ գծված չէ բարոյականության սահմանը, թե անձնավորված, թե քաղաքական թիմերի, մենք կորցնում ենք ամենակարեւորը: Բարոյականությունից զուրկ գործունեությունն ի վերջո բերում է հոգեւոր սնանկության։ Մենք, ցավոք սրտի, հիմա այդ ճանապարհին ենք»:

«Նոր Հայաստանը գեղեցիկ պաթոս է»

Մեր զրուցակցին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում «Նոր Հայաստան» արտահայտությանը:

«Ես դա համարում եմ պոպուլիստական ժանրի մեջ օգտագործվող եզրույթ… չկա Նոր Հայաստան, չկա Հին Հայաստան՝ ոչ մի առումով: Սա մեր հայրենիքն է՝ իր շոշափելի եւ ոչ շոշափելի արժեքային համակարգով, իր սահմաններով, մարդկանցով, գոյություն ունեցող արժեհամակարգով, բարոյական արժեքներով եւ ընկալումներով:

Նոր ու հին չկա: Եթե մտածում են, որ կան նոր արժեքներ, նոր մոտեցումներ սխալվում են: Հնում էլ կան բազմաթիվ դրսեւորումներ նորից, նորում էլ կան հնից բազմաթիվ դրսեւորումներ: Հեքիաթներ պետք չէ պատմել, Նոր Հայաստանը գեղեցիկ պաթոս է, որոնք քաղաքական գործիչները օգտագործում են մարդկանց հուզականի վրա ազդելու համար: Չէ՞ որ այն մարդիկ, որոնք ապրել են մեկ-երկու տարի առաջ, իրենց խնդիրներն էլի նույնն են մնացել: Թող յուրաքանչյուրը նայի իր կյանքում արդյոք ինչ-որ բան փոխվե՞լ է»,-պատասխանեց ԱԺ նախկին փոխխոսնակը:

Մեր զրույցում անդրադարձ եղավ քաղաքական թիմերում կլանային մտածողությանը: «Պրոֆեսոր Շաքարյանը մի աշխատություն ուներ, որը շատ լուրջ քննարկվում էր հայկական հոգեբանության մեջ կլանային էթնոհոգեբանության առկայությունը…

Մենք, մեր թիմը, մերոնք, մեր կուսակցությունը…Սա կլանային էթնոհոգեբանության վառ դրսեւորումներից է եւ բնութագրական է մեզ՝ հայերիս: Դրանով է պայմանավորված նաեւ փոքր Հայաստանի համար բազմաթիվ կուսակցությունների գոյությունը:

Ամեն տեղ աշխատում է «մենքը», թիմի ներսում կան այդ հոգեբանության կրողները: Մինչդեռ պետք է կարողանաս երբեմն դրանից տարանջատվել եւ սկսել այլ կերպ մտածել: Երբ սկսում ես մեր, մենք, մեզ… սկսում ես հիվանդագին արդարացնել այն ամենը, ինչ կա քո թիմի ներսում, եւ հիվանդագին քննադատել, ինչ քոնը չէ»,-ընդգծեց նա:

Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ պաշտոնյա եղած տարիներին միշտ փորձել է մի երանգով մարդկանց կյանքն ավելի լավը դարձնել: Խնդրեցինք օրինակներ բերել: «Օրինակ, միակ բնակարանի նախագիծը: Հարկադիր կատարման ծառայության հետ համատեղ փորձեցինք կանոնակարգել, որ եթե մարդու միակ բնակարանն է, հնարավոր չլինի նրա ձեռքից վերցնել: Եղել են բազմաթիվ այլ փոփոխություններ: Վարորդները կհիշեն՝ ես երկու-երեք անգամ նախաձեռնություններ եմ ներկայացրել եւ տուգանքների համաներման հետ կապված, եւ նախազգուշացումների: Կամ՝ մեկ պատուհանի գրասենյակ, մեկ պատուհանի կանգառը… Փորձել եմ այդ ժամանակվա օրենսդրության, քաղաքական թիմի ընկալումների շրջանակում ինչ-որ բան անել մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար: Մի բան ստացվել է, երկրորդը չի ստացվել, կամ երրորդը գուցե պակաս լավ է ստացվել»,- նշեց նա:

Համալսարանի բակում միայնակ զբոսնելու, Մոնումենտում մեքենա վարելու ու ճամփորդելու մասին

Խոսք գնաց ճամփորդելու մասին, ասաց, որ շատ է սիրում ճամփորդել, նոր բան բացահայտել, առերեսվել պատմության հետ. «Այդպես հասկանում ես մարդկային պատմության ընթացքը, այն, որ ցանկացած երեւույթ ու ընկալում այնքան հին է, որ դու ոչինչ չես կարող ավելացնել, որ նոր ամերիկաներ չես կարող հայտնաբերել: Դրա համար էլ ժպիտով եմ վերաբերվում Նոր Հայաստան արտահայտությանը: Դա նույնն է, որ ասես՝ նոր Իտալիա, հին Իտալիա կամ նոր Իսպանիա, հին Ֆրանսիա եւ այլն:

