Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի՝ դիպլոմ կեղծած քեռու տղան պայքարում էր հանցագործության դեմ. «Դիլիջան» ազգային պարկի փոխտնօրեն

Ապրիլ 11,2019 18:26

«Դիլիջան » ազգային պարկի փոխտնօրեն Ռոբերտ Բեգլարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի քեռու տղան՝ Մամիկոն Հովհաննիսյանը, մի քանի օր է՝ իրենց մոտ աշխատանքի է ընդունվել. «Այդ տղային շատ լավ եմ ճանաչում, իր հետ մոտիկ հարաբերություններ ունեմ, նման բան չի կարող լինել իր հետ, աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա»:

Պարոն Բեգլարյանը նաեւ զարմացավ ու հարցրեց՝ ով է ասել, որ իրենց մոտ չարաշահում է եղել. «Ինձ էլ ասացին, որ գրված է՝ Իջեւանում է եղել, Դիլիջան ազգային պարկը Իջեւանի հետ ոչ մի կապ չունի…ինքը ինչ պետք է արած լինի, ինքը պայքարում է հանցագործության, գողության, չգիտեմ՝ ինչի դեմ, ինքը իրեն թույլ չի տա, որ ԱԱԾ-ն իր վրա գործ հարուցի»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Facebook-ի իր էջում գրառում էր արել, թե. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:

Իսկ այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց. «2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով ՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930