«10 ամսվա ընթացքում Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 51000-ով, դա աշխատաշուկայի 10 տոկոսն է»,- ապրիլի 11-ին Ստրասբուրգի Association parlementaire Europeenne-ում հայության հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ առաջին եռամսյակի տվյալներով ՀՀ բյուջեի եկամտային մասը տասնմեկ միլիարդ դրամով գերակատարվել է, այս տարվա բյուջեի եկամտային մասը քառասուն միլիարդ դրամով գերակատարվելու է.«Սա նշանակում է, որ մենք ճանապարհներ ենք կառուցելու, մեր զինվորականության աշխատավարձը 10 տոկոսով հուլիսի մեկից բարձրացվելու է, իսկ սեպտեմբերի մեկից բարձրացվելու է ուսուցիչների աշխատավարձը, արդեն տասնհինգ հազար բուժաշխատողների աշխատավարձերը հունվարի 1-ից բարձրացրել ենք, 82 հազար նպաստառուների եւ թոշակառուների նպաստները բերել ենք համապատասխանեցրել նվազագույն պարենային զամբյուղի..»:
Վարչապետը խոսեց տնտեսական ակտիվության ցուցանիշներից ու տարակուսանք հայտնեց այն հայտարարությունների հետ կապված, որոնցում նշվում է, թե կառավարությունը տնտեսական ռազմավարություն չունի:
«Էդ բոլոր մարդիկ, որ խոսում են, տնտեսական ռազմավարություն իրենց պատկերացումը գիտե՞ք որն է, որ կառավարությունը տարբեր բիզնեսների մեջ փայ պետք է մտնի, զարմանում են, որ կառավարությունը չի ասում էս ինձ տուր, դրա համար դիսկոմֆորտ են, վատ են զգում: Հայաստանի ավանդական բիզնեսը սովոր չի, որ այսպես պետք է աշխատի, որովհետեւ մենք իրեն ասում ենք՝ եղբայր քեզանից բան չենք ուզում, գնա քեզ համար աշխատի, հարկ վճարի…Իրենք չեն հասկանում…Հայաստանի տնտեսական էլիտան շոկի մեջ է, մտածում է՝ լավ, մեզանից ոչինչ չեն ուզում, միայն ասում են հարկ վճարի, բա հիմա սրանք մեզ որտե՞ղ են քցում»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