Ամենասիրածս երկիրը Իտալիան է, քաղաքները՝ Հռոմը եւ Ֆլորենցիան: Երբեք չեմ մտածել Հայաստանից հեռանալու մասին: Եվ եթե երբեմն պատում են նման մտքեր, շատ արագ փորձում եմ ինձանից հեռացնել: Դրսում գտնվելն ինձ համար ընդամենը միջոց է ինչ-որ բան բացահայտելու, բայց դա իմը չէ: Հուսամ` մի օր ստիպված չեմ լինի փոխել միտքս:

Ամեն մարդ իր գործողությունների համար պատասխանատու է, բայց ոչ մեկին բացատրելու կարիք չունի իր կայացրած որոշումների անհրաժեշտությունը: Խոսքն, իհարկե, վերաբերում է այն դեպքերին, երբ դրանք չեն ոտնձգում ուրիշի ազատությունը»:

Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ ժամանակի բերումով չի հասցնում շատ ֆիլմեր դիտել, փոխարենն անընդհատ կարդում է։ Նշում է՝ այս պահին ընթերցում է Յուվալ Նոահ Հարարիի «Սափիենսը», որը մարդկության պատմության հետաքրքիր մեկնաբանությունն է: Նաեւ աշխարհաքաղաքական ընկալման առումով կարեւոր գրքեր է ընթերցում, ընդ որում, իր խոսքերով, վատ սովորություն է ձեռք բերել՝ միանգամից մի քանի գիրք զուգահեռ է կարդում:

Արփինե Հովհաննիսյանը շատ սիրում է մեքենա վարել, եւ երբ ուզում է մտքերի հետ մենակ մնալ, երեկոյան ժամերին մեքենայով Մոնումենտում է շրջում: Սիրում է զբոսնել համալսարանի բակում, երբ մարդ չկա ու հաճախ է լինում Դիլիջանում:

Նվերներ ստանալիս ու տալիս կարեւորում է դրանց նշանակությունը. «Ինձ համար նշանակություն ունի, թե ով է նվիրողը, որովհետեւ նվերի մեջ խորհուրդ կա: Իմ ծննդյան օրերի առիթով մայրս միշտ նվեր է անում, դրանք ինձ համար կոնկրետ նշանակություն ունեն, չեմ խոսի դրանց մասին, բայց մայրս գիտի, թե ինչ նկատի ունեմ»:

«Կամուրջներ այրելիս վերջնական եմ այրում»

Հարցին՝ ո՞ր դեպքում կարող է մարդու հետ այլեւս չշփվել, Արփինե Հովհաննիսյանը պատասխանում է, որ կամուրջներ այրելիս վերջնական է այրում, եթե խոսքը մտերիմ մարդկանց մասին է. «Որովհետեւ եթե դու երկրորդ անգամ մարդուն շանս ես տալիս, դու շանս ես տալիս երկրորդ անգամ քեզ ցավեցնել: Այդպես երկրորդ անգամ էլ կարող է հիասթափվել, իսկ ես ցանկություն չունեմ մարդուն դնել մի վիճակի մեջ, երբ մեղքի զգացողությունը պետք է ստիպի իրեն անել գործողություններ, որոնք իր էությունից չեն բխում»:

Երբեւէ էլի կվերադառնա՞ քաղաքականություն: Այս հարցին էլ մեր զրուցակիցը հետեւյալ կերպ է պատասխանում. «Ես չեմ ասել, որ չեմ վերադառնալու քաղաքականություն։ Քաղաքականությունը ոչ ինչ-որ բան է, որի հետ կապերս խզել եմ, ոչ էլ ինչ-որ բան է, որի հետ դեռ ամուր կապված եմ։ Բնականաբար, կյանքում ոչինչ պետք չէ բացառել, այդ թվում՝ քաղաքականություն վերադառնալը։»:

Ասում է՝ մայրիկից բավականին լավ գծեր է ժառանգել, բայց դրանց մասին չի խոսի, որ ինքնագովազդ չստացի, ասում է, որ մայրը մարդկանց մեջ միշտ լավն է տեսնում, նաեւ իր ամենամեծ քննադատն է. «Ինձ մոտ էլ ինքնաքննադատությունը շատ բարձր մակարդակի վրա է դրված, դա եւ ինձ օգնում է, եւ խանգարում է: Օգնում է, որ հանցավոր ինքնասիրահարվածություն ձեռք չբերեմ, ինքնավստահության ավելորդ նոպաներ չունենամ: Դա այսօրվա քաղաքական թիմի մեջ էլ կա եւ խանգարում է: Իմ պարագայում եւ մայրս է ինձ քննադատում, եւ ինքս՝ ինձ»:

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեի եւ գլխավոր քարտուղար Վոյչեխ Սավիցկիի հետ

Տիկին Հովհաննիսյանը քաղաքականության մեջ արած քայլերի համար երբեւէ չի զղջացել: Ասում է՝ գուցե եթե շանս ունենար, ինչպես շատ մարդիկ կրկին այդ իրավիճակում գտնվելու, մի քիչ այլ կերպ կվարվեր. «Քաղաքական այն վարքագիծը, որ դրսեւորել եմ, այն քաղաքական ընտրությունը, որը կատարել եմ (վերջին շրջանը նկատի ունեմ), գուցե իմ լավագույն շահից չէր բխում, բայց համարում եմ, որ դա այն պատասխանատվությունն է, որ մարդը պետք է կրի, որովհետեւ անթույլատրելի է քայլել բարոյական արժեքների վրայով։ Ի վերջո, ցանկացած մարդու բնավորության ամրությունը ստուգվում է նրանով, թե արդյոք նա կարո՞ղ է մինչեւ վերջ գործել իր սկզբունքներին համապատասխան։»:

Հումորով հարցեր լուծելու ու Ֆեյսբուքում փողով հայհոյելու մասին

Իսկ եղե՞լ է իրավիճակ, որ հումորն է փրկել: Պարզվում է՝ մեր զրուցակիցը հաճախ է սուր անկյունները հումորով հարթել:

ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ

«Հումորը շատ տարբեր իրավիճակներում է փրկել: Հիշում եմ ԵԽԽՎ 2015 թ. ամառային նստաշրջանի ժամանակ մոնիտորինգի հանձնաժողովում պետք է քննարկվեր Ադրբեջանին վերաբերող հարց, որտեղ Հայաստանի վերաբերյալ շատ վատ ձեւակերպում կար; Մենք ամբողջ պատվիրակությամբ պայքարում էինք դա չեզոքացնելու համար: Հանձնաժողովի անդամների մեջ կային մարդիկ, որոնք չէին ուզում մեզ վատություն անել, բայց ադրբեջանական պատվիրակության քաղաքական որոշակի ազդեցության գոտում էին գտնվում:

Ճաշի ժամանակ խոսում եմ նրանցից մեկի հետ, ասում եմ՝ լավ, ոնց կարող ես մեզ օգնել։ Ասում է՝ ախր ես եթե ներկա եմ, պետք է անպայման քվեարկեմ: Ասացի՝ կարո՞ղ եմ խնդրել, ասենք՝ քնած մնաս ու չգաս քվեարկության …Համաձայնեց: Մյուս անդամի հետ էլ խոսեցի, խնդրեցի, որ նա էլ քվեարկության պահին գնա ծխելու: Մտածեցի, որ սա տակտիկա է, որ կարելի է բանեցնել «դեմ» ձայները քչացնելու համար: Հումորով այդ պահին ավելի հարմար էր հարցեր լուծելը, քան բարդ տեքստեր ասելով: Եվ այդպես հաջողեցինք»,- հիշեց տիկին Հովհաննիսյանը:

Մեր զրույցի ժամանակ ֆեյքերի աղմկոտ թեմային էլ անդրադարձ եղավ: «Ինձ մոտ երկակի զգացողություն կա, ավելի շատ խղճահարության զգացողություն այն մարդկանց հանդեպ, որոնք փողով հայհոյանք են գրում: Դա փաստում է մարդու ագրեսիվությունը, չբավարարվածությունը, իր կյանքի չստացված լինելը:

Ինչքան պետք է չարացած լինես, որ չարությունդ այդպես արտահայտես: Երկրորդ դեպքում էլ խղճահարությունը կա, բայց այս անգամ ուրիշ հիմքով՝ ինչքան անզոր ու ապիկար պետք է լինեն, որ փոխանակ հավելյալ արդյունք ստեղծող մի աշխատանքով զբաղվեն, գումարով Ֆեյսբուքում հայհոյանք գրող են աշխատում: Սա արժեհամակարգ է… Թող ամեն մեկը պատասխանի՝ ինքը պատրաստ է դա անել, ինքը այնքան բան չի կարողանում անել, որ գումարով հայհոյո՞ւմ է»,- զարմացած է Արփինե Հովհաննիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Արփինե Հովհաննիսյանի արխիվից եւ Լիլիան Գալստյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ says:

    Օսկար Ուայլդն ասում էր` այն տղամարդը, որը փնտրում է մի կին, որ միաժամանակ լինի գեղեցիկ, խելացի և ազնվական նկարագրի տեր, ստիպված է լինելու երեք կին փնտրել: Մեր սքանչելի Արփինեին տեսնելու դեպքում, հանճարեղ գրողը կփոխեր իր կարծիքը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930